«Հայաստանի Հանրապետության շահերից ու ինքնիշխան տարածքից որևէ զիջում բացառում եմ». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե որպես զիջում նկատի ունեն Ղարաբաղի հարցը, էլի եմ ասում՝ հպարտ եմ, որ հայ ժողովրդին այդ թակարդից հանել եմ»,-հավելեց Փաշինյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում խուզարկության մասին լուրի արտահոսքին՝ Փաշինյանն ասաց, որ արտահոսք տվողներին իրավապահ համակարգում «խլուրդ» են ասում։
Կարդացեք նաև
«Չկասկածեք, իրենց հետևից էլ ենք գնալու։ Չեմ նախանձում իրենց։ Որովհետև ժողովրդի ու պետության 8 տարվա զայրույթը հանելու ենք՝ առանց որևէ ապօրինի բան անելու։ Ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ խնդիրը՝ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն ում նայեմ՝ ասելու եմ՝ ինքն է։ Ու որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։
Ինձ պետք են անուններ ու ապացույցներ։ Եթե չեղան, իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու։ Մտնելու եմ շենք, ով աչքիս առաջ դուրս եկավ՝ հրաման եմ տալու ազատեմ։ Սաստիկ ձևով սպառնում եմ։
Ժամացույցը գնում է։ Արձանագրված տեղեկությունների արտահոսքի աղբյուրը չեղավ՝ զանգվածային ազատումներ են լինելու համակարգում՝ այն կանխավարկածով, որ ով էլ լինի, ազատվածների մեջ կլինի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































