Ռուսաստանը չի տեսնում պատճառ՝ հայկական երկաթուղու նկատմամբ իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին վաճառելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում աշխատում է համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Ընկերությունը շահույթ է ապահովում։ Ուստի մենք դրա համար որևէ պատճառ չենք տեսնում»,- ասել է նա։
Օվերչուկը նաև անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով «թունավոր» են Հայաստանի համար՝ նշելով, որ այդ պնդումը իրականության հետ կապ չունի։ Այդ մասին տեղեկանում ենք TASS-ից:
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ, իբր, «Ռուսական երկաթուղիները» ինչ-որ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար։ Բայց «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռնափոխադրումներ՝ տարանցիկ բեռներ, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ «թունավորության» կամ պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված հարցեր չի բարձրացնում՝ բացի Փաշինյանից»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։
Կարդացեք նաև
Փոխվարչապետի խոսքով՝ Ռուսաստանը նաև թարմացրել է Հայաստանի երկաթուղային շարժակազմը։ Մասնավորապես, 2020-2021 թվականներին թարմացվել են նաև ուղևորատար վագոնները։
Փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել էր քննարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը երկու երկրների համար բարեկամական երրորդ կողմին վաճառելու հնարավորությունը։ Սակայն կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ։
Օգոստոսի 30-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կոնցեսիայի շուրջ վեճը կարող է հասնել միջազգային արբիտրաժային գործընթացի, եթե իրավիճակը չհաջողվի կարգավորել։
Օգոստոսի 31-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ համագործակցությունը Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) հարցում՝ նախկին ձևաչափով։


















































