Կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն քարտեզների և առևտրային երթուղիների վրա։ Թրամփի՝ Կովկասում ձեռք բերած համաձայնության ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ Ադրբեջանում դեռ պահվող 19 հայ բանտարկյալների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը ցույց կտար, որ համաձայնությունը կարևորում է ոչ միայն առևտուրը, այլև մարդկանց ճակատագրերը։ Այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը նոր թափ է հաղորդում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող խաղաղության գործընթացին։
Այս արդյունքը զարգացնում է անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը նախագահ Թրամփի արձանագրած դիվանագիտական բեկումը, երբ նա մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին և օգնեց տարիներ շարունակ փակուղում գտնվող դիվանագիտական գործընթացը վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի բացմանն ուղղված շրջանակի։
Այս գործընթացի առանցքում է Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու (TRIPP) շրջանակը, որը Հայաստանի տարածքով կմիացնի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանին և Հայաստանը կդարձնի Կասպից ծովի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց։
Կարդացեք նաև
TRIPP-ը զգալի առավելություններ է առաջարկում։ Հայաստանի համար այն երկրի՝ դեպի ծով ելք չունեցող աշխարհագրական դիրքը կվերածի տնտեսական առավելության՝ ներգրավելով ներդրումներ և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Այն նաև կնպաստի խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևաններին տալով գործնական շահագրգռվածություն այն երթուղիների նկատմամբ, որոնք շարունակելու են գտնվել Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
TRIPP-ը կամրապնդի Ամերիկայի դերակատարությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց զորքեր տեղակայելու կամ երկարաժամկետ ֆինանսական օգնության անհրաժեշտության։ Այն նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ Հարավային Կովկասում կկառուցվեն նոր տրանսպորտային կապեր։ Այս ձեռքբերումները նշանակալի են և արժանի են աջակցության։
Սակայն կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն քարտեզների և առևտրային երթուղիների վրա։ Թրամփի՝ Կովկասում ձեռք բերած համաձայնության ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ Ադրբեջանում դեռ պահվող 19 հայ բանտարկյալների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը ցույց կտար, որ համաձայնությունը կարևորում է ոչ միայն առևտուրը, այլև մարդկանց ճակատագրերը։
Շատ հայերի համար Ադրբեջանում դեռ պահվող բանտարկյալները շարունակում են մնալ պատերազմի ոչ լիարժեք ավարտի ամենաակնհայտ վկայությունը։ Փաշինյանը կոչ է արել իր երկրին գնալ Ադրբեջանի հետ հաշտեցման ճանապարհով՝ միաժամանակ ավելի սերտ կապեր հաստատելով ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Դրա համար քաղաքական խիզախություն է պահանջվել։
Անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Բաքուն համաձայնել է սահմանների սահմանազատմանը, հրաժարվել է Հայաստանի նկատմամբ հետագա տարածքային պահանջներից և համաձայնել է Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը՝ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։
Սակայն 19 բանտարկյալների ազատ արձակումը կնպաստեր նաև համաձայնագրի նկատմամբ հայաստանյան և աշխարհասփյուռ հայության աջակցությանը՝ միաժամանակ ցույց տալով, որ Հարավային Կովկասի նոր ձևավորվող շրջանակը հիմնված է ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլև մարդկային արժանապատվության վրա։
Միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ Ամերիկայի հայկական համայնքը, որի թվաքանակը գնահատվում է ավելի քան մեկ միլիոն, ուշադիր հետևում է՝ հասկանալու համար, թե արդյոք Վաշինգտոնը լսել է այն մտահոգությունը, որի մասին հայերը տարիներ շարունակ բարձրաձայնել են։
ԱՄՆ-ի դաշնակիցներն ու եվրոպական գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել բանտարկյալների ազատ արձակումը։ Եվրոպացի բարձրաստիճան օրենսդիրները հայտարարել են, որ նրանց ազատ արձակումը կարող է դառնալ բարի կամքի դրսևորում՝ ի աջակցություն կայուն խաղաղության։
Թրամփը իր հեղինակությունը ներդրել է այս խաղաղության գործընթացում, ինչը նրան ազդեցության լծակներ է տալիս։ Նա պետք է հորդորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալներին՝ որպես մարդասիրական քայլ և Բաքվի՝ հաշտեցման հանձնառության ցուցադրություն։
TRIPP-ը կարող է Հարավային Կովկասի համար ապահովել առևտրային նոր երթուղիներ, մինչդեռ բանտարկյալների ազատ արձակումը կարող է համաձայնագրին տալ մարդկային հիմք։ Եթե նախագահ Թրամփին հաջողվի հասնել երկուսին էլ, նա կամրապնդի Կովկասում ձեռք բերած իր համաձայնության երկարաժամկետ ազդեցությունը»,-մասնավորապես գրված է հոդվածում։

















































