«Ես կարծում եմ՝ առաջին հերթին պարոն Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարին, իր առաջնորդին։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանի դատավարությունն էր, հիշում եմ մի դրվագ, կարծեմ՝ դուք՝ լրագրողներով, հարցրեցիք միջադեպի մասին, այդ մարդը շատ պարզ ասաց․ «Քանի որ Ազգային ժողովում այդ մասով արդեն խոսել են, եկել են ընդհանուր հայտարարի, ես հարկ չեմ համարում խոսել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն անընդհատ պնդում, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի երեկվա համար, և ի՞նչ էր ցանկանում ասել Ռուբեն Ռուբինյանը՝ ի՞նչ կստանա ընդդիմությունը՝ ծեծ ու ջա՞րդ։
Լրագրողը հիշեցրեց, որ այսօր ՔՊ-ականների կողմից դահլիճում «սրիկա» բառը մի քանի անգամ օգտագործվեց․ այսինքն՝ ձեզ թույլատրելի՞ է Էդգար Ղազարյանին այդ բառն ասելը։
«Թույլատրելի չէ այնքան ժամանակ, քանի դեռ իր թիմը չի ասում, որ անհաշտ է այդ արարքի հետ։ Անհաշտ է, այդ թվում՝ պարոն Կարապետյանը, որ այո, դա շատ վատ է կամ խախտում է։ Հիմա այստեղ հակառակն է ստացվում։ Այսինքն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը սահմանել է խաղի կանոններ, այդ թվում՝ ինքն է սահմանել, որովհետև և՛ Աննա Գրիգորյանը, և՛ Նարեկ Կարապետյանը, և՛ Արծվիկ Մինասյանը սահմանել են այդ խաղի կանոնները։ Հիմա այդ մարդու սահմանած խաղի կանոնները իր խմբակցության անդամը չի հարգում։ Ես կարծում եմ, որ սա նախ և առաջ վիրավորական է հենց իրենց համար»,- ասաց նա։
Սիսակ Գաբրիելյանը կարծում է՝ Ազգային ժողովի ամբիոնից կարելի է ամեն ինչ խոսել, իհարկե, բարեկրթության որոշակի սահմաններում․ «Այն կանոնները, որ ասում եք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է սահմանել, և ես կարծում եմ, որ սա նախ և առաջ ինքը իր թիմին է վիրավորում, որովհետև Էդգար Ղազարյանը անկախ պատգամավոր չէ, ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը»։
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ականներն են վիրավորական արտահայտություններ անում, այդ ժամանակ ներողություն չեն խնդրում։ Շատ դեպքեր են եղել, նույնիսկ հայհոյանքներ են հնչել Ազգային ժողովում, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց․ «Իններորդ գումարման Ազգային ժողովում կան ուժեր, որոնցից մեկը նոր ուժ է։ Բայց այն անձը, որի մասին խոսում ենք, ամենևին նոր չէ։ Այդ ուժի ղեկավարը եկել, ասել է՝ «ես ուզում եմ, որ այսպես լինի», պարոն Ռուբինյանն առաջարկել է, այդ մարդիկ ասել են՝ «շատ լավ, այսպես կլինի»։ Հիմա այդ մարդը, որ սահմանել է կանոն, իր խմբակցության անդամը չի պահպանում դա, ու սա բերելու է այն իրավիճակին, որը տեսնում եք։ Մենք միշտ ասել ենք՝ եկեք բարեկրթության սահմաններում պահենք։ Երեկ էլ եմ հարցազրույց տվել․ մեր պատգամավորներից մեկը (կարծեմ՝ պարոն Ալեքսանյանը) խոսքի մեջ ինչ-որ բառ ասաց, նախագահողն ընդհատեց, ասաց՝ «չի կարելի, մի՛ ասա», որովհետև նկատեց, որ առաջին շարքերում նստած պատգամավորները որոշակի ռեակցիա տվեցին։ Մենք էլ ընկալեցինք, որ չի կարելի այդպես ասել»։
Լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ այսօր ավելի ուշ կհրապարակի խմբակցության որոշումը՝ Էդգար Ղազարյանի մասով․ «Այսօր հետաքրքիր է լինելու»։
Լրագրողի հարցին՝ խմբակցությունից նեղացա՞ծ է, որ իրեն չեն սատարում, Էդգար Ղազարյանն էլ պատասխանեց․ «Իսկ ո՞վ ասաց՝ չեն սատարում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































