Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 20-ին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակիչներից մեկը՝ 1988 թվականին ծնված Հ․Զ․-ն, ինքնասպանություն է գործել․ նա իր բնակարանի ննջասենյակի առաստաղին ամրացված պարանով կախվել է։
Ոստիկանությանն է ահազանգել «Մուշ» թաղամասի մի այլ բնակիչ՝ տեղեկացնելով ինքնասպանության մասին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության «Մուշ» բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նորոսյանի գլխավորությամբ, պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12․00-15․00-ն ընկած ժամանակահատվածում, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանության աշխատակիցները Հ․Զ․-ն բնակարան ժամանելուց հետո սենյակների տեսանելի վայրերում նկատել են պլաստմասե տարաների մեջ աճեցված և մշակված կանեփի թփերին նմանվող բույսեր և ապակե տարայի մեջ կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված, մանրացած «մարիխուանային» նմանվող զանգված։
Կարդացեք նաև
Ինքնասպանություն գործած տղամարդու հայրը՝ Հ․Զ․-ն, որն ապրում է նույն բնակարանում, հաղորդում է ներկայացրել, որ նշված կանեփի թփերը, աճեցված և մշակված զանգվածները պատկանում են որդուն, հանդիսանում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Հայրը հայտնել է, որ որդին այն աճեցրել է իր անձնական օգտագործման համար։
Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի, 404 հոդվածի 1-ին մասի,396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հ․ Զ․-ի բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերվել է թվով 18 կանեփ տեսակի բույսի ցողուններ, երկու ապակե տարայի մեջ եղած «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։


















































