Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ապօրինի գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը՝ արձանագրելով, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։
Իսկ news.am-ի տվյալներով՝ գործը կրկին մակագրվել է այդ գործից մեկ անգամ հրաժարված Սերժ Ռուշանյանին:
Իսկ «Ա1+»-ին Վճռաբեկ դատարանից հայտնել են. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր արձանագրել է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:


















































