Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Իմ մոտ հարց է առաջացել. արդյոք մարդը, որը որ սուրբ է ձեւանում, ֆիլանտրոպ Հայկ Սարգսյանը այդքան լավն է, ինչպես ինքը ներկայանում է»

Սեպտեմբեր 11,2026 14:50 Share

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց, որ Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը կարդացել է, բայց պայմանավորվածություն, որ ինքը Բաքու պիտի այցելի, չկա։ Իսկ հարցին, թե նման հայտարարություն լինելու դեպքում պատրա՞ստ է քննարկելու, պատասխանեց. «Ենթադրություններով ի՞նչ ենք ուզում։ Դրա մասին ինձ հետ խոսակցություն չի եղել։ Հա, նախատեսվում է՝ փոխադարձ այցեր տեղի կունենան, բայց նախ ո՞վ ասաց, որ Բաքվի մասին է խոսքը։ Եվ երկրորդը, ժամկետների հետ կապված որեւիցէ խոսակցություն չի եղել։ Դա օդում խոսակցություն է։ Երբ որ կլինի, կխոսենք, բայց տենց բան չկա։ Բաքու այցելելու մասին երբեւիցէ խոսակցություն չի եղել, չկա եւ այս պահին չի էլ նախատեսվում»։

Դիտարկմանը, թե իր ճեպազրույցից է այդ միտքը առաջացել, հակադարձեց. «Ես Բաքվի մասին չեմ խոսել։ Դուք հիշում եք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը այցելեց Դիլիջան քաղաք եւ նախատեսվում է, որ ինչ-որ պահի նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հանդիսանում է իր հետ աշխատող անձը, կայցելի Ադրբեջան։ Բայց ոչ Բաքու, որովհետեւ տրամաբանությունը հուշում է նաեւ, որ այլ քաղաք է լինելու, որովհետեւ մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում։ Եվ այդ ընթացքում ոչ մի բան Բաքվի մասին չի հնչել»։

Լրագրողների հարցին, թե ինքը կարծում է, որ ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը այնպիսի հայտարարություն է արել, որը պետք է իրավական վարույթի շրջանակներո՞ւմ ուսումնասիրվի, Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ ինքը չի մեկնաբանում, ապա շարունակեց. «Ես կրկնում եմ՝ իրենով պետք է վաղուց զբաղվեին եւ պարտավոր են զբաղվել իրավապահները։ Չեմ բացառում, որ արդեն նույնիսկ զբաղվում են»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը պատգամավորներին, օրինակ, Բաբկեն Թունյանին եւ մնացած պատգամավորներին անձամբ իր լծակներն օգտագործելով զանգե՞լ է, նա պատասխանեց. «Ես ձեզ ասացի, որ չեմ մեկնաբանում»։ Ճշտումից հետո, որ հարցը իր մասին է, պատասխանեց. «Ես երբեւիցէ նախաձեռնության հետ կապված 9-րդ գումարման Ազգային ժողովում որեւիցե քննարկում չեմ ունեցել, քննարկման չեմ մասնակցել, կարծիք չեմ հայտնել, որեւիցէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ խոսել, չեմ կարդացել, չեմ այլ կերպ քվեարկել։ Ոչ մի բան կատարելապես չի եղել։ Կրկնում եմ, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները։ Ես վա՞տ բան եմ ասում»։

Իսկ ճի՞շտ է, որ երբ ԱԺ նախագահի՝ ձեր գրության հիման վրա տեսչական մարմինները ստուգումների են գնում եւ տուգանում են՝ հարցին, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Այո, ճիշտ է։ Որովհետեւ այդ հայտարարությունների հիման վրա իմ մոտ հարց է առաջացել. արդյոք մարդը, որը որ սուրբ է ձեւանում, ֆիլանտրոպ Հայկ Սարգսյանը այդքան լավն է, ինչպես ինքը ներկայանում է։ Եվ ես ձեզ ասեմ, որ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր է, Երեւան քաղաքը շատ փոքր է, եւ բոլորը շատ լավ գիտեն, թե այդ անձնավորությունը ինչերի մեջ է»։

Ալեն Սիմոնյանը չգիտեր, թե այդ անձնավորությունը որպես պատգամավոր իրավունք ունե՞ր բիզնես ունենալու։ «Ես չգիտեմ։ Ես ոչ բիզնեսներ ունեմ, ոչ հանքեր ունեմ, ոչ ափեր ունեմ, ոչ կրիպտո արժույթներ ունեմ»,-ասաց նա։

Իսկ հարցին, թե ճի՞շտ է դիրքը չարաշահել անձնական խնդիրները լուծելու համար, որ մարդ է ուղարկում, պատասխանը հետեւյալն էր. «Ես ընդամենը հարցում եմ ուղարկել, թե արդյոք այդ կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան։ Խնդիրը կայանում է նրանում՝ այդ անձնավորությունը օգտվում է այն բանից, որ ես նաեւ պարտավոր եմ մեր կուսակցական թեմաները, մեր կուսակիցների հետ կապված հայտարարություններն առնվազն համաձայնեցնել կամ քննարկել մեր գործընկերների հետ։ Եվ հաճախ լռել եմ։ Գնացեք, իրեն հարցրեք, օրինակ, այդ համարանիշների մասին, որ ինքը խոսում է, որտեղի՞ց են (Լրագրողները հիշեցրին, որ նա ասել է, որ այդ համարանիշները վարչապետի աշխատակազմն է տվել Նաիրի Սարգսյանին

Ճեպազրույցն ընդհատվեց, որովհետեւ այդ պահին վարչապետն էր իջնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել