Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի կողմից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ բանտային կալանքը տնային կալանքով փոխելուց հետո ակտիվորեն խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Վարդան Ղուկասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կա կուլիսային համաձայնություն, այսինքն՝ իրեն և տղային՝ Սպարտակին, ազատ կարձակեն բանտերից, փոխարենը իրենք Գյումրու իշխանությունը առանց դիմադրության կզիջեն ՔՊ-ականներին՝ այսպիսով ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը։
Իսկ թե ինչպես կզիջեն, կա հեշտ ճանապարհ․ Վարդան Ղուկասյանի փեսան, որը Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալն է և այս պահին քաղաքապետի պաշտոնակատարը, կվերցնի մանդատը և կդառնա պատգամավոր։ Նա «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորների շարքում է։ Եթե նա գնա պատգամավոր, ըստ քաղաքական մեկնաբանների, սա նշանակում է Գյումրու իշխանություն սկուտեղի վրա մատուցել ՔՊ-ականներին։
Կուլիսային պայմանավորվածության մասին խոսակցությունները շրջանառվեցին այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին՝ Գյումրու ավագանու նիստից անմիջապես հետո Ավետիս Առաքելյանը խոսեց այն մասին, որ երկու օր անց կլինի Վարդան Ղուկասյանի վճիռը և նրան հիմք չունեն չարդարացնելու։
Լրագրողներից մեկի հարցին, թե ձեր մանդատ վերցնելու հարցը քննարկե՞լ եք պարոն Ղուկասյանի հետ, Ավետիս Առաքելյանը պատասխանել էր․ «Դեռ էդպիսի քննարկում չենք ունեցել Վարդան Ղուկասյանի, սպասում ենք ամիս 17-ին արդար վճիռ կայանա և պարոն Ղուկասյանը գա, մասնակցի իր աշխատանքներին»։
Կարդացեք նաև
Իսկ մինչ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի փոխելը, մեկ շաբաթ առաջ փոխվել էր նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը, դարձյալ բանտային կալանքից նրան տնային կալանքի էին ուղարկել։
Այսօր Ավետիս Առաքելյանը տեսանյութով անդրադարձել է այս խոսակցություններին՝ կտրականապես հերքելով, որ Վարդան Ղուկասյանի նման սկզբունքային մարդը կգնար կուլիսային պայմանավորվածությունների։
«Վարդան Ղուկասյանին ճանաչում են և՛ Գյումրի քաղաքում և՛ Հայաստանի Հանրապետությունում և գիտեն, որ կուլիսային համաձայնություններ չեն կարող լինեն, ես նույնպես չկամ էդպիսի բաների մեջ, երևի թյուրըմբռնում է եղել հուլիսի 15-ին իմ տված հարցազրույցի շուրջ, թեև ես շատ պարզ և հանգամանալից ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ իմ իրավաբանական կրթությունն է ինձ թույլ տվել վերլուծել, որ դատավորն այլևս չունի այդ գործիքակազմը քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պահելու կալանքի տակ։
Պարոն Ղուկասյանը հիմա էլ է գտնվում կալանքի տակ, տնային կալանքի տակ է՝ համակցված խիստ սահմանափակումներով․ շփվել, չհաղորդակցվել, 15 միլիոն դրամ գրավ։
Լրատվամիջոցները չգիտեմ որտեղից են ֆինանսավորվում և ինչ պատվեր են կատարում, բայց կոնկրետ կարող եմ ասել՝ մենք ոչ մեկին կալանք չենք ցանկանում, այլ ընդհակառակը բոլոր քաղբանտարկյալներին ազատություն ենք ցանկանում րոպե առաջ, վայրկյան առաջ, այսքանը։
Թող Աստված բոլորիդ խելք ու շնորհք տա, որ հասկանաք՝ մենք պարզ ու շիտակ ենք, Վարդան Ղուկասյանը միշտ բաց, պարզճակատ արտահայտվել է այն, ինչ գիտի և կատարել է այն, ինչ մտածել է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Գյումրի քաղաքի»,-տեսանյութում ասում է Ավետիս Առաքելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































