Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ բեռնափոխադրողը ճգնաժամի մեջ է, խնդիրներ կան եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի տարածքում․ համակարգային լուծումներ են պետք»

Հուլիս 14,2026 16:51 Share

Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հայտնվել են ճգնաժամային իրավիճակում։ Հուլիսի 13-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անելուց հետո բեռնափոխադրողները նամակ են հանձնել կառավարությանը, սպասում են, որ պաշտոնյաներն իրենց հետ հանդիպում կազմակերպեն ու լուծում տան բարձրաձայնած հարցերին։

Բողոքի ցույցի մասնակից բեռնափոխադրողների խոսքով՝ ռուսական սահմանափակումների պատճառով իրենք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած, արտահանումներ չեն իրականացվում։ Ասում են՝ վարկեր ունեն, չեն կարողանում վճարել, 60-70 հազար դոլարով բեռնափոխադրող ավտոմեքենաներ են գնել, բայց այսօր դրանք կանգնած են, չեն աշխատում։

Հայ բեռնափոխադրողները խնդիրների են բախվում եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի տարածքում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը։

Արդեն հայտնի է, որ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում Հայաստանից միրգ-բանջարեղենի, կոնյակի, «Ջերմուկի», ծաղիկների, այլ ապրանքների արտահանման համար։ Բացի դա, ռուսական կողմը սահմանափակումների տակ չգտնվող հայկական բեռները երկար կանգնեցնում եւ ստուգումների է ենթարկում այս փուլում։ Բացի ժամանակից, հայ փոխադրողները նաեւ գումար են ծախսում այս գործընթացի համար, ըստ փոխադրողների, 500 հազարից մինչեւ 1 մլն դրամ մեկ բեռնատարի բեռի համար։ «Հաճախակի են «դասմոտր» (զննում-խմբ) կոչվող պրոցեսները, որոնք բեռները զննելու նպատակով են արվում։ Դա շատ թանկ հաճույք է, բեռնափոխադրողն այս պարագայում տուժում է ժամանակի առումով, որովհետեւ բավականին երկար սպասում է իր հերթին, որպեսզի այդ պրոցեդուրան անցնի։ Ցանկացած մեքենա կարող է ընկել այդ ստուգման տակ, որի ժամանակ ամբողջ մեքենան բեռնաթափում են, ստուգում են, թե մեքենայում գտնվող ապրանքը համապատասխանո՞ւմ է փաստաթղթերին, հնարավոր է նաեւ կշռեն։ Հետո սովորաբար բաց են թողնում, բայց ինքը թանկ գործընթաց է, որովհետեւ բացի այն, որ մեքենան կարող է մեկ շաբաթ, 10 օր մնալ հերթում, կան նաեւ վճարումներ՝ 180 հազարից մինչեւ 250 հազար ռուսական ռուբլի։ Դա բեռն ուղարկողն է վճարում, բայց մենք էլ որպես բեռնափոխադրող տուժում ենք, որովհետեւ մեր օրերն ենք կորցնում»,- ասաց Վարուժան Քոլյանը։

Վրաստանում եւս խնդիրների են բախվում հայ բեռնափոխադրողները, ըստ իրենց օրենսդրության՝ տարանցիկ բեռը եւս կարող են «դասմոտր» անել։ «Մտցնում են տերմինալ, կարող է 20-25 օր կամ մեկ ամիս կանգնեցնեն, ոչ մի խնդիր չգտնեն, բաց թողնեն գնա, բայց այս պարագայում էլի բեռնափոխադրողը տուժում է, որովհետեւ իր մեքենան է կանգնում երկար ժամանակով։ Իսկ արտահանողը տուժում է, որ իր բեռը ժամանակին տեղ չի հասնում, եւ ձգձգումների պատճառով ապրանքի գինը թանկանում է»,- նշեց Քոլյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայ բեռնափոխադրողը ճգնաժամի մեջ է։ «Սովորաբար մենք սպասում ենք, որ սեզոնին միրգ-բանջարեղեն լինի, աշխատենք, մեր մեքենաներն ինչ-որ չափով սարքենք, վարկերը թեթեւացնենք։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ միրգ-բանջարեղենի արտահանման սեզոնին են մի քիչ գումար աշխատում բեռնափոխադրողները, մնացած ժամանակ գները բավականին ցածր են։ Բայց այս տարի այնպես ստացվեց, որ այն պահին, երբ մենք պետք է սկսեինք գումար աշխատել, մեքենաները պարապուրդի մատնվեցին եւ հիմա կանգնած են կայանատեղիներում։ Ովքեր էլ քշում են, մեծ պարտքեր ու վարկեր ունեն, ստիպված այստեղից դատարկ են գնում, այնտեղից որոշակի բեռ են բերում։ Դա էլ ձեռնտու չէ այն բեռնափոխադրողներին, ովքեր վարորդ են պահում»,- նշեց նա։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե հայ արտահանողներն իրենց ապրանքը կարող են արտահանել Եվրամիության անդամ երկրներ։ Վերջերս հայտարարվեց, որ ԵՄ-ն արտոնյալ պայմաններ է սահմանում հայկական ապրանքի արտահանման համար։ Վարուժան Քոլյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հայ արտահանողներն եւ բեռնափոխադրողները չեն կարողանում մեծ ծավալով արտահանում իրականացնել դեպի ԵՄ։ «Մենք էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման գնացինք, բարձրացրեցինք խնդիրները, որոնք ունենք այս պահին։ Մեր ավտոպարկը բավականին հին է, ովքեր էլ նոր մեքենաներ ունեն, վախենում են եվրոպական մեծ տուգանքներից, որովհետեւ մենք փորձ չունենք, կրթված վարորդներ չունենք, ովքեր տիրապետում են Եվրոպայում երթեւեկելու նրբություններին։ Այսինքն՝ մեզ պետք է ժամանակ, որպեսզի նախ ուսուցում կազմակերպվի, մեր վարորդները վերապատրաստվեն, աշխատանքային վիզա ունենան, որպեսզի կարողանան երթեր կատարել դեպի Եվրոպա»,- ասաց նա։

Մյուս խնդիրն այն է, որ Եվրոպայից մեծ քանակությամբ ներմուծում չի իրականացվում դեպի Հայաստան, այսինքն՝ ԵՄ երկրներ մեկնող բեռնատարները երկար ժամանակով մնալու են այնտեղ, որպեսզի բեռ գտնեն ու ներմուծեն։ «Ստացվում է, որ մեր ամբողջ ներմուծումն իրականացնում ենք ԵԱՏՄ տարածքից, բայց արտահանումն իրականացնում ենք դեպի Եվրոպա։ Մենք տանենք Եվրոպա, հետ գալուց էլ դատարկ մտնենք Ռուսաստան, որ այնտեղից բեռը բարձենք գա՞նք, թե՞ պիտի ամիսներով սպասենք, որ ինչ-որ ներմուծող ընկերություն մեզ հայտ ներկայացնի, որ Եվրոպայից ներմուծում անենք»,- հարցադրում է անում Վարուժան Քոլյանը։

Նրա խոսքով՝ համակարգային լուծումներ պետք է տրվեն բեռնափոխադրողների խնդիրներին․ «Ես էկոնոմիկայի նախարարությունում հարց բարձրացրեցի, որ պետք է խնդիրները հստակ հաշվառվեն։ Բոլոր այն բեռնափոխադրողներին, ովքեր ունեն վարկեր, լիզինգով մեքենա են գնել ու հիմա բախվել են խնդրի, պետք է աջակցել։ Եվրոպայից ասում են՝ գրանտներ են տալիս, որ մեղմեն վնասները, այդ մարդկանց պետք է բաժին հասնի այդ գումարից, գոնե այդ մարդկանց վարկերը սառեցնեն։ Եթե ջերմոց ունեցողին արտոնություն է տրվում, որովհետեւ իր պոմիդորը չի գնում ԵԱՏՄ շուկա, ապա բեռնափոխադրողին մոռացել են, կառավարության նիստերի ժամանակ հայ բեռնափոխադրողների մասին ոչ ոք ոչինչ չի ասում։ Չեն ասում՝ այդ մարդկանց մեքենաները կանգնած են, չեն քշում։ Ասում են՝ շուկան դիվերսիֆիկացնենք, բայց պետք է պատրաստ լինենք, որ դիվերսիֆիկացնենք՝ վարորդները պետք է պատրաստվեն, մեքենաները պետք է պատրաստ լինեն շահագործման։ Բեռնափոխադրողը, որն իր ժամանակը ծախսելու է այս խնդիրների լուծման համար, այդ ընթացքում իր վարկը գոնե պետք է սառեցվի։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համակարգային լուծումներ են պահանջում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031