Լրահոս
Օրվա լրահոսը

Խորապես մտահոգված եմ եկեղեցու դեմ ձեռնարկվող քայլերով, դրանք կարող են վատ հետևանքներ ունենալ. Արդի Քասախյան. News.am

Սեպտեմբեր 04,2026 14:11 Share

NEWS.am-ը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական Սփյուռքի ամենախոշոր ու ազդեցիկ կենտրոններից մեկի՝ Գլենդելի քաղաքապետ Արտաշես (Արդի) Քասախյանի հետ բացառիկ հարցազրույցը։

-Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները հայապահպանության և միասնականության վրա։

-Նախ նշեմ, որ սա իմ անձնական կարծիքն է, քանի որ ես լիազորված չեմ քաղաքապետարանի անունից նման կարծիք հայտնել: Ես մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում և հավատում եմ, որ եկեղեցին առանցքային դեր ունի հայապահպանության, անհատի և ընտանիքի կյանքում։

Խորապես մտահոգված եմ եկեղեցու դեմ ձեռնարկվող քայլերով, քանի որ դրանք կարող են վատ հետևանքներ ունենալ։ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր մշակույթի պահպանման ամրոցը։ Առանց անհատների հասցեին գնահատականներ տալու՝ պետք է հասկանանք, որ արտաքին սպառնալիքների ու հարձակումների պայմաններում եկեղեցին պետք է լինի այն լույսը, որն մեզ ճիշտ ճանապարհի վրա է պահում։

-Արցախահայության վերադարձի իրավունքի հարցի բարձրաձայնման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում Սփյուռքը և Գլենդելի քաղաքային իշխանությունները։

-Ես միշտ հավատացել եմ մարդու իրավունքների և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ Ինձ ամենաշատը մտահոգում է այն, երբ փորձ է արվում ուրանալ պատմությունն ու անցյալը։ Եթե չհասկանաս անցյալդ, չես կարող որոշել ապագադ։

Ոմանք պնդում են, թե Արցախը երբեք Հայաստանի մաս չի կազմել․ դա տխմարություն է։ Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ ազգայնական դրսևորումները խիստ վերահսկվում էին, հրատարակվում էին գրքեր (օրինակ՝ «Մխիթար Սպարապետ» վեպը), որտեղ Արցախը հստակ նշվում էր որպես հայկական մշակութային և պատմական կենտրոն։ Անգլերենում մի խոսք կա․ «Նրանք, որոնք չեն սովորում պատմությունից, դատապարտված են կրկնելու նույն սխալները»։

-Իսկ իրատեսակա՞ն եք համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը աշխարհաքաղաքական ներկայիս իրողության պայմաններում։

-Ես միջազգային քաղաքագետ չեմ, բայց լավ ճանաչում եմ ամերիկյան քաղաքականությունը։ Հիշենք Արշակ Թագավորի պատմությունը, երբ հայրենի հողն էր նրան ուժ տալիս։ Հայ ժողովուրդը եղել է տարբեր երկրների տիրապետությունների տակ, բայց միշտ ապրել էիր հողի վրա։

1988 թվականին եթե որևէ մասնագետի հարցնեիք, ոչ ոք չէր կանխատեսի, որ երկու տարուց Խորհրդային Միությունը փլուզվելու է։ Ուստի մենք չպետք է հրաժարվենք մեր պատմական հողերին ձգտելու գաղափարից։

-Ի՞նչ ակնկալիքներ կան հայ-ամերիկյան նախագծերից, մասնավորապես TRIPP ծրագրից (ներդրումային նախագիծ), և արդյո՞ք Հայաստանն այսօր գրավիչ է ամերիկահայ ներդրողների համար։

-Հույս ունեմ, որ Ամերիկան տեր կլինի իր խոսքին՝ Հայաստանի անվտանգությանն աջակցելու հարցում, թեև պատմությունը միշտ չէ, որ միանշանակ օրինակներ է ցույց տալիս (տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է Վրաստանում)։

Ինչ վերաբերում է ներդրումներին՝ յուրաքանչյուր գործարար ցանկանում է վստահ լինել, որ օրենքները հավասարապես են գործում բոլորի համար։ Հավասար պայմանների և օրենքի գերակայության առկայության դեպքում ներդրումները կավելանան։

Սփյուռքը կարող է հսկայական դեր խաղալ Հայաստանի զարգացման գործում, բայց դրա համար անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն։ Հաճախ ենք լսում․ «Եթե Հայաստանում չեք ապրում, մի միջամտեք ներքին գործերին»։ Բայց եթե Սփյուռքը չլիներ, Արևմուտքի հետաքրքրությունն էլ Հայաստանի հանդեպ այլ կլիներ։ Իմ հույսն է, որ մի օր Հայաստանի Ազգային ժողովում, ինչպես Հունաստանում կամ Դոմինիկյան Հանրապետությունում է, Սփյուռքը կունենա իր ներկայացուցիչները՝ հայրենիքի հետ կապն ամրապնդելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930