Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ առավոտյան տնից ձերբակալել ու մայրաքաղաք են տեղափոխել գյումրեցի ՀՅԴ-ական Արա Նախշքարյանին

Հուլիս 29,2026 10:40 Share

Այսօր առավոտյան ժամը 9․00-ի սահմաններում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից երկու քննիչներ թակել են ՀՅԴ-ական Արա Նախշքարյանի բնակարանի դուռը ու նրան ասել՝ գնում ենք հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ առանց ձեռնաշղթաների։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հակոբ Մաթիլյանից։

Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱԺ ընտրություններին նախորդող օրերին, նա «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու էր։ Թե ինչ քրեական վարույթ էր, Արա Նախշքարյանը այդ մասին տեղեկացել էր իր տունը խուզարկելու ժամանակ։

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։ Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»,- ասաց Արա Նախշքարյանը։

Նա ասում էր, որ խուզարկությունների նպատակը վախ տարածելն է՝ թե՛ ՀՅԴ-ականների և թե՛ ընտրողների շրջանակում. «Ուզում են փշերի վրա պահել, բայց ասեմ, որ մենք վախեցողը չենք, որովհետև մենք նման բան չենք արել, հետևաբար չենք էլ կարող չարածի համար պատասխան տալ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է. «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել