Նրանք, ովքեր չեն սատարում Փաշինյանի՞ն
Ընդհանուր առմամբ. «մարգինալ» («լուսանցքային») բնորոշումը կամ պիտակն իմ մեջ բացասական էմոցիաներ չի առաջացնում: Կախված նրանից, թե ինչպիսին է տվյալ հասարակության, գուցե տվյալ ազգի «մեյնսթրիմը», շատ դեպքերում գերադասելի է ընտրել «լուսանցքը»: Օրինակ, եթե մեր ազգի ճնշող մեծամասնության ուշքը գնում է Դումիկյանի կամ Խչոյի համար, ապա ես կգերադասեմ լինել «մարգինալ» եւ նրանց երգերը չլսել: Կամ, եթե Հայաստանի քաղաքացիների, ենթադրենք, 70 տոկոսը վստահ է, որ վերջերս Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցին քանդել են «նախկիններն» ու «ռսաստրուկները», ապա ես, ավելի լավ է՝ մնամ լուսանցքում եւ մտածեմ, որ դա արել են ադրբեջանցիները, որոնց հետ մենք «խաղաղություն ենք հաստատել»:
Բայց ակնհայտ է, որ քաղաքական գործիչները «մարգինալությունը» դիտում են որպես բացասական երեւույթ: Բոլոր երկրների իշխանություններին հատուկ է «լուսանցք մղել» այն մարդկանց կամ ուժերին, որոնք նրանց հետ այս կամ այն հարցում համաձայն չեն: Վերջին շրջանի լավագույն օրինակը Թրամփն է: Օրեր առաջ ԱՄՆ նախագահը լեգենդար ռոք-երաժիշտ Բրյուս Սփրինգստինին անվանել է վատ եւ ձանձրալի երգիչ՝ ի պատասխան վերջինիս քննադատության:
Անցած շաբաթ Թրամփը հարձակվել էր Հռոմի պապ Լեո 14-ի վրա, որն, ի դեպ, ճակատագրի հեգնանքով ամերիկացի է: Լեո 14-րդը բարոյական գնահատական է տվել Իրանի դեմ վարվող պատերազմին, ինչը, կարծում եմ, ցանկացած հոգեւորականի պարտքն է: Թրամփի պատասխանը մոտավորապես հետեւյալն էր (բառացի մեջբերում չէ)՝ տո, դու ո՞վ դառար, դու ի՞նչ ես հասկանում քաղաքականությունից, ո՞ւր ես մտնում պետության գործերի մեջ, բա որ Բայդենի վախտ ինչու ձեն չէիր հանում եւ այլն: Չնայած «մարգինալ» բառը չի հնչել, իմաստը հենց դա՛ է:
Կարդացեք նաև
Իսկ ահա Հայաստանի կառավարությունը պաշտոնապես «լուսանցքային» է հռչակել Սփյուռքի որոշ գործիչներին եւ կառույցներին: Հավանաբար, նրանց, ովքեր իրենով՝ այդ կառավարությամբ չեն հիանում: Ապրիլի 9-ի կառավարության նիստում այդ «մարգինալների» մասին, առանց անունը տալու, խոսել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ մասին է խոսքը: Արդյո՞ք միայն Դաշնակցության:
Այդ հարցին պատասխանելու համար, թվարկեմ այն հայտնի սփյուռքահայերին, որոնք հորդորել էին ՀՀ վարչապետին՝ հրաժարվել կաթողիկոսին փոխելու մտադրությունից: Դա արել էին միանգամայն հարգալից եղանակով, բայց առաջացրել էին Հայաստանի իշխանավորների բուռն դժգոհությունը. դարձյալ՝ նրանք ո՞վ դառան, նրանք իրավունք չունեն Սփյուռքը ներկայացնելու, Սփյուռքի անունից խոսելու: (Ի դեպ, չէին էլ խոսում, չէին ասում՝ «մենք՝ Սփյուռքս»): Հիմա այդ մարդիկ «լուսանցքայի՞ն» են:
Հիշեցնեմ, թե ովքեր էին ստորագրել այդ հորդորի տակ. ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Դենհամի պրոֆեսոր Լորդ Արա Դարզին, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վաչե Գաբրաշը, բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանը, «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը: ՀՀ կառավարությունը կարո՞ղ է որոշել նրանց «մարգինալության» աստիճանը:
Սփյուռքում գործող ՀԱՍԵ թեմերը մարգինա՞լ են: Հայկական համագումարը, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, Հայ օգնության ֆոնդը, վերջապես, նույն Հայ հեղափոխական դաշնակցությունը մարգինա՞լ է: Բնականաբար, այդ բոլոր կազմակերպությունները քննադատվելու շատ տեղեր ունեն: Բայց թող ներկայիս իշխանությունները հրապարակեն ոչ մարգինալ, «մեյնսթրիմային» անձանց ու կազմակերպությունների ցուցակը, եւ մենք կտեսնենք, թե արդյոք նրանք բոլորն անթերի են:
Լավ, շատ հնարավոր է, որ Հայաստանում իշխանավորների ինչ-որ մի խումբ իրենց չհավանած կամ իրենց չհավանող սփյուռքահայերին «լուսանցքային» է համարում: Բայց, եթե այդ իշխանավորները պետական այրեր են, ոչ թե հոխորտացող լակոտներ, նրանք պետք է իրենց կարծիքն իրենց մեջ պահեն եւ փորձեն օգտագործել այդ սփյուռքահայերի ներուժը ազգային ու պետական խնդիրների լուծման համար:
Եթե…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

















































