Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի մրցաշարի բոլոր եզրափակիչներում Հայաստանը մասնակից ուներ

Հուլիս 25,2026 22:41 Share

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում կայացան բռնցքամարտի Երեւանի քաղաքապետի գավաթ անվանումը ստացած ավանդական միջազգային մրցաշարի, որն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ, եզրափակիչ մենամարտերը։ Այն ընդգրկված է Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։ Այս տարի մրցաշարին բացի Հայաստանից  մասնակցում էին Մոլդովայի, Լեհաստանի, Իրանի, Կամբոջայի, Իսրայելի,  Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Կիպրոսի ուժեղագույն բռնցքամարտիկներով համալրված թիմերը, որոնցում կային  աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ եւ մրցանակակիրներ։

Տասը քաշային կարգերում հինգ օր տեւած պայքարի արդյունքում հաղթող դարձան. 50 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 55 կգ՝ Վաղարշակ Քեյան, 60 կգ՝ Արթուր Բազեյան, 65 կգ՝ Ռաֆայել Ներսեսյան, 70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 75 կգ՝ Միրոսլավ Կապուլեւ (Իսրայել), 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյան, 85 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 90 կգ՝ Տուրաբեկ Խաբիբուլաեւ (Ուզբեկստան), +90 կգ՝ Ամիրռեզա Մալեքաթաբի (Իրան)։

 

Մրցաշարի ավարտին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը, ՀԲՖ-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում նշելով, որ Հայաստանը բոլոր քաշային կարգերում ունեցավ եզրափակչի մասնակից, ասաց. «Մրցաշարն անցավ շատ լավ։ Տղաներն իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ շատ լավ էին պատրաստվել։ Սա շատ օգտակար ստուգատես էր Եվրոպայի առաջնության համար։ Տղաներ եղան, որ վնասվածքի պատճառով դուրս մնացին, թեեւ շատ մոտ էին հաղթելուն։ Բայց միշտ հաղթողը ուժեղ է, թեկուզ շատ քիչ։ Մի խոսքով, գոհ եմ մեր բռնցքամարտիկների մասնակցությունից։

Այո, կային նաեւ բացեր երիտասարդ տղաների մոտ։ Եվ հենց այսպիսի մրցումներում են նրանք փորձ ձեռք բերում։ Հասկանալի է, դրանք պետք է մարզումներում շտկվեն; Խոսքս հատկապես նրանց մասին է, ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել