Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Տեխնիկաների հետևում Ազատի զինծառայողները թմրամիջո՞ց էին օգտագործում. Եղիշե Հակոբյանը մանրամասնում է

Սեպտեմբեր 11,2026 19:01 Share

Երբ Եղիշե Հակոբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ հրդեհից առաջ տեխնիկաների մոտ զինծառայողների ձայներ է լսել, գոռացել է՝ «Ովքե՞ր են», ինչին երկու զինծառայող արձագանքել և ասել են, որ «հեսա կացարան կմտնեն», տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը փորձեց հասկանալ, թե ինչ կարող էին կեսգիշերին տեխնիկաների մոտ զինծառայողներն անել։

Նա Հակոբյանին հարցրեց, օրինակ՝ եթե սիգարետ կամ թմրամիջոց օգտագործեին, հոտը կզգա՞ր, կամ, օրինակ, եթե մեքենայից դիզվառելիք հանեին, հնարավո՞ր էր տարաներից դիզվառելիք հանել, թե՞ մեքենաների տարաները կապարկնքված էին կամ հարմարեցված այնպես, որ հանել հնարավոր չլիներ։

«Եթե մոտենային ինձ, կզգայի, բայց իմ կանգնած տեղից՝ չէ, որովհետև մաքուր օդ էր, ցուրտ էր»,- ասաց Հակոբյանը։ Ինչ վերաբերում է դիզվառելիք հանելուն, Հակոբյանն ասաց, որ չի կարող ասել։

«Աննպատակ այդ տարածքում չէին կարող լինել, չէ՞»,- հարցրեց Նորիկյանը։

Հակոբյանն ասաց՝ ինչ-որ գործողություն էին անում, բայց չի կարող ասել՝ ինչ գործողություն։

«Որ գային, հարցը տալու էի՝ ինչ գործողություն են անում»,- ասաց Հակոբյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այդ զինծառայողներն այդպես էլ չեկան կացարան մինչև հրդեհը։

«Րոպեների պահ եմ ասում, եկա, մտա ներս, մի հատ սուրճ եմ խմել, ծխել եմ ու ուզել վառարանը կպցնել, սպասել եմ, որ իրենք գան»,- մանրամասնեց Հակոբյանը։

Նորիկյանն էլ արձանագրեց՝ գիշերվա ցրտին զինծառայողները ինչ-որ գործողություններ են արել, ինչի մասին մենք մինչև հիմա չգիտենք, իսկ գուցե նրանց գործողությունները կապ ունեն հրդեհի դեպքի հետ։

«Իրենք որպես վարորդ՝ մտածել եմ, ինչ-որ բան են վերցնում։ Իրենք են տեխնիկաների պատասխանատուն, գուցե ինչ-որ բան էին անում»,- ասաց Հակոբյանը։

Նորիկյանը նաև նշեց, որ Հակոբյանի նշած զինծառայողներից Արսեն Սողոմոնյանի մոտ, գործի նյութերով, հայտնաբերվել է թմրամիջոց, որի համար նա դատապարտվել է, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Նորիկյանը Հակոբյանին հարցրեց՝ ինչ էին անում այդ երկու զինծառայողները, կարո՞ղ է՝ գնացել էին ծխեին ու գային։

«Իրոքից տեղյակ չեմ՝ ինչ են արել։ Մութ է եղել, չեմ տեսել»,- պատասխանեց Հակոբյանը։

«Կարո՞ղ է՝ թմրամիջոց էին օգտագործում»,- հարցին Հակոբյանը պատասխանեց՝ «Չգիտեմ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930