Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու վարորդներն օրերս կառավարությունում հանդիպում են ունեցել պաշտոնյաների հետ՝ բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք ծառացել են ոլորտի առջեւ։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի սահմանած սահմանափակումների պատճառով հայ արտահանողներն եւ բեռնափոխադրողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Օրերս բեռնափոխադրողները բողոքի ցույց էին անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում։ Հանդիպումը կայացել է, բայց, ինչպես «Առավոտ»-ին տեղեկացրեցին բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները, հույսեր չկան, թե մոտ ժամանակահատվածում իրենց բարձրաձայնած խնդիրները կլուծվեն։
Կառավարությունում հանդիպմանը մասնակցած վարորդներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում ասաց․ «Չեմ կարծում, թե սա հեշտ լուծվող խնդիր է, ասում են՝ զբաղվում են դրանով։ Ամեն ինչ կախված է Ռուսաստանից, դրա պատասխանը ոչ ոք չի կարող տալ։ Իրենք ասում են՝ զբաղվում ենք, չգիտենք»։
Բեռնափոխադրողների հիմնական պահանջն այն է, որ վերականգնվեն դեպի Ռուսաստան արտահանումները։ «Այսօր մենք դատարկ գնում ենք, Ռուսաստանից բեռները բարձած հետ ենք գալիս։ Իսկ այլ ազգի ներկայացուցիչները, օրինակ, վրացիները, բարձած են գնում։ Արդեն պարզ է, որ եթե իրենք բարձած գնում են, կարողանում են ավելի էժան գնով հետ գալ։ Այդ հարցով մենք դարձել ենք անմրցունակ, ոչ մի ձեւով մեզ ճանապարհներ չեն տալիս, թույլտվություններ չկան»,- ասաց վարորդը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ հայ վարորդների համար խնդիրներ են ստեղծվում նաեւ Վրաստանի «TIR պարկեր»-ում։ «Մենք որտեղ մտնում ենք, էլեկտրոնային հերթեր են, դեպք է եղել, որ իմ հերթը հասել է, բայց դրանից հետո ես եւս 14 ժամ սպասել եմ, քանի որ նախապատվությունը տալիս են վրացական բեռներով մեքենաներին։ Մինչեւ մենք մեկ պտույտ պտտվում ենք, վրացիները մեր վրա երկու պտույտ անում են, եւ բնական է, որ ավելի էժան կլինի իրենց ապրանքը։ Եթե այդպես է, մեր մոտ էլ դրեք TIR պարկեր, մեր ավտոներին առավելություններ տվեք, վերջը ամեն տեղ մեզ տրորում են։ Վրաստանում ամեն ձեւի մեզ նեղացնում են»,- նշեց վարորդը։
Վարորդի խոսքով՝ կառավարությունում իրենց ասել են՝ արտահանման այլընտրանքային ուղիներ ճարեք։ «Ես ասում եմ՝ մենք ո՞նց ճարենք։ Եվրամիության շուկան են մեզ առաջարկում, ես էլ իրենց հակադարձեցի։ Ասում են՝ 3000 թե 4000 տոննա արտահանում են իրականացրել դեպի Եվրոպա։ Ասում եմ՝ այդ ի՞նչ ցուցանիշներ եք հնչեցնում, բա ինչո՞ւ ժողովրդին չեք ասում, թե անցած տարի այս ժամանակահատվածում ինչքան արտահանում եք իրականացրել դեպի ԵՄ եւ ինչքան եք արտահանել այս տարի։ Պատասխանեցին՝ բնականաբար, հիմա ավելի քիչ է արտահանվել։ Ասում եմ՝ այսինքն՝ հակառակ էֆեկտ է եղել Եվրոպայի գծով, բա ինչի՞ համար եք խոսում, թե 3000 տոննա արտահանել եք։ Ժողովրդի մեծ մասն էլ չի հասկանում այդ թվերից, սկսում են ասել՝ դե թող ռուսը մնա առանց ծիրան։ Խաբում են ժողովրդին։ Ասում ենք՝ տեղյա՞կ եք, որ մեր ծիրանների վրա «Ադրբեջան» է գրվում, ասացին՝ ո՞նց, տեղյակ չենք։ Այսինքն՝ խնդիրներից տեղյակ չեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Վարորդների հետ հանդիպողների թվում եւ Էկոնոմիկայի նախարարությունից են եղել պաշտոնյաներ, եւ վարչապետի աշխատակազմից, եւ ՊԵԿ-ից։ «Իրենց մեջ Եգանյան ազգանունով մարդ կար, ոնց որ վարչապետի աշխատակազմից էր, միայն ինքը ճիշտ հասկացավ խնդիրները, շատ արագ ընկալեց, թե ինչ ենք ուզում մենք։ Ասաց՝ մենք պետք է այս խնդիրներով զբաղվենք։ Բայց նաեւ ասացին՝ ոչ ոք ձեզ խոսք չի տալիս, որ վաղը ճանապարհը բաց է լինելու։ Ասացին՝ գիշեր-ցերեկ զբաղվում ենք, բայց ոչ ոք ձեզ չի կարող հստակ խոսք տալ։ Ասացինք՝ մենք ժամանակ չունենք, եթե այդպես է, վրացուն նեղացրեք, ամեն տեղ վրացին մեզ տրորում անցնում է։ Ասում են՝ որ նեղացնենք, ավելի վատ կլինի։ Մենք էլ ասացինք՝ սրանից այն կողմ մեզ համար վատ չի կարող լինել։ Ասում են՝ տեսա՞ք՝ ծիրան ու այլ գյուղմթերք արտահանողներին օգնեցինք։ Մենք էլ ասացինք՝ օգնեցիք, որովհետեւ վախեցաք, որ գյուղացին ոտքի կկանգնի, իսկ մտածո՞ւմ եք, որ հանկարծ մենք կարող ենք ոտքի կանգնել։ Ասացինք՝ 15 օրից մենք էլ խելոք չենք մնալու։ Ասացին՝ դա ուլտիմատում է, այդպես մի ասեք։ Բա լավ, ի՞նչ անենք, սոված նստե՞նք, ուլիտիմատում էլ է լինելու, ոտքի էլ ենք կանգնելու, սկսելու ենք ճանապարհները փակել»,- ասաց վարորդը։
«Գրին Վեյ Լոջիսթիքս» ՍՊԸ տնօրեն Եվգենյա Կազումյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատեց, որ վարորդները 15 օր ժամանակ են տվել կառավարությանը՝ լուծելու իրենց խնդիրները, ժամկետը լրանալուց հետո պատրաստվում են գործողությունների դիմել։ «Վարորդները որոշել են, որ 15 օր հետո այլեւս խելոք չեն մնալու։ Մենք շատ մեծ խնդիրներ ունենք, երբ մեր բեռնափոխադրողները դուրս են գալիս, մեզ բոլորը նեղացնում են՝ վրացին իր հերթին է նեղացնում, ռուսն իր հերթին է նեղացնում, իսկ Եվրոպա գնալը դեռ խնդիրները մեզ համար։ Մի շարք խոչընդոտներ կան, որոնց լուծումները մեր կառավարությունը դեռ չի առաջարկում, բայց մեր առջեւ մի շարք դռներ է փակում։ Այս իրավիճակում փոխադրողը ո՞նց գտնի ելքը»,- նշեց նա։
Եվգենյա Կազումյանը նաեւ ասաց, Հայաստանի ներսում են եւս բեռնափոխադրողներն ու արտահանողները բախվում են լուրջ խնդիրների։ «Մեր երկրի ներսում էլ են կատարվում շատ անհասկանալի բաներ։ Օրինակ՝ Եվրոպայից օրեր առաջ ապրանք էինք ներմուծել, որ պետք է ԵԱԷՍ (EAC) սերտիֆիկատ ստանայինք։ Նախկինում այդ ԵԱԷՍ սերտիֆիկատի համար լաբորատորիայում վճարվում էր 66 հազար դրամ, հիմա դարձել է 870 հազար դրամ։ Ու 25 օր է տեւում, մինչեւ այդ սերտիֆիկատը տրամադրվի։ Դա նշանակում է,որ մեքենան, ռեժիմը միացրած վիճակում, պետք է կանգնի մաքսային տերմինալում, մինչեւ 25 օր հետո ԵԱԷՍ սերտիֆիկատը ստանա, եւ կարողանանք մեր մեքենան դատարկել։ Դա մի շարք խոչընդոտներ է ստեղծում թե փոխադրողների համար, թե ստացողի համար»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































