Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության կիրառած սահմանափակումների հետեւանքով հայ արտադրողներն ու արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել եւ չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը։ Հայաստանի կառավարությունը վերջին նիստերում ընդունեց որոշումներ, որոնցով արտոնություններ են տրամադրվել գյուղմթերքի, ծաղիկների, ջերմուկի եւ այլ ապրանքների արտահանման համար։ Այսպիսով կառավարությունը փորձում է մեղմել ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումների բացասական հետեւանքները։
Կառավարության անդամներն արդեն հայտարարում են, որ հայկական ծաղիկն ու գյուղմթերքն արտահանվում են Եվրամիության եւ այլ երկրների շուկաներ։ Կառավարության հունիսի 25-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել էր, որ արտահանումների աշխարհագրությունը շատ-շատ լայն է՝ Իրաք, ԱՄԷ, Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական երկրներից մինչեւ արեւմտյան երկրներ, մի քանի տասնյակ երկրի մասին է խոսքը: Ըստ նրա՝ ամենավատատեսական սցենարները, որոնք ի սկզբանե մտածում էին կառավարությունում, դրանք չկան, եւ բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ են կատարվում։
Իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե անգամ Թուրքիայում են հետաքրքրված հայկական գյուղմթերքով։ Միրզոյանը կառավարության նիստում ասել էր, որ մարտահրավերով հանդերձ՝ ստեղծված իրավիճակը, կարծես թե, լուրջ ճգնաժամի չի վերածվել, այդ մասին են վկայում թվերը: Ըստ նրա՝ այս ճգնաժամի պայմաններում Հայաստանի համար մեծ հնարավորություններ են ստեղծվում։ Բայց միաժամանակ ասել էր, որ լոգիստիկ անծանոթությամբ պայմանավորված զանազան խոչընդոտներ կան, որոնք արագ հաղթահարվելու են։
Կառավարության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 25-ը՝ արտահանվել է մինչև 1071 տոննա ծիրան, որից 90 տոկոսը՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում, որովհետև նոր է հասնում բերքը: Արտահանվել է 882 տոննա կեռաս, մոտ 40 տոննա փոքր քաղցր խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ելակ, ազնվամորի, 140 տոննա՝ լոլիկ:
Կարդացեք նաև
Որքանո՞վ է ԵՄ եւ այլ երկրների շուկան հասանելի հայ արտահանողների եւ բեռնափոխադրողների համար, ի՞նչ լոգիստիկ խնդիրներ կան, որոնց բախվում են հայկական բեռնափոխադրող ընկերությունները։ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանն ասաց, որ հայ բեռնափոխադրողների 90-95 տոկոսը պատրաստ չեն այս գործընթացին։ Պատճառները տարբեր են։
«Հիմնական խնդիրը մեր ավտոպարկն է, որը բավականին հին է, իսկ դեպի Եվրոպա բեռնափոխադրման համար թարմ բեռնատարների կարիք կա։ Ունենք վիզայի խնդիր, վարորդների համար «կոդ 95» հասկացություն կա, որը լիցենզիա է համարվում, դրա առկայությունը պարտադիր է, որպեսզի կարողանան երթեւեկել Եվրոպայի տարածքում։ Մյուս խնդիրն այն է, որ ունենք վարորդներ, որոնք այս ամենին պատրաստ չեն, որովհետեւ Եվրոպայում տուգանքները բավականին մեծ են, վարորդները ռիսկերը պետք է գնահատեն։ Խնդիրների դեպքում բավականին մեծ տուգանքներ կարող են լինել՝ կախված երթեւեկելու ռեժիմից, փաստաթղթավորումից, ինչպես նաեւ մեքենայի տեխնիկական վիճակից»,- ասաց Վարուժան Քոլյանը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կաշխատեն այն բեռնափոխադրողները, ովքեր պատրաստ էին եւ մինչեւ այս էլ էին արտահանում իրականացնում դեպի Եվրոպա։ Բայց այդ ընկերությունների ու անհատ փոխադրողների թիվը շատ քիչ է։
«Մարդիկ կան, ովքեր անհատ փոխադրող են, իրենց սեփական բեռնատարներով աշխատել են եւ Եվրոպայի ուղղությամբ, եւ ԵԱՏՄ շուկայի, հիմա բոլորը նախընտրում են ԵԱՏՄ-ի ուղղությունը, քանի որ մեր հիմնական ներմուծումը եւս ԵԱՏՄ տարածքից է։ Մյուս խնդիրն այն է, որ Թուրքիան՝ որպես տարանցիկ երկիր, մեզ համար փակ է, հայկական մեքենաները չեն անցնում Թուրքիայով, այսինքն՝ մեր միակ ճանապարհը մնում է Վրաստանը, հետո նավով դեպի նավահանգիստներ, այնտեղից պետք է իջնենք ու շարունակենք ճանապարհը։ Իսկ նավը բավականին ծանրաբեռնված է լինում, տոմսերը թանկ են, եւ միշտ չէ, որ ազատ տեղեր կան, եթե ուզես տոմս գնել, կարող է ստացվել երկու կամ երեք շաբաթ հետո։ Իսկ արագ փչացող բեռի դեպքում դա լուրջ խնդիր է։ Հետեւաբար, շուտ փչացող բեռի համար այս պարագայում որպես կանոն արտահանողներն ընտրում են ոչ հայկական բեռնատար, որը կկարողանա Թուրքիայի տարածքով, այսինքն՝ ցամաքային ճանապարհով այդ բեռը տեղափոխել»,- ասաց նա։
Այս խնդիրները, Վարուժան Քոլյանի խոսքով, օրերս բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Կառավարությունը մեզ ասում է՝ ի՞նչ խնդիրներ ունեք, այս փուլում խնդիրներն է հավաքագրում, այս խնդիրները ներկայացրել ենք փոխնախարարին, իրենք հիմա աշխատանքային խումբ են ստեղծել, որը փորձում է այս հարցերն արագ կարգավորել։ Չգիտեմ՝ որքան ժամանակ կպահանջվի, բայց այս պահին լուծումներ դեռ չունեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Գրին Վեյ Լոջիսթիքս» ՍՊԸ տնօրեն Եվգենյա Կազումյանը եւս «Առավոտի» հետ զրույցում մի շարք խնդիրներ թվարկեց, որոնց բախվում են բեռնափոխադրող ընկերությունները։ Նա նշեց, որ իրենց ընկերությունը դեպի Եվրոպա արտահանումներ դեռ չի սկսել իրականացնել, նախկինում ներմուծումներ են իրականացրել ԵՄ անդամ երկրներից, բայց օգտվել են այլ երկրների վարորդների ծառայություններից, որովհետեւ հայ վարորդները չունեն անհրաժեշտ պատրաստվածություն, օրինակ, լեզվի ու վիզայի խնդիր ունեն։
«Վերջին շրջանում արտահանումներ են իրականացվել դեպի Ուկրաինա եւ որոշ եվրոպական երկրներ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հայ վարորդները դեռ պատրաստ չեն միջազգային շուկա դուրս գալ՝ ոչ իրենց մեքենաների պատրաստվածությամբ, ոչ իրենց լեզվի իմացությամբ, ոչ անձնագրում շենգեն վիզայի առկայություն ունեն։ Այսինքն՝ մենք մի շարք բացեր ունենք, այս հարցերը երեւի ժամանակի ընթացքում կլուծվեն, բայց այս պահին իրավիճակը բարդ է։ Ես ստացել եմ առաջարկներ, որպեսզի ծիրան արտահանենք դեպի Ուկրաինա, ծաղիկ արտահանենք, բայց նորից եմ նշում՝ վտանգ եմ տեսնում, որովհետեւ եթե Ռուսաստան մի քանի օրում ենք հասնում, դեպի Եվրոպա ճանապարհը շատ երկար է։ Եվ վտանգն այն է, որ մեր մեքենաները չեն համապատասխանում այդ չափանիշներին, որ 15 օր ծիրանը տանեն Եվրոպա ու նորմալ հասցնեն տեղ։ Ծախսը նույնպես շատանում է, որովհետեւ մարշրուտը լրիվ փոխվում է։ Ես ավելի շատ տեսնում եմ, որ իրենք ուզում են զարգացնել Թուրքիա եւ Ադրբեջան ուղղությունը, չգիտեմ»,- ասաց Եվգենյա Կազումյանը։
Անդրադառնալով դեպի Հոլանդիա հայկական վարդեր արտահանելու մասին կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Եվգենյա Կազումյանն ասաց․ «Մի քիչ խելացի մարդը կարող է հասկանալ, որ իրականում Հոլանդիան ունի իր վարդերը, իրեն հազար տարի պետք չեն մեր վարդերը։ Ես ունեցել եմ առաջարկ՝ Հայաստանից դեպի Հոլանդիա ծաղիկներ տանել, բայց դա լրիվ ուրիշ նպատակով էր»։
Նրա խոսքով՝ միջազգային բեռնափոխադրումների ոլորտով զբաղվող կոնկրետ կառույց չկա Հայաստանում․ «Այսինքն՝ եթե մենք ունենում ենք խնդիր, չկա կառույց, որը կոնկրետ զբաղվում է մեր ոլորտով։ Որ նախարարություն դիմում ենք, ասում են՝ դուք մեր ենթակայության տակ չեք։ Մի շարք հարցեր կան, որոնք անլուծելի են մնում։ Համենայնդեպս, սկզբնական շրջանում շատ դժվար է լինելու»։
Եվգենյա Կազումյանն ասաց, որ այսօր Հայաստանից արտահանումներ իրականացնում են դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ մյուս երկրներ, բայց միրգ-բանջարեղեն չի արտահանվում։ Եվ գնալով սահմանափակումների ցանկում ընդգրկվում են նոր ապրանքատեսակներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2026



















































Կարծում եմ ձեզ քաջ հայտնի է, որ հիշյալ երկրի անունը պաշտոնապես այլևս Հոլանդիա չէ, այլ Նիդերլանդներ է, եւ շատ հնարավոր է, որ հենց Նիդերլանդներին պետք կլինեն մեր վարդերը, որոնք գոյություն չունեցող Հոլանդիային, իրոք, հազար տարի պետք չեն։
Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են իրենց գյուլերով էլ յոլա գնալ, առայժմ ու ձեր դավաճան հուշման կարիքը՝ հազար տարի չունեն։