«Եղիշ, որ փեջը վառեցիր, կպավ, ու այնքան ուժեղ չէր, որ դու վառվես, կարո՞ղ էիր սենյակի դուռը բացել ու շեմին քնած զինվորի ձեռքից քաշել»,- այսօր Ազատի կացարանի հրդեհի գործով հիմնական մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի հարցաքննության ժամանակ դատարանում Հակոբյանին այս հարցն ուղղեց զոհված զինվորներից Գոռ Մարտիրոսյանի հայրը՝ Դավիթ Մարտիրոսյանը։
«Ի վիճակի չեմ եղել»,- պատասխանեց Եղիշե Հակոբյանը։
«Ուռա՞ծ ես եղել»,- հարցրեց Գոռ Մարտիրոսյանի հայրը։
Կարդացեք նաև
«Չէ, վառված եմ եղել»,- պատասխանեց Հակոբյանը։
Մարտիրոսյանի հայրը զայրացավ․ «Փեջը չկպած վառվա՞ծ ես եղել, ասում ես՝ բոցը դեմքիս է տվել, ոտքերդ ու ձեռքերդ վառվա՞ծ են եղել»։
Զոհվածի հայրը Հակոբյանին մեղադրեց զինվորներին միտումնավոր վառելու համար, և երբ Հակոբյանն արդարացավ, որ որևէ միտում չի ունեցել, լավություն է արել՝ վառարանը վառելու փորձով, զոհվածի հայրը զայրացավ ու սկսվեց վեճ:
Զոհվածի հայրը՝ Մարտիրոսյանը, հայհոյեց Հակոբյանին, սկսեց գոռալ, իսկ մյուս զինվորի՝ Հայկ Կիրակոսյանի հայր Գաբրիել Կիրակոսյանը ձեռքի իրը նետեց Եղիշեի ուղղությամբ։
Դատարանը ծնողներին դուրս հրավիրեց։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































