Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժնեւի երրորդ կոնվենցիայի, որը Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են, 118-րդ հոդվածը նախատեսում է բոլոր ռազմագերիների ազատումն ու հայրենադարձումը առանց ուշացման՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո». իրավապաշտպան

Օգոստոս 23,2026 16:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպանները, մասնագետներն ու հանրությունը շարունակում են իրենց անհամաձայնությունն արտահայտել Ազգային Ժողովի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ Բաքվում պատանդառված հայ ռազմագերիների վերադարձի ու դրանով պայմանավորված «խաղաղության» մասին արած հայտարարությանը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այդ հայտարարության ամբողջական բովանդակությանը ծանոթ չեմ եւ դա վերլուծել չեմ կարող: Բայց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների եւ երկրորդ աշխարհամարտի գերիների համեմատության մասին կասեմ հետեւյալը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնականում խոսվում է խաղաղության մասին: Բայց Բաքվի բանտում դեռեւս պահվում են հայ գերիներ: Թե որքանով հնարավոր է նրանց ռազմագերի համարել, դժվար է այդ որակումը տալ, որովհետեւ ռազմագերիները հենց ռազմական գործողություններին մասնակցած անձինք են: Մինչդեռ, այնտեղ հիմնականում քաղաքացիական անձինք կան, եւ դա որպես այդպիսին մշտապես խաղաղության գործընթացի էական՝ մարդասիրական եւ վստահության կառուցման բաղադրիչներից է:

Ընդհանրապես, դժվար է խոսել կայուն, տեւական խաղաղության մասին, երբ հակամարտության հետեւանքները դեռեւս շարունակում են եւ մի կողմի մոտ անձինք կան, որոնք ազատազրկված են եւ պահվում են, կարծես թե, որպես պատանդ: Նրանց ազատ արձակումը եւ անվտանգ վերադարձը փաստացի նույնիսկ չի կարելի դիտարկել որպես քաղաքական զիջում, որովհետեւ դա արդեն իսկ ամրագրված է միջազգային կոնվենցիաներով: Մասնավորապես, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 118-րդ հոդվածը նախատեսում է բոլոր ռազմագերիների ազատումն ու հայրենադարձումը առանց ուշացման՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո: Այդ կոնվենցիայում այդպես է ձեւակերպված տվյալ հոդվածը, որը հիմնականում աշխատում է, երբ ռազմական գործողությունները ակտիվության փուլում դադարում են;

Այդ հոդվածին է նաեւ ժամանակին հղում կատարել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը, որը 2020 թվականի պատերազմից հետո հենց ֆիքսել է, որ ռազմագերիները պետք է վերադարձվեն, որովհետեւ կանգնեցվեց պատերազմը եւ խաղաղության ենթատեքստում այդ գործողությունները պետք է ակտիվորեն իրականացվեն եւ առնվազն խաղաղության բանակցային գործընթացում լինեն հիմնական առանցքը; «Խաղաղություն չկա, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձել» ընդդիմության ձեւակերպումը որպես այդպիսին քաղաքական գնահատական չէ, կոնվենցիոն հիմքերով  իրավական ձեւակերպում է եւ ոչ թե ուղղակի բարի կամք; առավել եւս, որ Ադրբեջանն ու Հայաստանը վավերացրել են Ժնեւի այդ կոնվենցիաները:

Ճիշտ է, ես այդ պատգամավորի խոսքը չեմ լսել, բայց այս կոնվենցիան ընդունվել է 1949 թվականին, այսինքն, այն ժամանակ, երբ համաշխարհային պատերազմը չի եղել: Կոնվենցիան 1949 թվականից մինչեւ այժմ գործում է եւ բոլոր պետությունները դա վավերացնում են որպես պատերազմների կանխարգելման, պատերազմների հետեւանքների արագ վերացման երաշխիք: Եվ հիմա գնալ նախորդ դարի արյունալի իրավիճակներ, առանց կոնվենցիոն իրավական հիմքերի դրանք համեմատել իրար հետ, կարծում եմ՝ ոչ միայն տեղին չէ, այլեւ իրավական առումով չունի համեմատելի հիմք: Կարեւոր են նաեւ ծավալները: Եթե մենք այսօր խոսում ենք մի քանի տասնյակ անձանց մասին, այն ժամանակ գերիները հարյուր հազարներով էին: Համեմատությունը նաեւ ընդհանրապես տեղին չէ զուտ այն պատճառով, որ այն ժամանակ միջազգային իրավունքը չուներ այն գործիքակազմը, որն այսօր առկա է գերիների վերադարձի  տեսքով ու հոդվածներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31