ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանի ֆեյսբուքյան գրառումը
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր քաղաքական-իրավական ակտն է։ Սահմանադրության նախաբանում դրա ամրագրմամբ պետությունն արձանագրել է իր ինքնիշխանության պատմական և իրավական հիմքերը։
Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հեռացնելու նախաձեռնությունը ենթադրում է պետության քաղաքական հայեցակարգի փլուզում, որը հղի է հետևյալ ռիսկերով․
Պետության լեգիտիմության խաթարում
Կարդացեք նաև
Հռչակագիրն այն փաստաթուղթն է, որով ձևավորվել է Հայաստանի Հանրապետության իրավասուբյեկտայնությունը։ Դրանից հրաժարումը խզելու է կապը պետության հիմնադիր արժեքների հետ՝ հարցականի տակ դնելով Սահմանադրության պատմական լեգիտիմությունը։
Արտաքին միջամտության խորացում
Արտաքին պահանջով Մայր օրենք փոխելը սեփական ինքնիշխանության կամավոր սահմանափակում է։ Սա ստեղծելու է վտանգավոր նախադեպ, որտեղ արտաքին ուժերը ստանալու են ներպետական գործընթացներ թելադրելու գերհզոր լծակ։
Անվտանգային ռիսկերի խորացում
Միակողմանի քաղաքական զիջումները ոչ մի պարագայում չեն կարող չեզոքացնել արտաքին սպառնալիքները։ Ընդհակառակը, ռազմավարական հիմքերից նահանջը հակառակորդի կողմից ընկալվելու է որպես թուլություն՝ խրախուսելով հետագա պահանջատիրությունը։
Ներքաղաքական պառակտում
Հիմնարար փաստաթղթի բացառումը խորացնելու է ներհասարակական ջրբաժանը՝ զրկելով պետությանը ազգային հարցերի շուրջ հանրային կոնսենսուս ձևավորելու հնարավորությունից։
Ուստի անհրաժեշտ է ամեն գնով պահպանել Անկախության հռչակագիրը, որը Հայաստանի Երրորդ Հանրապետության ինքնիշխանության, իրավասուբյեկտայնության և միջազգային-իրավական դիմագծի գլխավոր վահանն է։ Հռչակագրի պահպանումն անհրաժեշտ է պետականության պատմական հենքն անխաթար պահելու, արտաքին թելադրանքը բացառելու և ապագա սերունդների համար ինքնուրույն և դիմադրողունակ պետություն երաշխավորելու համար։


















































