«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավելի քան 11 ժամ տևած լրացուցիչ հարցաքննությունը Քննչական կոմիտեում ավարտվեց։
Մինչ Գագիկ Ծառուկյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս կգար շենքից, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ՔԿ-ի մոտ հավաքված Ծառուկյանի աջակիցներին հայտարարեց, որ հարցաքննությունը շարունակվելու է վաղը և առաջարկեց ժամը 10։00-ին վերստին հավաքվել ՔԿ-ի առջև։
Իսկ այդ ընթացքում մարդիկ «Ծա-ռուկ-յան, Ծա-ռուկ-յան» վանկարկումներով ճանապարհեցին ԲՀԿ առաջնորդին։
Կարդացեք նաև
«Այսքան ժամ առերեսում էր կատարվում։ Այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է տեղի ունեցել»,- լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք բազմաթիվ հարցեր ունեինք տուժող ճանաչված Իրանի քաղաքացուն և, ըստ էության, հարցերը չենք էլ ավարտել։ Մանրակրկիտ այն հարցերն ենք տալիս, որոնք, մեր համոզմամբ, վարույթն իրականացնող մարմինը չի էլ տվել։ Որովհետև մենք տեսնում ենք, որ ընդամենը հիմք են ընդունել նրանց դատարկ հայտարարությունները, իբր թե Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Այնինչ, բոլոր փաստերը ուղիղ հաստատում են, որ իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել։ Տեսնենք՝ վաղը ոնց կընթանա։ Այսինքն՝ վաղը կամ կշարունակվի նույն անձի հետ, իսկ ըստ օրենքի պետք է շարունակվի, որովհետև մենք նշել ենք, որ լրացուցիչ հարցեր ունենք, որոնք չենք սպառել։ Ուղղակի ժամային առումով սրանից ավել չէր թույլատրվում։ Հնարավոր է նաև այլ անձի հետ առերեսում տեղի ունենա՝ նույն անձի կամ հայրը, կամ եղբայրը, որոնք ևս տուժող են ճանաչված։
Մենք հիմա կոնկրետ հիմնավորում ենք և փորձում ենք կոնկրետ հարցերով ցույց տալ, ու վարույթ իրականացնող մարմինն էլ տեսնի, որ որևէ տվյալ չկա, որ այդ անձինք գումար են ներդրել»։
Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հաճախ իրենց հարցերը, որոնց պատասխանը կոնկրետ պետք է ավելի հիմնավորեր իրենց ասածը, վարույթ իրականացնող մարմնի կողմից անօրինական կերպով հանվում էր, ինչի շուրջ իրենք առարկություններ են ներկայացրել և դիրքորոշում հայտնել։
Իսկ փաստաբան Էմին Խաչատրյանն էլ հավելեց. «Կոնկրետ այն անձի հետ է առերեսումը, որի պարտքի վերաբերյալ ստորագրություն կա։ Ու այստեղից մեր բազմաթիվ հարցերի կարևորությունն այն է, որ մենք, որպես պաշտպանության կողմ, բացառենք միակողմանի քննությունը, որովհետև հնչեցված բազմաթիվ հարցերից, համոզված ենք, որ գրեթե մեծ մասը քննչական մարմնի կողմից չի տրվել այդ անձանց, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բացահայտվի»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































