9-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 8-ը սյունեցի են։ 4 պատգամավոր ընդդիմությունից, 4-ը՝ կառավարող ուժից։
Սյունիքը խորհրդարանում կառավարող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կներկայացնի գորիսեցի, 33-ամյա Լեւոն Լեւոնյանը։ Նա ընտրացուցակի 34-րդ համարն է։ Լեւոնյանը ավարտել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը, 2022թ․-ից սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ֆակուլտետում։ 2018թ. ապրիլից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է, մինչեւ պատգամավոր դառնալը Երեւանի ավագանում անդամ էր, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ Ի դեպ, Լեւոն Լեւոնյանը աշխատել է Ազգային ժողովում․ 2019թ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2023-2024 թվականներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական։
Խորհրդարանի հնաբնակներից՝ 7 տարվա պատգամավորական աշխատանքի փորձ ունեցող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանն այս խորհրդարանում կշարունակի աշխատանքը։ Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ, ոստիկանության գնդապետ, գորիսեցի 53-ամյա Արմեն Խաչատրյանը քաղաքական ճանապարհը սկսել է 2018թ,-ի հեղափոխության օրերից, երբ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն էր։ Արմեն Խաչատրյանը 2026թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 19-րդ հորիզոնականում է։
Ընտրացուցակի 71-րդ տեղում հանգրվանած կապանցի 35-ամյա Նարեկ Ղահրամանյանը նույնպես խորհրդարանական աշխատանքի 6-ամյա փորձ ունի։ Բանակում ծառայելուց հետո Նարեկ Ղահրամանյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկա բաժինը, հետո ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն (կառավարում)» բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2018թ. հուլիս-հոկտեմբեր՝ ամիսներին Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր:
Կարդացեք նաև
Ծննդով սիսիանցի, 44-ամյա էներգետիկ-տնտեսագետ Կարեն Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» է տեղափոխվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Ըստ համացանցային բաց աղբյուրների՝ Համբարձումյանը երկար տարիներ եղել է ԲՀԿ անդամ, իսկ 2011 թվականից հանդիսացել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: Նա նաեւ ղեկավարել է ԲՀԿ Սյունիքի երիտասարդական թեւը։ Սիրո ու թավշյա հեղափոխությունից հետո նա 2018 թ. հունիսին «Ծառուկյան» դաշինքի քվոտայով նշանակվել է Սյունիքի մարզպետ: Հետագայում՝ 2018 թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Իմ քայլը» դաշինքով (որպես անկուսակցական): 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, այդ ընթացքում դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ ու 2021թ․-ին նորից ընտրվել պատգամավոր։ Խորհրդարանում 7 տարի աշխատած Կարեն Համբարձումյանն այս անգամ ընտրացուցակում 73-րդն էր։
Եթե սիսիանցի Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ից է գնացել դեպի իշխանություն, ապա 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված կապանցի Աննա Գրիգորյանը 2021 թվականին պատգամավոր ընտրվել է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով: 35-ամյա Աննա Գրիգորյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Խորհրդարանական 6 տարվա փորձառություն ունեցող Աննա Գրիգորյանը ըստ ԱԺ կայքի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով։ Նա 3-րդ հորիզոնականում է եղել, 9-րդ գումարման ԱԺ-ում կղեկավարի «Հայաստան» խմբակցությունը։
Քաղաքական նույն ուժի ցուցակով պատգամավոր է ընտրվել նաեւ սիսիանցի 48-ամյա Արթուր Սարգսյանը, որը ընտրացուցակի 11-րդ հորիզոնականում է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը, 2017-2021թթ․ Սիսիան համայնքի ղեկավարն էր։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2021-2022թթ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ էր: Արթուր Սարգսյանը ներկայումս տնային կալանքում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Բագրատ սրբազանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում, ըստ որի Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ մեղադրվում է ահաբեկչություն եւ իշխանության յուրացման նախապատրաստման մեջ։
Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակով պատգամավորի մանդատ են ստացել երկու հոգի։ Գորիսեցի, 43-ամյա Իրինա Յոլյանը երկար տարիներ լրագրող է աշխատել, զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2018թ,-ից նա Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալն էր։ Այս տարվա մարտի 16-ին նա հայտարարեց պաշտոնը թողնելու մասին՝ նշելով, որ «Սյունիքի հետ կապը կմնա անխզելի»։ Այնուհետեւ Իրինա Յոլյանը համալրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության շարքերը։ Նա ընտրացուցակի 12-րդ համարն է։
«Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի 30-րդ հորիզոնականում գտնվող քաջարանցի, 31-ամյա Անուշ Միրզոյանը նույնպես լրագրող է։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, մինչեւ պատգամավոր ընտրվելը Միրզոյանը ոչ մի տեղ չէր աշխատում։
Ի դեպ՝ սյունեցի պատգամավորներից Անուշ Միրզոյանն ու Լեւոն Լեւոնյանը չեն ամուսնացել։ Աննա Գրիգորյանը ունի մեկ զավակ, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը, Իրինա Յոլյանը, Արմեն Խաչատրյանը ունեն երկուական զավակ։ Արթուր Սարգսյանը բազմազավակ հայր է, նա ունի 4 զավակ։


























































