Այս տարի՝ մայիսի 12-27-ը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթին կրկին ոչ ոք չի առաջադրել դեկանի թեկնածություն։ Ինչի հետևանքով չի կայացել հունիսի 11-ին նախատեսված ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը ։
Հիշեցնենք, որ այս ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով նախորդ տարի էլ՝ հուլիսի 11-25-ը, հայտարարվել էր մրցույթ, և կրկին չկային դիմողներ։
Այս պահին ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանն է։ Aravot.am-ը Պարգև Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրում այն հանգամանքը, որ երկրորդ տարին անընդմեջ չի առաջադրվում ֆակուլտետի դեկանի թեկնածու։
«Այդ հարցի պատասխանը չունեմ, չգիտեմ։ Այս պահին բացատրություն չունեմ։ Ինչ վերաբերում է ինձ, ես չեմ ուզել։ Առանձնապես պատճառներ չկան, ուղղակի չեմ ուզել այդ պաշտոնի համար դիմել»,- ասաց Բարսեղյանը։
Մեր հարցին՝ ի՞նչ հիմքով է նախկին դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը պաշտոնավարման ավարտից հետո շարունակում գտնվել ֆակուլտետում և օգտագործել դեկանի աշխատասենյակը։ Պարգև Բարսեղյանը պատասխանեց. «Ֆակուլտետի աշխատող է, ինչու չպետք է տեսնեն ֆակուլտետում, նա այժմ ծիսագիտություն է դասավանդում»։
Անդրադառնալով Անուշավան սրբազանի զբաղեցրած դեկանի աշխատասենյակին՝ ասաց, որ դա լրիվ ուրիշ հարց է. «Դեկանի աշխատասենյակն իմն է, ես ունեմ»։
Մեր դիտարկմանը, թե տարիներ շարունակ հենց այժմ Անուշավան սրբազանի զբաղեցրած սենյակն է եղել ֆակուլտետի դեկանի աշխատասենյակը, Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Դա Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տնօրենի աշխատասենյակն է, իսկ Անուշավան սրբազանն այդ ինստիտուտի տնօրենն է»։
Իսկ թե ինչու հենց Անուշավան սրբազանը չի առաջադրում դեկանի թեկնածություն, Բարսեղյանն ասաց, որ տեղյակ չէ. «Եթե ուզեր, կդիմեր էլի»։
Ճշտող հարցին՝ իսկ ռեկտորատից ձեզնից անձամբ չե՞ն հետաքրքրվել, եթե դեկանի պաշտոնակատար եք, ինչու չեք ցանկացել դեկանի թափուր հաստիքի համար թեկնածություն առաջադրել, Բարսեղյանն ասաց՝ ոչ. «Այդպիսի խոսակցություն չի եղել»։
Մեր հարցին, թե այդ ֆակուլտետի դեկանի թափուր տեղի հանգամանքը կապո՞ւմ է եկեղեցի-իշխանություն տարաձայնությունների հետ, պատասխանեց. «Ես այդ հարցերով չեմ զբաղվում»։
Հիշեցնենք, որ Անուշավան սրբազանը Մայր Աթոռի դեմ դուրս եկած եպիսկոպոսներից է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































