Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը քանի ինքնասպանության փորձ և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, նախարարությունը պատասխանում է՝ այդ հարցին նախարարը պատասխանել է օգոստոսի 24-ին ԱԺ-ում։
Սա, մեղմ ասած, տարօրինակ պատասխան է։
Օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում Պապիկյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում արձանագրված մահերին, հայտարարել էր, որ Հայաստանի բանակի պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են։ Նա միաժամանակ ասել էր, որ դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մյուս մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանք է, և շեշտել էր, որ խնդիրը համակարգային է։
Ավելին՝ նախարարն այդ նույն ճեպազրույցում վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ 2025 թվականին, իր խոսքով, համապատասխան դեպքերի թիվը հասել էր նվազագույնի՝ երկուսի։
Կարդացեք նաև
Այսինքն՝ նախարարությունը ոչ միայն գիտի խնդրի մասին, այլև ունի վիճակագրություն։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է գաղտնի 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի երկու կոնկրետ թվերում։
«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից չի պահանջել քրեական վարույթների մանրամասներ, զինծառայողների անուններ, անձնական տվյալներ կամ քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հարցը եղել է պարզ՝ քանի՞ ինքնասպանության փորձ և քանի՞ ինքնասպանության դեպք է արձանագրվել։
Սա հատկապես անհասկանալի է այն ֆոնին, որ օգոստոսի 26-ին ՊՆ-ում արդեն տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի օրակարգում հենց զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու նպաստող պայմաններն էին։
Ի՞նչն է այստեղ գաղտնի
Եթե ինքնասպանությունների խնդիրը, ինչպես ասում է Պապիկյանը, համակարգային մարտահրավեր է, ապա հասարակությունն առավել ևս իրավունք ունի իմանալու գոնե դրա չոր վիճակագրությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































