Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կողմից պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

Հուլիս 30,2026 23:02 Share

 «Ա1+». Ռուսական երկաթուղիների (ՌԺԴ) ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ ընկերությունը ամբողջությամբ կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ հանրապետության բյուջեն ազատելով դրա վերականգնման և պահպանման ծախսերից»,- ասել է Բելոզերովը։

Նրա խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» ՌԺԴ-ին երբևէ շահաբաժիններ չեն վճարվել։

«Ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- նշել է նա։

Բելոզերովը հայտարարել է, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ գործող երկաթուղային կոնցեսիայի պայմանները։

«Եթե պայմանները փոխվեն կամ կոնցեսիան դադարեցվի, մենք իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ»,- ասել է ՌԺԴ-ի ղեկավարը։

Նա նաև ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղու» նշանակությունը՝ նշելով, որ այն Հայաստանի խոշորագույն ազգային գործատուներից մեկն է։

Բելոզերովի ներկայացմամբ՝ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» միջոցներով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

Անդրադառնալով հայկական երկաթուղու վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին տեղեկություններին՝ Բելոզերովը նշել է, որ ՌԺԴ-ն այդ մասին տեղեկացել է մամուլից։

«Մենք զարմանքով և տարակուսանքով իմացանք այդ տեղեկությունների մասին մամուլից»,- ասել է նա։

ՌԺԴ-ի ղեկավարը հավելել է, որ Դեբեդ գետի վարարումից հետո Հայաստանի հյուսիսում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ռուսաստանի պահուստային ֆոնդի միջոցներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել