Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, միջազգային պայմանագրերից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ձևավորված նախադեպային իրավունքից բխում է, որ կալանավորված կամ ազատազրկված անձը, գտնվելով պետության լիակատար վերահսկողության ներքո, ունի առողջության պահպանման և իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն ու սննդակարգ ստանալու իրավունք։ Աղմկահարույց քրեական գործերով ճանաչված փաստաբան Աննա Ծառուկյանը (լուսանկարում) այս տարվա փետրվարի 3-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այնտեղից նրա դիմումը հասցեագրել էին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Առավոտի» հետ զրույցում փաստաբանն ասաց, որ փետրվարի 12-ին ստացել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի գրությունը։ ՀՀ ԱՆ-ն հայտնել էր, որ 2026թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արփինե Ռազմիկի Կարապետյան» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման ցանկի, սննդամթերքի ցանկի, քանակի, որակի հսկողությունն իրականացվում է 2024թ. հունիսի 20-ի ՀՀ արդարադատության նախարարի 354-Ն հրամանով նախատեսված կարգով։ Այդ հրամանի համաձայն, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց մատակարարվող սննդի չափաբաժինների նկատմամբ հսկողություն իրականացվում է ամենօրյա ռեժիմով, յուրաքանչյուր մատակարարման ժամանակ օրվա հերթապահի կողմից։ Փաստաբանը ուշադրություն էր հրավիրել հատկապես դատարան տեղափոխելիս կալանավորվածների, ազատազրկվածների սննդակարգի պահպանմանը, չորս և ավելի ժամ տևողության փոխադրման ժամանակ չոր սննդի հատկացմանը։ Նախարարությունը հայտնել էր. «Դատարաններում առկա չեն համապատասխան պայմաններ, սննդի որոշ տեսակներից, մասնավորապես, մսից կամ ձկան պահածոյից օգտվելու համար», դրա համար էլ տրվում է չոր սնունդը։ Ազատազրկվածը, եթե հրաժարվում է սննդից, կազմվում է արձանագրություն։ Որոշակի հիվանդություններ ունեցողների համար հարցը մնացել է դեռևս չլուծված։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապահովել կալանավորված անձի առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ բժշկական ցուցումներից բխող հատուկ սննդակարգը։ Ի՞նչ հարցերի մասին էր բարձրաձայնել փաստաբանը։
«Եթե անձը տառապում է շաքարային դիաբետով, նրան անհրաժեշտության դեպքում պետք է տրամադրվի դիաբետիկ սննդակարգ՝ վերահսկվող ածխաջրային պարունակությամբ, կանոնավոր ժամերին սննդի ընդունմամբ և հիվանդության առանձնահատկություններին համապատասխան սննդով։ Նույն պարտականությունը վերաբերում է նաև երիկամային, լյարդային, ստամոքսաղիքային, ալերգիկ և այլ հիվանդություններով տառապող անձանց, երբ համապատասխան սննդակարգը նշանակված է բժշկի կողմից։ Այս պարտականությունը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածից, որով արգելվում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը։ ՄԻԵԴ-ը բազմիցս ընդգծել է, որ պետությունը պարտավոր է ոչ միայն չվնասել կալանավորվածի առողջությանը, այլև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նրա առողջական վիճակը պահպանելու համար։
ՄԻԵԴ-ի «Blokhin v. Russia գործով» (Blokhin v. Russia) Մեծ պալատը նշել է, որ անազատության մեջ գտնվող անձին համապատասխան բժշկական խնամքի և առողջական վիճակին համապատասխան պայմանների չտրամադրումը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման։
«Kudła v. Poland գործով» (Kudła v. Poland) Մեծ պալատը վերահաստատել է, որ պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի կալանքի պայմանները և բժշկական սպասարկումը համատեղելի լինեն մարդու արժանապատվության հետ, իսկ առողջական վիճակը չվատթարանա պատշաճ խնամքի բացակայության պատճառով։
«Farbtuhs v. Latvia գործով» (Farbtuhs v. Latvia) դատարանը նշել է, որ ծանր առողջական խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անհրաժեշտ բժշկական և խնամքի միջոցների բացակայությունը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք։
Կարդացեք նաև
«Wenner v. Germany գործով» (Wenner v. Germany) ՄԻԵԴ-ը շեշտել է, որ եթե բժշկական անհրաժեշտությունը հաստատված է մասնագետների կողմից, պետությունը պարտավոր է իրական և արդյունավետ կերպով ապահովել նշանակված բուժումը և չսահմանափակվել ձևական միջոցներով։
Նման մոտեցում է արտահայտվել նաև «Paladi v. Moldova գործով» (Paladi v. Moldova), որտեղ դատարանը նշել է, որ առողջության պահպանման համար անհրաժեշտ բժշկական ցուցումների անտեսումը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման։ Հետևաբար, եթե քրեակատարողական հիմնարկը չի ապահովում բժշկի կողմից նշանակված հատուկ սննդակարգը, օրինակ՝ դիաբետիկ, երիկամային կամ այլ բուժական սնունդ, և դրա հետևանքով վտանգվում կամ վատթարանում է կալանավորված անձի առողջական վիճակը, ապա նման անգործությունը կարող է հանգեցնել ոչ միայն առողջության իրավունքի խախտման, այլ նաև Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտման մասին եզրակացության։
Բժիշկների խորհրդատվության արդյունքում պարզվում է, որ շաքարային դիաբետ կամ այլ հիվանդություն ունեցող կալանավորված անձին չի տրամադրվում նրա առողջական վիճակին համապատասխան սնունդ, կարող են առաջանալ լուրջ բժշկական բարդություններ, այդ թվում՝ Շաքարային դիաբետի դեպքում արյան գլյուկոզայի կտրուկ բարձրացում (հիպերգլիկեմիա), արյան գլյուկոզայի վտանգավոր նվազում (հիպոգլիկեմիա), եթե ինսուլինը կամ դեղորայքը չի համադրվում սննդի հետ, դիաբետիկ կետոացիդոզ կամ հիպերօսմոլյար վիճակ, որոնք կյանքին սպառնացող անհետաձգելի վիճակներ են, գիտակցության կորուստ, կոմա, սրտանոթային բարդությունների, ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի ռիսկի աճ։
Երիկամային հիվանդության դեպքում հեղուկի կուտակում, արյան մեջ կալիումի բարձրացում (հիպերկալիեմիա), որը կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խանգարումներ, երիկամային անբավարարության խորացում։
Լյարդի հիվանդությունների դեպքում լյարդի ֆունկցիայի վատթարացում, լյարդային էնցեֆալոպաթիայի զարգացման վտանգ, այտուցների և ասցիտի խորացում։
Սննդային ալերգիայի դեպքում ալերգիկ ռեակցիաներ՝ մինչև անաֆիլաքսիա, որը կարող է կյանքին վտանգ սպառնալ։
Բժշկական տեսանկյունից հատկապես շաքարային դիաբետի դեպքում սննդակարգը բուժման անբաժանելի մասն է։ Եթե հիվանդը ստանում է ինսուլին կամ շաքարն իջեցնող դեղամիջոցներ, բայց չի ստանում համապատասխան սնունդ կամ սնվում է անկանոն, կարող է զարգանալ սուր, կյանքին վտանգ սպառնացող վիճակ։
Հետևաբար, բժշկի նշանակած բուժական սննդակարգի չապահովումը կարող է հանգեցնել հիվանդության սրացման, անդառնալի բարդությունների և նույնիսկ մահվան վտանգի։ Այս հանգամանքը կարևոր է նաև իրավական գնահատման տեսանկյունից, քանի որ այն կարող է վկայել, որ անձի առողջության պահպանման համար պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունները։
Ուստի, պետության վրա դրված է դրական պարտավորություն՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և ողջամիտ միջոցները, որպեսզի ապահովվի բժշկի կողմից նշանակված սննդակարգը և կանխվի անձի առողջական վիճակի վատթարացումը»։
Փաստաբանն առաջարկում է՝ իրավասու մարմինները պարտավոր են նախապես գնահատել կալանավորված անձի բժշկական կարիքները, կազմակերպել համապատասխան սննդի տրամադրումը, ապահովել սննդի ընդունման անհրաժեշտ ժամերը և ունենալ հստակ ընթացակարգեր այն դեպքերի համար, երբ ընդհանուր սննդակարգը բժշկական առումով հակացուցված է տվյալ անձի համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2026


















































