Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երևանի կայազորային հոսպիտալ կատարած այցի շրջանակներում ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի հետ հանդիպմանը եւ նրան ծեծելու վերաբերյալ ահազանգին։
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ 19-ամյա ժամկետային զինծառայողը ենթարկվել է դաժան ծեծի, եւ, իրավապաշտպանի ունեցած տեղեկության համաձայն, նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել կայազորային հոսպիտալ։ ՊՆ-ն հերքել էր այդ պնդումը։
Մարդու իրավունքների պաշտպանը չհաստատեց, որ զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել։ «Մենք հետքեր որպես այդպիսին չենք արձանագրել։ Հանդիպումը եղել է վստահության վրա հիմնված, նաեւ նկատի ունենալով անձի հոգեկան առողջության վիճակը, անձը վստահության վրա հիմնված տարբեր հարցերով է կիսվել, այդ թվում՝ ոչ թե միայն այնտեղ գտնվելու եւ այլ հանգամանքների հետ կապված, այլ նաեւ հենց իր հոգեբանական վիճակի»,- ասաց նա։
Մանասյանի խոսքով՝ առաջին հարցը, որն այս պահին պետք է քննարկման առարկա դառնա, հետեւյալն է՝ արդյոք անձը պե՞տք է շարունակի զինծառայությունը, թե՞ ոչ։ «Նկատի ունեմ՝ պիտանի՞ է, թե՞ պիտանի չէ։ Այս տեսանկյունից սա մասնագիտական գնահատման հարց է, բայց մենք անընդհատ տարբեր մարմինների հետ այդ կապը պահում ենք։ Եվ երկրորդ հարցը համակարգային խնդիրն է՝ տարբեր հոգեբանական վիճակներում գտնվող անձինք ինչպես պետք է ինտեգրվեն զինվորական միջավայրում, ինչ է պետք է անել, որ չի արվում։ Եվ, բնականաբար, մենք տարբեր հարցերով ուսումնասիրություններ ենք պահանջել»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանն ասաց, որ տվյալ զինծառայողը զորակոչված է եղել կառավարության որոշման «7-ի Գ» կետով, այսինքն՝ սահմանափակումներով պետք է ծառայությունն անցնի։ Հարցին, թե պահպանվե՞լ է այդ կետը, նա պատասխանեց․ «Այդ հարցի հետ կապված համենայնդեպս հակառակը պնդելու հիմքեր չունենք»։
Անդրադառնալով զինծառայողի ծնողի հայտարարությանը, որ որդին չի ուզում վերադառնալ այդ զորամաս, ՄԻՊ-ն ասաց․ «Դրա համար էլ մենք պետք է հիմա համապատասխան ուսումնասիրություններ անենք։ Ես դրա համար եմ ասում, որ մի փոքր պետք է սպասել, որովհետեւ թե անձի հոգեկան առողջության վիճակն է դիտարկման ներքո գտնվում, թե մենք էլ միանշանակ ուսումնասիրություններ ենք իրականացնելու եւ տարբեր գործողություններ ենք պահանջելու տարբեր պետական մարմիններից։ Բայց այս պահի դրությամբ արձանագրումս այն է, որ դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































