«Մյուս երեսը դարձնելու» հակառակ երեսը
Աստվածաշնչի ամենահաճախ մեջբերվող եւ, կարծում եմ, ամենասխալ հասկացված միտքը հետեւյալն է: «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ.: 5:39): Դա հաճախ մեկնաբանվում է որպես թուլամորթություն եւ կրավորականություն՝ իբր Հիսուսի այս խոսքերը նշանակում են՝ «զգաստ կանգնիր եւ թույլ տուր, որ քեզ ծեծեն»:
Կարդացեք նաև
Մինչդեռ Տիրոջ ասածը դրա հետ կապ չունի: Դա իրականում մարտահրավեր է, եթե ուզում եք, լավ իմաստով՝ սադրանք է, որն ուղղված է թե՛ ձեզ ապտակողին, թե՛ հենց ձեզ: Ո՞րն է մեր սովորական արձագանքը, երբ մեզ վիրավորում են, սպառնում են, ֆիզիկական կամ հոգեբանական ցավ են պատճառում: Կենցաղային առումով ընդունելի տարբերակները երկուսն են՝ կա՛մ պատասխան հարվածն ես տալիս, կա՛մ, եթե գիտես, որ ուժերդ չեն հերիքում, փախչում ես:
Հիսուս առաջարկում է երրորդ (ընդունենք, ավելի դժվար) տարբերակը՝ դու ո՛չ փախչում ես, ո՛չ էլ կռիվ ես սարքում: Դու ամուր կանգնած ես քո տեղում, քո ամբողջ տեսքով ցույց ես տալիս, որ չես պատրաստվում նահանջել, չես պատրաստվում հրաժարվել քո համոզմունքներից, եւ դիմացինին բարոյական ընտրության առաջ ես կանգնեցնում:
Իհարկե, լինում են դեպքեր, երբ դու պետք է ակտիվորեն դիմադրես, եւ այդ պատճառով քրիստոնյաների մոտ կա արդար կամ սրբազան պատերազմի հասկացությունը: Երբ թշնամին գալիս է քո տուն եւ պատրաստվում է քեզ սպանել ու քո տան կանանց բռնաբարել, դու նրան պետք է ոչնչացնես: Հենց դա էլ արել է մեր ժողովուրդը 1992-94 թվականներին: Հիմա, ի դեպ, Հայաստանում իշխանության գլխին հենց այդ թշնամու ներկայացուցիչներն են: Նրանք ասում են՝ «պետք չէր դիմադրել», «2023 թվականին ձեզ ձեր տներից վռնդել են, լավ են արել»: Բայց խոսքն այդ դեպքերի մասին չէ:
Վերցնենք շատ ավելի «խաղաղ» մի տարբերակ: Ձեզ հայհոյել են կամ առնվազն վիրավորել են սոցցանցի որեւէ մեկնաբանությամբ: Սովորական տարբերակները հետեւյալն են. գրել պատասխան վիրավորանքը (խփել), կամ արգելափակել այդ օգտատիրոջը, թույլ չտալ, որ նա մեկնաբանություն գրի (փախչել): Բայց կարելի է որեւէ արձագանք չտալ՝ դրանով իսկ մտածելու տեղիք տալ՝ իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Դրանով դու հայհոյախոսին մարտահրավեր ես նետում՝ գուցե նա կարողանա տեղափոխվել բարոյական-հոգեւոր չափումների այլ դաշտ: Բնականաբար, հայհոյախոսների 90-95 տոկոսն այդ առաջարկը չի ընդունի: Բայց, կարծում եմ, մարդկանց միշտ պետք է հնարավորություն տալ:
Քաղաքականության մեջ նույնպես այդ մարտավարությունը երբեմն արդյունքներ է տալիս: Մանդելայի, Գանդիի կամ Մարտին Լութեր Կինգի մասին արդեն շատ է խոսվել: Բայց ես ուզում եմ բերել մեկ այլ օրինակ, որն ավելի մոտ է Աստվածաշնչին:
1979 թվականի հունիսի 2-ին՝ Հոգեգալստյան տոնից մեկ օր առաջ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը պատարագ մատուցեց Վարշավայի այն ժամանակվա Հաղթանակի (այժմ՝ Պիլսուդսկու) հրապարակում: Կաթոլիկ եկեղեցու՝ ծագումով լեհ առաջնորդը հարյուր հազարավոր հավաքվածների առաջ քաղաքական կարգախոսներով հանդես չէր գալիս, նա չէր ասում՝ «կորչի՛ կոմունիզմը»: Նա խոսում էր ազատության, արժանապատվության եւ վերափոխման մասին: Քարոզի բարձրակետն էր հետեւյալ կոչը (վերաշարադրում եմ). «Թող իջնի Քո հոգին եւ նորոգի այս երկրի երեսը»: Պատկերացնո՞ւմ եք հավաքվածների ոգեւորությունը:
Կոմունիստական համակարգը դրանից հետո ձեւականորեն գոյատեւեց եւս մոտ 10 տարի: Այդ համակարգի «գերեզմանափորերից» մեկը՝ «Սոլիդարնոստ» անկախ արհմիությունը Լեհաստանում ստեղծվեց Հովհաննես Պողոսի վարշավյան այցից մեկ տարի անց՝ 1980 թվականի ամռանը: Բայց հետազոտողների մեծ մասը գտնում է, որ կոմունիզմի տապալման խորհրդանշական սկիզբը դրվեց հենց Վարշավայի հրապարակում: Ինչո՞ւ: Որովհետեւ, երբ Հավատն անսասան է, երբ Բարու հաղթանակին հավատացող մարդիկ ոչ փախչում են, ոչ էլ անիմաստ կռվի մեջ են մտնում, խավարը չի կարող չնահանջել:
…Հետեւաբար, խնդիրը ոչ թե ՔՊ-ական, նիկոլական ագրեսիային նույնատիպ ագրեսիայով պատասխանելն է, ոչ էլ այդ ագրեսիան անտեսելն ու փախչելն է: Ոչ էլ նույնիսկ պարզապես փողոց դուրս գալը՝ չնայած վերջում դա պետք կլինի: Խնդիրը անսասան հավատն է, մաքրությունը, անկեղծությունը եւ, այո, «Սոլիդարնոստ»-ը՝ համերաշխությունը: Եթե դրանք իսկապես հաստատվեն ընդդիմադիր դաշտում, այս բռնապետական ռեժիմն անխուսափելիորեն կտապալվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































