Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձերբակալություններ Գյումրիում․ թիրախում այս անգամ Կարեն Սիմոնյանի թիմակիցներն են

Հուլիս 30,2026 13:20 Share

Այսօր վաղ առավոտյան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից այցելել են գյումրեցի Աշոտ Խաչատրյանի բնակարան՝ նրան ձերբակալելով ու տեղափոխելով մայրաքաղաք։ Նա ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրու Անի թաղամասի «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ էր։

Մեր տեղեկություններով, Երևան են տեղափոխել նաև երկու աղջիկների։

Հինգ օր առաջ էլ դատարանը տնային կալանքի էր ենթարկել այդ նույն շտաբի պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանին։

Նրանք երկուսն էլ Գյումրու ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի թիմակիցներն են։

Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու էր, և նրա շտաբը գտնվում էր Անի թաղամասում։

Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Խաչատրյանը ուներ վկայի կարգավիճակ, այժմ գնում է մայրաքաղաք՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչու են վկային բերման ենթարկել կամ ձերբակալել։

Նշենք, որ Աշոտ Խաչատրյանին «Հայաստան» դաշինքի բազում ներկայացուցիչների հետ բերման էին ենթարկել հենց ԱԺ ընտրությունների օրը՝ վաղ առավոտյան, սակայն ազատ էին արձակել, քանի որ ուներ վկայի կարգավիճակ։

Հրապարակված ձայնագրություններից մեկում հնչում է նրա անունը, սակայն նրա մասնակցությամբ որևէ ձայնագրություն կամ հեռախոսային խոսակցություն չկա։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»։

Գյումրիում չեն բացառում, որ ընդդիմադիրներին մեկուսացնելու միջոցով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ՏԻՄ ընտրությունների։

Ի դեպ, Կարեն Սիմոնյանի թիմակիցների ձերբակալություններին անդրադարձել է նաև «Կ․ Սիմոնյանի աջակիցներ» ֆեյսբուքյան էջը՝ տարածելով հետևյալ հայտարարությունը․

«Իշխող ուժը շարունակում է ճնշումները Կարեն Սիմոնյանի թիմակիցների նկատմամբ

Վերջին օրերին իրավապահների գործողությունները նոր թափ են ստացել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում հանրության շրջանում։

Այսօր առավոտյան բերման է ենթարկվել Կարեն Սիմոնյանի թիմակից Աշոտ Խաչատրյանը։ Մինչ այդ, դատարանի որոշմամբ, տնային կալանք էր կիրառվել շտաբի պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ։

Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին տարբեր գնահատականներ են հնչում։ Որոշ քաղաքական շրջանակներ ենթադրում են, որ այս գործողությունները կարող են նպատակ ունենալ սահմանափակել կամ կանխել առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացները։ Միևնույն ժամանակ, պաշտոնական մարմինները դեռևս չեն ներկայացրել մանրամասն պարզաբանումներ այս գործողությունների պատճառների վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ հանրային և քաղաքական ուշադրության կենտրոնում, իսկ հետագա զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աշոտ Խաչատրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել