Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյան

Օգոստոս 18,2026 22:50 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական աշխատանքների ընթացքին, հետևել մթերման գործընթացին։

Ընկերությունից նախարարին հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել մթերումների ընթացքին», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Ընթացիկ տարվա օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը։ Արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից ամենամեծ ծավալը՝ 1800 տոննան, մթերվել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի խոշոր ընկերություններից է։ Այն անդադար զարգացող ու ընդլայնվող ընկերություն է՝ այսօր արդեն տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել