Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Գործադիրը հավանություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ ներկայացրած՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2030 թվականը կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք՝ 198 բնակարաններով։ Այդ բնակարաններից մոտ 68 քմ մակերեսով 48 բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Արարատ համայնքին ի կատարումը Քաղսովետի գործկոմի, համայնքի և բնակիչների միջև նախկինում կնքված պայմանագրային պարտավորությունների։ Հիմնավորման համաձայն՝ դեռևս խորհրդային տարիներին այդ հասցեներում եղել են բազմաբնակարան բնակելի շենքեր։ Նշված շենքերի քանդման ժամանակ բնակիչների և Քաղսովետի գործկոմի քարտուղարի, ապա նաև` համայնքի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն բնակիչները բնակարաններն ազատել են` հետագայում նույն հասցեներում նոր շենք կառուցվելու պարագայում բնակարան ստանալու պայմանով։ Մնացած 150 բնակարանը ընկերությունը կվաճառի շահույթ ապահովելու համար, ինչպես նաև համայնքին անհատույց սեփականության իրավունքով կհատկացվի 686 քմ մակերեսով տարածք նոր գրադարանի համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ապահովել շուրջ 50 աշխատատեղ, պետական բյուջե կհավաքագրվեն մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ:
Որոշմամբ Արարատ համայնքի ղեկավարին առաջարկվում է գույքը ծրագրի իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել նվիրաբերության կարգով և վերջինիս հետ կնքել նվիրաբերության պայմանագիր, նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ պայմանները չկատարելու դեպքում որոշմամբ նվիրաբերությամբ տրամադրված գույքը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց փոխհատուցման անցնում է համայնքին։
Կարդացեք նաև
Արձագանքելով՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ շուտով ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատվի մարզկենտրոններում, որովհետև եկամտային հարկի հիփոթեքային վարկի նկատմամբ գործող Կառավարության աջակցությունը կշարունակի գործել այդ տեղերում: «Սա այն դեպքերից է, երբ տեսնում ենք, որ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով՝ կարող են, մի կողմից, իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից՝ նաև համայնքը կարող է այդ հնարավորությունն օգտագործել սոցիալական որոշակի պարտավորություններ կատարելու համար»,- ասել է փոխվարչապետը:
Ախուրյանում կկառուցվի «Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Chillwithtech» տեխնոլոգիական կացարաններ
Կառավարությունը համաձայնություն է տվել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն։ Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի իրագործել հիմնադրամի բարեգործական ծրագիրը։ Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղում կկառուցվի «Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Chillwithtech» տեխնոլոգիական 6 կացարան։
Նախատեսվում է դրանք հագեցնել անհրաժեշտ տեխնիկայով, համակարգիչներով, նորարարական լուծումներով և ապահովել մինչև 30 շահառուի միաժամանակյա դասավանդման հնարավորություն։ Հիմնադրամի նպատակներից է ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի զարգացումները՝ խթանելով կրթությունն ու աշխատատեղերը Շիրակի մարզի բնակավայրերում։ Հիմնադրամը, վերանայելով իր ծրագրերը, առաջնահերթություն է տվել և ներդրումներն ուղղել խորը ինժեներական և արտադրական ոլորտների կրթական ծրագրերի իրականացմանը, որոնց շնորհիվ ավագ դպրոցի սովորողները ստանում են մեխանիկական, էլեկտրական ճարտարագիտության ու արհեստական բանականության ոլորտի համակցված հմտություններ հատուկ կահավորված ինժեներական լաբորատորիաներում։ Հաբում գյուղական համայնքների երիտասարդների ու կենտրոնի փորձագետների կողմից ստեղծված ինժեներական լուծումները կկիրառվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպաստելով նաև կանաչ էկոլոգիայի ձևավորմանն ու շրջակա միջավայրի մաքրությանը։ Ծրագրի իրականացման համար առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կատարել 100 մլն դրամ ներդրում։ Նախատեսվում է 5 նոր սկսնակ ընկերությունների ստեղծում։ Ծրագիրը արժանացել է նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հավանությանը և ստացել նրանց կողմից դրամաշնորհ ստանալու իրավունք։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև Գերմանական «Ջի Այ Զեթ» կազմակերպության կողմից։
Փոխվարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ պետք է խրախուսել, աջակցել բոլոր նման նախաձեռնությունները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ այս ծրագիրն ընդլայնում է ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները։ Ըստ նախարարի՝ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլև իրենց կյանքի յուրաքանչյուր պահին՝ տարբեր միջավայրերում: «Այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը, և մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս։ Ինչպես, օրինակ՝ «Թումոն» է, «Արմատ» լաբորատորիաներն են, որոնք գործում են 600-ից ավելի դպրոցներում որպես մեր ոչ ֆորմալ կրթության հաջողված օրինակ: Նմանատիպ հետաքրքրություն առաջացնում է նաև COAF-ը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Կսահմանվեն պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով ՀՀ-ից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը
Կառավարությունը սահմանել է Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով ՀՀ-ից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը։ Սահմանվել է նաև ՀՀ պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը ՀՀ-ից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, այս նոր կարգավորումները կնպաստեն արտահանման գործընթացների դյուրացմանը և խթանմանը։ Դրանք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ կստեղծվեն կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր։ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ այն հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ և կազմակերպեն քաղաքակիրթ սպասարկում արտահանում իրականացնող բեռնատարների համար։ «Երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով։ Երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ կուտակային կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ «Պարտադիր պահանջ է լինում կայանատեղի մուտք գործելը, և միայն դրանից հետո շարժվել դեպի մաքսային անցակետ։ Կայանատեղիները պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և համապատասխան տեսախցիկներով։ Եվ այս ամեն ինչը պետք է փոխգործելի լինի մեր մաքսային թվային համակարգերի հետ»,-ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, հասանելի բոլորին, գնի համար կսահմանվի առավելագույն չափ՝ մինչև 5000 դրամ:
Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ սահմանվել է կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար 3 առաջնահերթություն։ Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, մասնավորապես՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողներին, որոնք ունեն հավաստագրեր։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ սահմանվում են նաև, թե տրանսպորտային միջոցները երբ կարող են չմտնել կայանատեղիներ. «Դրանք բացառիկ դեպքեր են։ Մասնավորապես՝ տարերային աղետների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները և այլն»։
Կբարձրացվի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետությունը
Կառավարության որոշմամբ կսահմանվի բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։ Այն կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։
Ինչպես նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, էլեկտրոնային համակարգում կինտեգրվի ձևանմուշ, որը թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում հեռահար՝ գնորդը, վաճառողը և բանկը հեռահար էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար, և սեփականատիրոջից, այսինքն՝ կառուցապատողից, սեփականության իրավունքը կփոխանցվի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին, ով էլ կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ գործող իրավակարգավորմամբ անշարժ գույք ձեռք բերողը կա՛մ պետք է գտնվի ՀՀ-ում և ֆիզիկապես այցելեին նոտարին, կա՛մ պետք է տրամադրեին լիազորագիր որևէ մեկին։ «Այս պարագայում, հաշվի առնելով, որ բանկը հիփոթեքային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիփոթեքային վարկի սպասարկման հնարավորությունները և կարողությունները, մենք ներդնում ենք մի ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման՝ եռակողմ պայմանագիրն էլեկտրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման, և սա հիմք կհանդիսանա, որպեսզի գնորդը, չայցելելով նոտարի և համապատասխան լիազորագրերի ընթացակարգը չապահովելով, հնարավորություն ունենա հեռահար ձեռք բերել ՀՀ-ում նոր կառուցվող շենքից անշարժ գույք կամ արդեն նոր կառուցվող շենքը, երբ ավարտական ակտ է ստացել, շահագործման է հանձնվել, տվյալ շենքից անշարժ գույք»,- նշել է Սուրեն Թովմասյանը։
Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ որոշմամբ ընթացակարգն ավելի է պարզեցվում, քանի որ հանվում է նոտարի վավերացման պահանջը. «Երկրորդ՝ ավելի շատ ենք վստահում թվայնացման միջավայրում կիրառվող տեխնոլոգիաներին։ Կառավարությունը շարունակում է աշխատանքները թվայնացման ուղղությամբ»։
Գործադիրն ընդունել է նաև որոշում, որով նախատեսվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։
Կառավարության որոշմամբ կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։ Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։ Այն կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։ Միաժամանակ, կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։
Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 315 800 000 ՀՀ դրամ։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։ Ըստ «Աբիտ» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է բավարար, տրանսպորտային մատչելիությունը՝ լավ, ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և կոյուղի։
Սահմանվել է Ֆոնդային բորսաների ցանկը
Գործադիրը սահմանել է Ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։ Ըստ հիմնավորման՝ ներկայում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և վերանայվում են բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկով, շահութահարկով հարկման և պետական տուրքի հաշվարկման մոտեցումները։ Մասնավորապես, սահմանվում է, որ բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար եկամտային հարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափը 15 տոկոս է, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված և ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից։ Սահմանվում է նաև, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները ենթակա են հարկման 15 տոկոս դրույքաչափով։
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ: Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։ Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում բնակելի անշարժ գույքի արժեքները ավելի բարձր են, քան նախորդ տարիներին էր՝ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունը՝ առաջարկվում է Որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։
Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ԱԱՀ- ի մասով համաֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է էներգաարդյունավետության ծրագրի պետական աջակցության համար նախատեսել 89,155.8 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների իրականացումը, որոնց աշխատանքների պայմանագրերի մնացորդային գումարը կազմում է 534,934.3 հազար դրամ: Արդյունքում՝ կապահովվի Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների և 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների լիարժեք ավարտը:
Այլ որոշումներ
Կառավարությունը հավանություն է տվել «2018 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Արդյունքում՝ կապահովվեն 2025 թ. սեպտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Կառավարությունն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն։
Գործադիրը սահմանել է Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































