«Գագիկ Ծառուկյանը միշտ՝ թե՛ ինքն անձամբ, թե՛ իր քաղաքական թիմի հետ, թե՛ քաղաքական թիմին հանձնարարելով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը։ Չի եղել Իրանի հետ կապված ինչ-որ մի գործընթաց, որ մենք կամ մեր կարծիքը, կամ մեր սատարումը հայտնած չլինենք։ Սա շատ կարևոր է, որովհետև Իրանի հետ մեր հարաբերությունները, իրականում, առանց չափազանցության, հազարամյակների պատմություն ունեն։ Դրա հետ մեկտեղ, այո՛, ցավով պետք է արձանագրենք, որ այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիները»,- Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ կայացած հավաքի ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ հույս հայտնելով, որ Իրանի պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որպեսզի թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ։
Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, արդյունքում նրան կալանավորել են ԻԻՀ քաղաքացու հետ գործարար վեճի պատճառով։ Թեմային իր վերջին մամուլի ասուլիսում անդրադարձել էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը։
Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, Արման Աբովյանի գնահատմամբ՝ ապօրինի ներքաղաքական գործընթաց է, որի մեջ Իրանի քաղաքացիներ են ներգրավված։ Նա հիշեցրեց՝ Իրանում տեղի ունեցած իրավական գործընթացների արդյունքում Իրանի պատկան մարմիններն արդեն իսկ ունեն որոշումներ, համաձայն որոնց՝ հերքվում են Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող բոլոր մեղադրանքները. «Իրանի իրավական մարմինների որոշման հիման վրա, եթե չեմ սխալվում, նույնիսկ պարտավորագիր էր գրվել, համաձայն որի՝ հենց այդ խարդախներն են ֆինանսական խարդախություն փորձել իրականացնել Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Այսինքն՝ ֆիքսում ենք, որ Իրանի դատական համակարգը լիովին ջախջախել է այն մեղադրանքները, որոնց շուրջ այսօր տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ այդ գործընթացները։ Մենք արել ենք, անում ենք և կանենք ամեն ինչ, որ հանկարծ հայ-իրանական հարաբերությունները չփչանան։ Ոչ մի պարագայում մենք դա չպետք է թույլ տանք։ Եվ, իհարկե, հայցում ենք մեր իրանցի գործընկերներից, մեր իրանցի եղբայրներից համապատասխան հետադարձ գործողություններ»,- ասաց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԲՀԿ ներկայացուցիչները նամակ-դիմում հանձնեցին Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը։ Նրանց ընդունած իրանցի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել է, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են Գագիկ Ծառուկյանի և այս քրեական գործի շուրջ զարգացումներին և հետամուտ են լինելու խնդրի արդարացի հանգուցալուծմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































