Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Բաքվի բանտերից հայ գերիների ուղերձներում առաջին հերթին մարդկային արժանապատվության պահպանման կոչեր են»

Հուլիս 24,2026 13:28 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ռաֆայել Մարտիրոսյան

-Պարոն Մարտիրոսյան, Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար ուղերձներ է հղում բանտից։ Եթե անդրադառնանք նրանց խոսքին, ո՞րն է հիմնական ուղերձը։

-Եթե ուշադրությամբ ընթերցենք Բաքվի բանտերից հնչող հայ գերիների ուղերձները, ապա կտեսնենք, որ դրանք առաջին հերթին մարդկային արժանապատվության պահպանման կոչեր են։ Տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակներում հնչեցված խոսքերը կարող են տարբեր լինել, սակայն դրանց մեջ կա մի ընդհանրական առանցք։

Առաջինը՝ նրանք ցանկանում են, որ իրենց չմոռանան։ Յուրաքանչյուր ուղերձ հիշեցում է, որ Բաքվի բանտերում շարունակում են մնալ հայեր, որոնց ազատությունը սահմանափակված է և որոնց ճակատագիրը չի կարող դուրս մնալ Հայաստանի և միջազգային հանրության օրակարգից։ Նրանց ուղերձներում ակնհայտ է արդարության ակնկալիքը, հատկապես վերջերս Դավիթ Իշխանյանի և ընդհանրապես բոլորի ուղերձները։

Փաստացի դիմելով իրենց հարազատներին՝ այդուհանդերձ հիմնական շեշտադրումն ուղղված է պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին և ամբողջ աշխարհին՝ ակնկալելով, որ իրենց իրավունքները պաշտպանվեն միջազգային իրավունքի շրջանակներում։ Կապված ազգային համերաշխության կոչի հետ՝ նրանք ակնարկում և ակնկալում են լուրջ աջակցության, որպեսզի կեղծ դատավարությունը չդառնա ներքաղաքական առարկա։

Իմ համոզմամբ գերության մեջ գտնվող մարդու համար ամենամեծ ուժը այն գիտակցությունն է, որ իր ժողովուրդը միասնական է իր պաշտպանության հարցում։ Դավիթ Մանուկյանի վերջին ուղերձը ևս, իմ ընկալմամբ, հենց այդ համատեքստում պետք է դիտարկել։ Այն միայն անձնական խոսք չէ, հիշեցում է, որ յուրաքանչյուր անցնող օր գերության մեջ մարդու հիմնարար իրավունքների շարունակվող սահմանափակում է, և ժամանակը տվյալ դեպքում իրավական ու մարդասիրական նշանակություն ունի։

Կարծում եմ՝ մենք ուղերձներում ոչ թե պետք է քաղաքական շահարկումների հիմք տեսնենք, այլ պարտավոր ենք տեսնել մեր պարտավորությունը։ Դրանք մեզ ասում են մեկ պարզ բան՝ մարդիկ սպասում են, որ Հայաստանը և միջազգային հանրությունը օգտագործեն իրավական ու դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները՝ նրանց ազատությունն ապահովելու համար։

Որպես իրավաբան՝ ես համոզված եմ, որ հայ գերիների հարցը չպետք է դիտարկվի որպես սովորական քաղաքական կամ դիվանագիտական խնդիր։ Սա մարդու հիմնարար իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և պետության՝ իր քաղաքացիներին ու իր ժողովրդի ներկայացուցիչներին պաշտպանելու պարտականության հարց է։ Քանի դեռ վերջին հայ գերին չի վերադարձել հայրենիք, այդ խնդիրը չի կարող համարվել փակված։

-Դուք տեսակետ եք հայտնել, թշնամական երկրի դատարանը չունի որեւէ իրավազորություն՝ հայերին դատելու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ աշխարհի աչքի առաջ Բաքվի հանցավոր վարչակազմը շինծու դատավարություններ է իրականացնում հայ գերիների նկատմամբ։ Եվ սլաքն ուղղվում է նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ո՞րն է այս գործընթացի նպատակը, ի՞նչ քայլեր պետք է անեին ՀՀ իշխանությունները, որ չեն անում։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կան այսօր՝ հայ գերիների նկատմամբ այս ապօրինի գործընթացը կասեցնելու համար։

-Իրավական տեսանկյունից Ադրբեջանի դատարանները չեն կարող համարվել իրավազոր այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ։ Խոսքը հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք գերեվարվել են զինված հակամարտության ընթացքում կամ ապօրինի պահվում են անազատության մեջ, իսկ նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքներն ակնհայտորեն կրում են քաղաքական բնույթ։ Այդպիսի պայմաններում անկախ և անաչառ դատարանի իրավունքը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, փաստացի բացակայում է։

Դատավարությունների նպատակը, իմ գնահատմամբ, միայն առանձին անձանց դատապարտելը չէ։ Դրանք միաժամանակ ծառայում են մի քանի նպատակների՝ ստեղծել կեղծ իրավական հիմք՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ներկայացնելու որպես «հակաահաբեկչական» կամ «սահմանադրական կարգի վերականգնման» գործողություն, միջազգային հանրության մոտ ձևավորել այնպիսի տպավորություն, թե հայ գերիները ոչ թե պատերազմի զոհեր կամ պաշտպաններ են, այլ ծանր հանցագործություններ կատարած անձինք, և որ ամենակարևորն է՝ փորձել իրավաքաղաքական ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ և ապագա բանակցային գործընթացներում օգտագործել այս «դատավճիռները» որպես քաղաքական գործիք։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության անելիքներին, ապա պետությունն ունի ոչ միայն քաղաքական, այլև միջազգային իրավական պարտավորություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների և, համապատասխան դեպքերում, իր պաշտպանության ներքո գտնվող անձանց իրավունքները։ Իմ համոզմամբ՝ Հայաստանը պետք է ավելի հետևողականություն և նախաձեռնողություն ցուցաբերի։

Նախ անհրաժեշտ էր առավել լայնորեն կիրառել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի (ICJ) շրջանակներում արդեն ընթացող գործընթացների հնարավորությունները՝ պահանջելով լրացուցիչ ժամանակավոր միջոցներ՝ կապված հայ գերիների իրավունքների պաշտպանության հետ։

Երկրորդ՝ պետք էր առավել ակտիվ օգտագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացակարգերը՝ անհատական և միջպետական գործերի շրջանակներում՝ պահանջելով հրատապ միջամտություն այն դեպքերում, երբ առկա է արդար դատաքննության իրավունքի ակնհայտ խախտում, ինչը մենք տեսնում ենք ապօրինի դատավարության ենթարկված անձանց հայտարարություններում։

Երրորդ՝ Հայաստանը պետք է նախաձեռնողական աշխատանք տաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողների, Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի, Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելով մշտական միջազգային վերահսկողություն։

Եվ վերջապես՝ անհրաժեշտ էր ձևավորել միջազգային փաստահավաք և իրավական խումբ, որը համակարգված կերպով կհավաքագրեր ապացույցներ՝ ապագայում ինչպես միջազգային դատարաններում, այնպես էլ այլ միջազգային հարթակներում օգտագործելու նպատակով։

Միջազգային իրավունքի տեսանկյունից այս գործընթացները հնարավոր է վիճարկել մի քանի ուղղությամբ՝ ապօրինի ազատազրկման, արդար դատաքննության իրավունքի խախտման, խոշտանգումների արգելքի, ռազմագերիների նկատմամբ Ժնևյան կոնվենցիաների պահանջների խախտման, ինչպես նաև ռասայական խտրականության արգելքի հիմքերով։ Արդարադատության էությունը քաղաքակիրթ աշխարհում կայանում է նրանում, որ արդարադատությունը չի կարող իրականացվել այն պայմաններում, երբ անձը գտնվում է իր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետության լիակատար վերահսկողության ներքո, զրկված է հավասար պաշտպանության հնարավորությունից, իսկ դատավարությունն ընթանում է քաղաքական քարոզչության մթնոլորտում։ Այդպիսի գործընթացը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող դիտվել որպես արդար դատաքննություն, որքան էլ այն արտաքին ձևով ներկայացվի որպես դատական գործընթաց։ Իսկ իրավունքը չի կարող վերածվել պատերազմի շարունակության այլ միջոցներով։

Եթե դատարանը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական հաշվեհարդարին, ապա այն կորցնում է դատարան լինելու իր բուն էությունը։ Հայ գերիների նկատմամբ իրականացվող գործընթացները հենց այս տեսանկյունից պետք է գնահատվեն միջազգային հանրության կողմից՝ որպես մարդու հիմնարար իրավունքների և արդար դատաքննության սկզբունքների լուրջ խախտում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031