Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության տարածքը գործադիր իշխանության տնօրինության առարկա չէ. ԱԺԲ

Օգոստոս 22,2026 15:05 Share

Հայտարարություն Տիգրանաշենի և Տավուշի՝ այսպես կոչված երկու անկլավների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անօտարելիության մասին

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ինքնահռչակ և հունիսի 7-ին իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով Տիգրանաշեն գյուղը՝ շուրջ 8.4 քառակուսի կիլոմետր տարածքով, դուրս է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքից։

Խորհուրդը նույն խստությամբ մերժում է նաև Տավուշի մարզի՝ այսպես կոչված երկու անկլավների՝ ընդհանուր շուրջ 35 քառակուսի կիլոմետր տարածքով, հանձնման հնարավորությունը՝ առանց դրանց նկատմամբ Ադրբեջանի անվիճելի իրավական տիտղոսի հրապարակային ապացուցման և Հայաստանի ժողովրդի՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով արտահայտված կամքի։

Այս հայտարարությունն աննախադեպ է, իրավականորեն չհիմնավորված, հակասահմանադրական և ազգային անվտանգության տեսակետից ծայրահեղ վտանգավոր։ Այն չունի հանրությանը ներկայացված որևէ վավեր իրավական, պատմական կամ փաստաթղթային հիմք և ստեղծում է Հայաստանի Հանրապետության տարածքի միակողմանի օտարման վտանգավոր նախադեպ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածը միանշանակ սահմանում է, որ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեով։ Հետևաբար որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ վարչապետը, իրավասու չէ սեփական հայտարարությամբ, քաղաքական պայմանավորվածությամբ կամ իրավական ուժ չունեցող քարտեզի վկայակոչմամբ Հայաստանի որևէ բնակավայր կամ տարածք Հայաստանի Հանրապետության կազմից դուրս հայտարարել։

Հայաստանի Հանրապետության տարածքը գործադիր իշխանության տնօրինության առարկա չէ։ Այն պատկանում է Հայաստանի ժողովրդին և կարող է փոփոխվել բացառապես ժողովրդի՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով արտահայտված կամքով։

Եթե Տիգրանաշենը կամ Տավուշի երկու ենթադրյալ անկլավները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնող հայտարարությունները վերածվեն այդ տարածքների փաստացի օտարմանն ուղղված որոշումների կամ գործողությունների, դրանք պետք է արժանանան սահմանադրաիրավական և քրեաիրավական գնահատականի՝ պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։

Տիգրանաշենի ռազմավարական նշանակությունը

Տիգրանաշենը սովորական սահմանամերձ բնակավայր չէ։ Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող Մ-2 միջպետական ավտոմայրուղու վրա։ Այդ ճանապարհով Հայաստանի հիմնական տարածքը կապվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Տիգրանաշենի և նրան հարակից ճանապարհահատվածի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը խորապես և անդառնալիորեն կվտանգի՝

  • Հայաստանի հիմնական տարածքի անվտանգ և անխափան կապը Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի հետ,
  • Հայաստանի հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ,
  • Հայաստանի արտաքին առևտրային և տարանցիկ հնարավորությունները,
  • երկրի ռազմական, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը,
  • Հայաստանի՝ որպես ինքնիշխան տարանցիկ պետության ապագան։

Անթույլատրելի է Հայաստանի ռազմավարական մայրուղու որևէ հատված հանձնել Հայաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ թշնամական քաղաքականություն վարող պետության վերահսկողությանը կամ Հայաստանի ներքին հաղորդակցությունը կախվածության մեջ դնել այդ պետության կամայական որոշումներից։

Տիգրանաշենի նշանակությունն առավել կմեծանա Հնդկաստան–Իրան–Հայաստան–Վրաստան–Սև ծով–Եվրոպա միջազգային հաղորդակցության երթուղու լիարժեք գործարկումից հետո։ Այդ ծրագիրը կարող է Հայաստանը դարձնել Հնդկական օվկիանոսն ու Պարսից ծոցը Սև ծովին և Եվրոպային կապող կարևոր տարանցիկ հանգույց։ Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության կորուստը կվտանգի ոչ միայն Հայաստանի ներքին հաղորդակցությունը, այլև միջազգային ռազմավարական նշանակություն ունեցող այդ երթուղու անվտանգությունը, անխափանությունն ու հուսալիությունը։

Տավուշի՝ այսպես կոչված անկլավների հանձնման հետևանքները

Տավուշի՝ այսպես կոչված անկլավների հանձնումը նույնպես սովորական սահմանային ճշգրտում չէ։ Այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը Հայաստանի հյուսիսարևելյան մարզի խորքում կստեղծի օտար պետության վերահսկողության կղզյակներ, կընդհատի կամ մշտական սպառնալիքի տակ կդնի Հայաստան–Վրաստան միջպետական, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհները, գյուղատնտեսական հողերի ու արոտավայրերի հասանելիությունը, կխաթարի սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը։

Այդպիսի որոշումը կարող է՝

  • վտանգել Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և հարակից համայնքների անվտանգությունը, բնակիչների ազատ տեղաշարժն ու սեփականության օգտագործումը,
  • Ադրբեջանին Հայաստանի տարածքի ներսում կամ անմիջական հարևանությամբ նոր ռազմական և դիտարկման հենակետեր տրամադրել,
  • խոցելի դարձնել Հայաստանի հյուսիսարևելյան հաղորդակցությունները և Վրաստանի ուղղությամբ կենսական ճանապարհային կապը,
  • մեծացնել շրջափակման, ճանապարհների փակման, բնակչության հարկադիր տեղահանման և նոր տարածքային պահանջների վտանգը,
  • խախտել Տավուշի պաշտպանական ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի կառավարելիությունը։

Հետևաբար Տավուշի՝ այսպես կոչված անկլավների հանձնումը ոչ միայն տարածքային կորուստ է, այլև երկարաժամկետ ռազմաքաղաքական, հաղորդակցային, տնտեսական և ժողովրդագրական սպառնալիք։ Ոչ մի կառավարություն իրավասու չէ նման հետևանքներ ունեցող որոշում ընդունել փակ բանակցությունների կամ իրավական ուժ չունեցող քարտեզների հիման վրա։

Իրավականորեն հաստատված ադրբեջանական որևէ անկլավի գոյությունն ապացուցված չէ

Մինչ օրս հանրությանը չի ներկայացվել խորհրդային ժամանակաշրջանի իրավասու մարմնի ընդունած և պատշաճ իրավական ընթացակարգով հաստատված որևէ ակտ, որով Տիգրանաշենի և Տավուշի երկու ենթադրյալ անկլավների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը դադարեցվել է, իսկ այդ տարածքներն օրինականորեն փոխանցվել են Խորհրդային Ադրբեջանին։ Խորհրդային վարչական որևէ քարտեզում տարածքի այս կամ այն գույնով նշված լինելն ինքնին չի ստեղծում տարածքային տիտղոս և չի ապացուցում ինքնիշխանության իրավական պատկանելությունը։

Քարտեզը կարող է ունենալ օժանդակ տեխնիկական կամ ապացուցողական նշանակություն միայն այն դեպքում, երբ այն՝

  1. կցված է սահմանը որոշող իրավազոր միջպետական փաստաթղթին,
  2. նույնականացված և վավերացված է իրավասու կողմերի կողմից,
  3. ունի պատշաճ մասշտաբ, սահմանագծի նկարագրություն և անհրաժեշտ կոորդինատներ,
  4. ընդունվել է տվյալ ժամանակաշրջանում գործող սահմանադրական և իրավական ընթացակարգերով։

Այս պայմաններին չհամապատասխանող քարտեզն իրավական տիտղոս չէ։ Առանց համապատասխան իրավական ակտի այն ընդամենը քարտեզագրական պատկեր է՝ գունավոր նկար, որը չի կարող հիմք ծառայել Հայաստանի Հանրապետության տարածքի օտարման համար։ Ավելին՝ խորհրդային տարբեր տարիների քարտեզները հաճախ հակասում են միմյանց։ Դրանցից շատերը կազմվել են վարչատնտեսական, հողօգտագործման, ռազմական կամ տեխնիկական նպատակներով և միջպետական սահման որոշող իրավական փաստաթղթեր չեն եղել։ Հետևաբար որևէ «ադրբեջանական անկլավի» օրինական գոյությունը չի կարող հաստատված համարվել, քանի դեռ չի հրապարակվել դրա ստեղծման կամ փոխանցման վերաբերյալ պատշաճ իրավասություն ունեցող մարմնի վավեր իրավական ակտը՝ համապատասխան արձանագրությամբ և կից քարտեզով։

Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման փաստաթուղթ չէ

Ինքնահռչակ և հունիսի 7-ին իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի կողմից 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչումն իրավական առումով թերի, ընտրովի և անհիմն է։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման պայմանագիր չէ։ Այն չի պարունակում հայ-ադրբեջանական սահմանի նկարագրություն, սահմանագծի կոորդինատ-ներ, իրավազոր քարտեզների ցանկ կամ դրանց վավերացում։ Հռչակագրին կից չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշող և երկու պետությունների կողմից հաստատված քարտեզ։

Հետևաբար Ալմա-Աթայի հռչակագիրն ինքնին չի կարող պատասխանել, թե կոնկրետ որ գյուղը, ճանապարհը կամ հողատարածքն է պատկանում այս կամ այն պետությանը։ Բացի այդ՝ հռչակագրում ամրագրված՝ տարածքային ամբողջականու-թյան և գոյություն ունեցող սահմանների հարգման դրույթները մեկուսացված ու բացարձակ չեն։ Դրանք փոխկապակցված սկզբունքների ամբողջության մաս են։

Ալմա-Աթայի հռչակագրի մասնակից պետությունները պարտավորվել են իրենց հարաբերությունները կառուցել հետևյալ հիմքերով՝

  • պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչում և հարգում,
  • ինքնիշխան հավասարություն,
  • ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունք,
  • իրավահավասարություն,
  • միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունք,
  • ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում,
  • տնտեսական և այլ ճնշման միջոցներից հրաժարում,
  • վեճերի խաղաղ կարգավորում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում,
  • ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն,
  • միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում,
  • միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում։

Միջազգային փաստաթուղթը մեկնաբանվում և կիրառվում է բարեխղճորեն, ամբողջության մեջ՝ իր առարկայի ու նպատակի համատեքստում։ Չի կարելի փաստաթղթից ընտրողաբար առանձնացնել մեկ ձևակերպում և անտեսել նույն փաստաթղթով ամրագրված մյուս սկզբունքներն ու պարտավորությունները։

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ համակարգված կերպով ոտնահարել է Ալմա-Աթայի հռչակագրի գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները։ Այն Հայաստանի և Արցախի նկատմամբ կիրառել է ուժ և ուժի սպառնալիք, իրականացրել ռազմական ագրեսիա, ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, դիմել շրջափակման ու տնտեսական ճնշման, հրաժարվել վեճերի իրական խաղաղ կարգավորումից և ոտնահարել Արցախի հայ բնակչության ինքնորոշման, անվտանգության, սեփականության ու հայրենիք վերադառնալու իրավունքները։ Ադրբեջանը չի կարող Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրողաբար օգտագործել Հայաստանից տարածքային զիջումներ պահանջելու համար՝ միաժամանակ շարունակելով խախտել նույն հռչակագրի հիմքում ընկած սկզբունքները։

Ադրբեջանի իրավական հակասությունը

1991 թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918–1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ։ Նույն ակտով 1920 թվականի ապրիլին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը ներկայացվել է որպես միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված օտարերկրյա ռազմական ներխուժման և բռնազավթման հետևանք։

Այսպիսով՝ Ադրբեջանն իր պետական անկախության հիմնադիր փաստաթղթով պետական-իրավական շարունակականությունը կապել է ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ 1918–1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հետ՝ խորհրդային իշխանության հաստատումը որակելով որպես անօրինական բռնազավթում։

Հետևաբար Ադրբեջանը չի կարող առանց հստակ իրավական հիմնավորման մի կողմից մերժել խորհրդային պետական ժառանգությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել՝ ընտրողաբար հենվելով խորհրդային վարչական քարտեզների կամ ենթադրյալ խորհրդային սահմանների վրա։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ խորհրդային շրջանում որևէ տարածք օրինականորեն փոխանցվել է իրեն, ապա պարտավոր է ներկայացնել այդ փոխանցման ամբողջական իրավական հիմքը՝

  • իրավասու մարմնի որոշումը,
  • այդ մարմնի իրավասությունը,
  • որոշման ընդունման սահմանադրական ընթացակարգը,
  • Հայաստանի համաձայնությունը,
  • սահմանագծի իրավական նկարագրությունը,
  • իրավական ակտին կցված և պատշաճ վավերացված քարտեզը։

Նման փաստաթղթերի բացակայության պայմաններում Ադրբեջանի տարածքային պահանջները չեն կարող իրավաբանորեն հիմնավորված համարվել։

1920 թվականի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման պատմաիրավական հիմքերի շարքում առանցքային նշանակություն ունի ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի՝ 1920 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի զեկույցը և առաջարկները» (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia)։ Փաստաթուղթը պատրաստվել է Փարիզի խաղաղության վեհաժողովի շրջանակում գործող և Ազգերի լիգայի կողմից լիազորված՝ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի կողմից։ Այն ստորագրվել է Ազգերի լիգայի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի անդամներ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների կողմից։ Այն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման վերաբերյալ իրավասու միջազգային մարմնի ընդունած՝ մինչ այժմ հայտնի միակ համապարփակ իրավական զեկույց-առաջարկն է։ Զեկույցում ամրագրված սկզբունքները հետագայում արտացոլվել են նաև 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածում։ Փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը, որպես պաշտոնական փաստաթուղթ, ներառվել է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի ամբողջական զեկույցի առաջին հավելվածում։

Այսպիսով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը չի կարող օրինականորեն որոշվել խորհրդային շրջանի անհայտ ծագման և իրավական որևէ կարգավիճակ ու արժեք չունեցող առանձին քարտեզի հիման վրա՝ անտեսելով Հայաստանի սահմանների վերաբերյալ իրավասու միջազգային մարմնի ընդունած այս զեկույց-առաջարկը և դրանով սահմանված ընթացակարգը։

Ինքնահռչակ իշխանության պարտավորությունները

Ինքնահռչակ և հունիսի 7-ին իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պարտավոր են՝

  1. անհապաղ հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնող բոլոր հայտարարություններից, բանակցային դիրքորոշումներից ու պայմանավորվածություններից, ինչպես նաև այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու որևէ ծրագրից,
  2. հրապարակել Տիգրանաշենի և Տավուշի՝ այսպես կոչված երկու անկլավների վերաբերյալ բանակցային ամբողջ փաթեթը՝ ներառյալ բոլոր քարտեզները, արձանագրությունները, իրավական եզրակացությունները, խորհրդային մարմինների ենթադրյալ որոշումները և դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը,
  3. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման իրավական ու պատմական հիմքերի շարքում պաշտոնապես ներառել և միջազգային քննարկման առարկա դարձնել 1920 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի զեկույցը և առաջարկները» փաստաթղթի հիմնադրույթները,
  4. սահմանազատման գործընթացն իրականացնել բացառապես միջազգային իրավունքի, իրավական տիտղոս պարունակող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավասու միջազգային մարմինների ընդունած ակտերի հիման վրա,
  5. սահմանազատման հիմք չընդունել որևէ քարտեզ, եթե այն կցված չէ սահմանը որոշող իրավազոր փաստաթղթին, նույնականացված ու վավերացված չէ համապատասխան կողմերի կողմից և չի պարունակում իրավական ուժ ունեցող սահմանագծի նկարագրություն,
  6. բացառել Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն՝ առանց Սահմանադրության 205-րդ հոդվածով նախատեսված համապետական հանրաքվեի. որևէ պաշտոնատար անձ, կառավարություն կամ խորհրդարանական մեծամասնություն իրավասու չէ սեփական որոշմամբ օտարել Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ մասը,
  7. ապահովել Տիգրանաշենի և Տավուշի վտանգված բնակավայրերի բնակչության անվտանգությունը, ազատ տեղաշարժը, սեփականության իրավունքը և հայրենի բնակավայրերում ապրելու անխափան հնարավորությունը,
  8. Տիգրանաշենի տարածքի ու Մ-2 միջպետական ավտոմայրուղու, ինչպես նաև Տավուշի՝ այսպես կոչված անկլավների, դրանց հարակից ճանապարհների ու տարածքների նկատմամբ պահպանել Հայաստանի Հանրապետության լիակատար, անբաժանելի և բացառիկ ինքնիշխանությունը,
  9. բացառել այնպիսի սահմանային կամ ճանապարհային ռեժիմի հաստատումը, որը Հայաստանի հիմնական տարածքի կապը Վայոց ձորի, Սյունիքի և Իրանի հետ, ինչպես նաև Տավուշի համայնքների և Վրաստանի ուղղությամբ հաղորդակցությունը կախվածության մեջ կդնի Ադրբեջանի վերահսկողությունից կամ համաձայնությունից,
  10. Տիգրանաշենի և Տավուշի՝ այսպես կոչված անկլավների իրավական կարգավիճակն ուսումնասիրելու նպատակով ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով՝ միջազգային իրավունքի մասնագետների, դիվանագիտական պատմաբանների, քարտեզագիրների, արխիվագետների, ժողովրդագիրների և անվտանգության փորձագետների մասնակցությամբ,
  11. միջազգային համապատասխան կազմակերպություններին և Հայաստանի գործընկեր պետություններին պաշտոնապես ներկայացնել 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը՝ որպես հայ-ադրբեջանական սահմանի որոշման իրավական պատմության անտեսված, սակայն սկզբունքային նշանակություն ունեցող փաստաթուղթ,
  12. ապահովել պետական բոլոր մարմինների հրապարակային, հստակ և աներկբա դիրքորոշումը Տիգրանաշենի, Տավուշի՝ այսպես կոչված անկլավների և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, գիտական հաստատությունները և մասնագիտական շրջանակները պարտավոր են Տիգրանաշենի, Տավուշի՝ այսպես կոչված անկլավների և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ արտահայտել հստակ, հրապարակային ու աներկբա դիրքորոշում։ Լռությունը կամ անորոշ ձևակերպումներն այս հարցում կարող են ընկալվել որպես Հայաստանի տարածքի միակողմանի օտարման քաղաքականության նկատմամբ անուղղակի համաձայնություն։ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի հաստատվել անվիճելի իրավական տիտղոսով և Հայաստանի ժողովրդի՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով արտահայտված կամքով։ Նույն սկզբունքը վերաբերում է Տավուշի՝ այսպես կոչված անկլավներին. դրանց հանձնումը չի կարող օրինական համարվել առանց Ադրբեջանի անվիճելի իրավական տիտղոսի և Հայաստանի ժողովրդի՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով արտահայտված կամքի։ Հայաստանի Հանրապետության տարածքը սակարկության առարկա չէ։

Հայաստանի Հանրապետության տարածքը չի կարող օտարվել որևէ պաշտոնատար անձի հայտարարությամբ, գաղտնի բանակցությամբ կամ իրավական ուժ չունեցող քարտեզով։ Տիգրանաշենի և Տավուշի՝ այսպես կոչված անկլավների նկատմամբ Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանումը Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, հաղորդակցային անվտանգության և պետական ապագայի պաշտպանության հարց է։

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31