«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
««Ոսկե Ծիրանն», ինչ խոսք, մեր մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումներից է, որն, ի դեպ, բազում ծրագրերի կողքին, հունավորվել է նախկինների օրոք՝ 2004-ին, և այսօր շարունակում է լինել Հայաստանի միջազգային մշակութային այցեքարտերից մեկը։
Այցեքարտ լինելուց անդին՝ «Ոսկե Ծիրանը», նախևառաջ, երկխոսություն է համաշխարհային մշակույթի՝ լեզու, ազգություն և, առհասարակ, սահմաններ չճանաչող բարձր արվեստի հետ, նույնն է թե՝ քաղաքակրթության հետ, համամարդկային արժեքների հետ։
Երեկ այդպիսի օրերից մեկն էր․ Կինոյի տանը հաճույքն ու բարեբախտությունն ունեցա վայելելու Անտոնեն Բոդրիի «De Gaulle» ֆիլմը, ուր գլխավոր հերոսին՝ Շարլ Դը Գոլին, մարմնավորում է մեր հայրենակիցը՝ Սիմոն Աբգարյանը։
Կարդացեք նաև
Սիմոն Աբգարյանին շատերը պիտի հիշեն Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու կերպավորմամբ։
Ամբողջական ֆիլմը՝ «La Bataille De Gaulle : l’Âge de fer» («Դը Գոլի ճակատամարտը. Երկաթե դար» / De Gaulle: Tilting Iron), վերջերս ներկայացվեց Կաննի կինոփառատոնում՝ եզրափակվելով քսան րոպե չդադարող ծափահարություններով։
Երկու մասից բաղկացած լայնակտավ ֆիլմն, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, սոսկ Դը Գոլի կենսագրությունը չէ, ոչ էլ՝ Ֆրանսիայի տվյալ ժամանակաշրջանի, Երկրորդ համաշխարհայինի պատմական անցքերի էկրանավորումը։
150-ից ավելի կերպարներ և պատմական տարբեր դրվագներ ներառող լայնակտավ, պատերազմական մեծամասշտաբ դրվագներով հագեցած ֆիլմն առաջին, պարզունակ հայացքով է սոսկ պատմական թվում։
Այն ավելի շատ և առավելաբար ՖՐԱՆՍԻԱՅԻ, ՖՐԱՆՍԻԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափարի մասին է՝ Ֆրանսիայի էության մասին։ Նաև՝ ոչ թե Դը Գոլի ճակատագիրն է առանցքում, այլ՝ ԴԸ ԳՈԼ ՖԵՆՈՄԵՆԸ։
Իսկ Դը Գոլի ճակատամարտը սոսկ իր անվան կամ անձի ճակատամարտը չէր։ Նա հաղթեց Ֆրանսիայի ապագա գոյության, ապագա արժանապատվության ճակատամարտը, երբ կապիտուլացված Ֆրանսիայի ոտքի կանգնելն անհնար էր թվում, առավել ևս՝ պատմական խենթություն՝ դիմադրելն ու հաղթելը․․․
Բայց Դը Գոլը, երբ «բարեկամներն» արդեն Ֆրանսիայի նոր քարտեզն էին գծում, անգամ՝ թղթադրամ թողարկում, մերժեց պարտությունն ու հանձնվելը, մերժեց ամոթի խարանը։
Նա մենակ չէր․ նրան հավատում էին Ֆրանսիան սիրող, պաշտող, նրա համար զոհաբերության պատրաստ խենթ ֆրանսիացիները․․․
Ու Դը Գոլի այս հերոսական, մի քիչ ասպետական, մի քիչ դոնքիշոտյան, մի քիչ երկաթյա, մի քիչ հուզական, մի քիչ սարկաստիկ կերպարը մարմնավորել է մեր ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ։
Սիմոնը Դը Գոլին մարմնավորել է անվրեպ, քիչ բառերով, բայց աներևակայելի դիմախաղով, մարմնախաղով, հոգու և աչքերի խաղով, ու դու՝ Հեմինգուեյի այսբերգի հանգույն, լսում ես անգամ չասված բառերն ու ապրումները, համառությունը, սերը, կիրքը, աննահանջությունը, արժանապատվությունը։
Դը Գոլը պայքարում էր և հավատում հաղթանակին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է և անիմաստ։ Սիմոն Աբգարյան-Դը Գոլին հավատում ես, ավելին՝ համոզվում, որ դա է միակ ճանապարհը՝ ինքդ քեզ չկորցնելու ճանապարհը։
Ֆիլմում դաժան, պատերազմական տեսարանները շատ են։ Շատ են հրաշալի դերակատարումները, բայց Սիմոն Աբգարյան-Դը Գոլն է առանցքում, նա է էկրանից լույս, հավատ ու նաև շատ նուրբ, անտեսանելի հումոր տարածում, և, ամենակարևորը՝ հույս և իմաստավոր, անպաճույճ և չսեթևեթող ասպետականություն․․․
Պայքարելու, ինքնությունն ու արժանապատվությունը չկորցնելու գաղափարը շատ է պետք Ֆրանսիային այսօր․ պետք է Եվրոպային, պետք է աշխարհին, օդ ու ջրի պես պետք է մեզ՝ հայերիս ու Հայաստանին։
Անտոնեն Բոդրին՝ ֆիլմի ռեժիսորը, նախկին դիվանագետ է․․․ հավանաբար մեր ժամանակների ողբերգությունները, արժեքների սրընթաց կործանումն ու քաղաքական անբարոյականությունն է դրդել ռեժիսորին գուժել զանգը, բարձր արվեստի լեզվով հիշեցնել քաղաքական խիզախումի, քաղաքակրթական բարձրագույն ձևի՝ պետականության էության և, առհասարակ, արժանապատվության մասին։
Սիմոն Աբգարյանը հրաշալի է ու անվերջ հարազատ։ Մեր հպարտությունն ու շռայլությունն է նրան ունենալը, կարծում եմ նաև՝ ֆրանսիացի ժողովրդի։
Ու վերջում, դիտումին հաջորդած հարց ու պատասխանի ժամանակ Սիմոն Աբգարյանը մի միտք հնչեցրեց, որն հնչեց որպես էպիլոգ թե՜ ֆիլմի համար և հատկապես՝ մեզ համար․ «Չկա ապագա, չկա պետություն առանց արմատի, առանց պատմության, առանց անցյալի ճանաչումի»։


















































