ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Ռաֆի Դերդերյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են CEA-Leti-ի հետ համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդչային արդյունաբերության, ինժեներիայի և կիսահաղորդչային հետազոտությունների ոլորտներում։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը։ Քննարկվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարանների շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերի ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման երկարաժամկետ ծրագրերի զարգացման հնարավորությունները։
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործող միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների հետ CEA-Leti-ի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քննարկումների առանցքում են եղել տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացումը, IC design-ի, միկրոէլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում համագործակցության խորացումը, արտադրական կարողությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտահետազոտական էկոհամակարգի հետագա խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցության հետագա քայլերի շուրջ։
CEA-Leti-ն Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է գիտական և արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն


















































