Տարածված հարցեր Էպշտեյն Բարրի վիրուսի հետ կապված
Ի՞նչ է Էպշտեյն Բարրի վիրուսը․ Էպշտեյն Բարրի վիրուսը հերպեսավիրուսային տիպի (4-րդ տիպ) տարածված վարակ է, որը խիստ վարակիչ է, փոխանցվում է թքի ու կենսական այլ հեղուկների միջոցով։ Հիմնականում այս վարակը անախտանիշ ընթացք ունի, երբեմն էլ հատկապես դեռահասների ու երիտասարդների շրջանում կարող է ինֆեկցիոն մոնոնուկլեոզ առաջացնել։ Այս վիրուսը կարող է ախտահարել ցանկացած մարդու, սակայն ավելի հաճախ վարակվում են երեխաները, դեռահասներն ու երիտասարդները։
Էպշտեյն Բարրով վարակվելուց հետո վարակը մնում է մարդու օրգանիզմում ողջ կյանքի ընթացքում՝ քնած վիճակում, սակայն կարող է մերթընդմերթ ակտիվանալ՝ դրսևորելով բնորոշ ախտանշանները՝ անկախ նրանից, թե մարդը երբ է առաջին անգամ վարակվել։
Ինչպե՞ս է փոխանցվում Էպշտեյն Բարրի վիրուսը․ Էպշտեյն Բարրի վիրուսը հեշտությամբ փոխանցվում է թքի, կենսաբանական այլ հեղուկների (արյուն, սերմնահեղուկ), ինչպես նաև բոլոր այն առարկաների միջոցով, որոնց վրա վարակված մարդու թուք է հայտնվել․ շատ դեպքերում մարդիկ վարակվում են վարակված մարդուն համբուրելով կամ նրա կողմից օգտագործված բաժակից խմելով։ Այսպիսով, վարակը հիմնականում փոխանցվում է՝
- հազի, փռշտոցի ժամանակ,
- սեռական հարաբերության,
- առարկաների համատեղ օգտագործման դեպքում,
- վարակակիր իրերի հետ սերտ շփման հետևանքով,
- արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով։
Վարակն ունի գաղտնի շրջան և այդ ընթացքում կարող է տարածվել։ Գաղտնի շրջանը 4-6 շաբաթ է։ Ընդ որում, պարտադիր չէ մարդն ախտանշաններ ունենա՝ վիրուսը փոխանցելու համար։ Ինչպես նշվեց վերևում, վիրուսն ապրում է օրգանիզմում քնած վիճակում, սակայն որոշակի վիճակներ կարող են խթանել դրա ակտիվացումը։ Այդ վիճակներից են՝
- սթրեսը,
- իմունային թույլ համակարգը,
- դաշտանադադարը,
- հորմոնային փոփոխությունները։
Ինչպե՞ս է Էպշտեյն Բարրն ազդում օրգանիզմի վրա․ Վիրուսը կպչում է մարդու արյան սպիտակ բջիջներին, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ Երբ վիրուսը կպչում է այդ բջիջներին, դրանք կորցնում են վարակների դեմ արդյունավետորեն պայքարելու ունակությունը։ Եվ դա կարող է ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների, բայց և կարող է դրսևորվել հետևյալ կերպ՝
- կոկորդի ցավ և բորբոքում,
- արտահայտված հոգնածություն և թուլություն,
- բարձր ջերմություն,
- պարանոցի ավշային հանգույցների մեծացում,
- մաշկային ցան,
- փայծաղի և լյարդի մեծացում։
Երեխաների մեծ մասի մոտ Էպշտեյն Բարր վիրուսային վարակը կամ ընդհանրապես չի առաջացնում ախտանիշներ, կամ դրսևորվում է սովորական մրսածությանը, գրիպին բնորոշ նշաններով։
Դեռահասների և մեծահասակների մոտ ախտանիշները սովորաբար ավելի արտահայտված են լինում։ Դրանք կարող են ի հայտ գալ վարակվելուց 4-6 շաբաթ անց և պահպանվել 2-4 շաբաթ։ Սակայն որոշ մարդկանց մոտ հատկապես արտահայտված հոգնածությունը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի ամիս՝ անգամ երբ մյուս ախտանիշաններն անցել են։
Ինչպե՞ս է ախտորոշվում այս վարակը․ Էպշտեյն Բարր վիրուսի ախտորոշումը կարող է բարդ խնդիր լինել, քանի որ այս վարակի առաջացրած ախտանշանները շատ նման են տարածված այլ հիվանդությունների դրսևորումներին։ Ախտորոշման համար սովորաբար Էպշտեյն Բարրի հակամարմինների թեստով արյան անալիզ է անցկացվում, որը կարող է կրկնվել 10-14 օր անց, քանի որ վարակի սկզբնական փուլում հակամարմինները կարող են չհայտնաբերվել։
Բուժումը․ Վարակի դեմ պայքարող հատուկ դեղամիջոց չկա, բուժումը սիմպտոմատիկ է, այն ներառում է՝
- բավարար քանակով հեղուկների օգտագործումը,
- հանգիստը,
- ջերմիջեցնողների ու ցավազրկողների օգտագործումը։
Բուժման ընթացքում կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելը։
Եթե ունեք ուժեղ ցավ կամ բարձր ջերմությունը պահպանվում է մի քանի օր, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Էպշտեյն Բարրի կամ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում տանը մնալ՝ խուսափելով այլ մարդկանց հետ սերտ շփումից՝ վարակը նրանց չփոխանցելու համար։
Կարո՞ղ է Էպշտեյն Բարրի վիրուսը քաղցկեղ առաջացնել․ Չնայած դա հազվադեպ է պատահում, Էպշտեյն Բարրի վիրուսը կապված է քաղցկեղային որոշ հիվանդությունների զարգացման հետ, այդ թվում՝
- Բերկիտի լիմֆոմայի (ավշային համակարգի քաղցկեղ),
- քթըմպանի (նազոֆարինգեալ) քաղցկեղի։
Գիտնականների կարծիքով՝ վիրուսի որոշ գեներ կարող են փոփոխել վարակված բջիջների աճի բնականոն կարգավորումը, ինչի հետևանքով դրանք երբեմն վերածվում են քաղցկեղային բջիջների։
Էպշտեյն Բարրի վիրուսը նույնն է, ինչ հերպե՞սը․ Ինչպես նշվեց՝ Էպշտեյն Բարրի վիրուսը պատկանում է մարդու հերպեսավիրուսների ընտանիքին և հայտնի է նաև որպես մարդու հերպեսավիրուս 4-րդ տիպ (HHV-4)։
Սակայն դրա առաջացրած ախտանիշները տարբերվում են, օրինակ, սեռական հերպեսի ախտանիշներից։ Հերպեսավիրուսների ընտանիքին են պատկանում նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
- ջրծաղիկը,
- գոտևորող որքինը,
- ինֆեկցիոն մոնոնուկլեոզը։
Էպշտեյն Բարրի վիրուսը մոնոնուկլեոզի ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Cleveland clinic


















































