Լրահոս
Օրվա լրահոսը

Ներեկեղեցական և կանոնական իրավունքի տիրույթին պատկանող հարցերը քրեական վարույթի առարկա դարձնելը պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ

Օգոստոս 06,2026 13:55 Share

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Ներեկեղեցական և կանոնական իրավունքի տիրույթին պատկանող հարցերը քրեական վարույթի առարկա դարձնելը պետական իշխանության կոպիտ և անթույլատրելի միջամտություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը։

Եպիսկոպոսների կարգավիճակին, նրանց ծառայությանը կամ թեմերի կառավարմանն առնչվող խնդիրները, նրանց վարքը և անձնական կյանքը, կարող են քննվել և լուծվել բացառապես եկեղեցու կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի շրջանակում։

Իշխանության այս քայլը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը, որոնք ճանաչում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի պահպանման և ազգային ինքնության ամրապնդման գործում, ինչպես նաև երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը։

Հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում անգամ օտարերկրյա զավթիչներն ու տիրապետողները չեն համարձակվել իրենց և հայոց եկեղեցու միջև առկա խնդիրները քրեական հետապնդման միջոցով լուծել կամ պետական հարկադրանքով վերաձևել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական կարգը։ Այն, ինչին այսօր դիմում է Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իրավական կամ քաղաքական կամայականություն է, այլև հարված հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կառույց կամ հասարակական կազմակերպություն չէ։ Այն դարեր շարունակ եղել է պետականությունը կորցրած հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային գոյության գլխավոր հենասյուներից մեկը։ Եկեղեցու կանոնական կարգի նկատմամբ պետական ոտնձգությունը նշանակում է խարխլել հայ ժողովրդի գոյութենական հենասյուներից մեկը և թուլացնել ազգային ինքնության, ներքին միասնականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության հիմքերը։

Կաթողիկոսի և Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասի նկատմամբ քրեական ճնշումը բացահայտում է իշխանության վտանգավոր ձգտումը՝ պետական հարկադրանքի միջոցով ենթարկեցնելու ազգային այն հաստատությունները, որոնք չեն ծառայում իշխող խմբի և նրանց տերերի քաղաքական շահերին։ Սա անընդունելի է և պետք է արժանանա Հայաստանի ու Սփյուռքի հայության, ինչպես նաև իրավապաշտպան և միջազգային կառույցների վճռական հակազդեցությանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը պահանջում է՝

  • Անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվող քրեական հետապնդումը,
  • Բացառել պետական մարմինների ցանկացած միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական և ներքին կառավարման հարցերին,
  • Վերականգնել սահմանադրական օրինականությունն ու հարգել Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը,
  • Պատասխանատվության ենթարկել իշխանությունը չարաշահած և ապօրինի հետապնդում կազմակերպած պաշտոնատար անձանց։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը որևէ անձի կամ հոգևորականի անձնական պաշտպանությունը չէ։

Դա հայ ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության, հոգևոր ինքնիշխանության և գոյատևման իրավունքի պաշտպանությունն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31