Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում․ Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 12,2026 11:20 Share

Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, որքան էլ անարդարությունները մեծ լինեն։ Մարդկանց հուզող, մտահոգող խնդիրներն էլ ընտրություններից հետո հենց այնպես, իրենք իրենց չեն լուծվում։

Ե´վ խնդիրներն են մնում, և´ բարձրացված հարցերը, և´ առաջարկված լուծումները։ Դեռևս ամիսներ առաջ, երբ մեր թիմն աշխատում էր մեր ծրագրի վրա, ես ասում էի, որ սա մեկ ամսվա կամ մեկ ընտրության ծրագիր չէ։ Սա Հայաստանի զարգացման, վերականգնման ծրագիրն է, որը բարձրացնում է շատ հարցեր ու տալիս շատ լուծումներ։ Ես նույնը ասում եմ հիմա, երբ զրկված եմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից։

Մեր խնդիրները չեն վերացել, չեն անհետացել։ Ավելին՝ այս ամիսներին ավելացել են նորերը։
Ես կարևորում եմ, որ իմ թիմի ներկայացուցիչները՝ ԲՀԿ անդամներ և անկուսակցականներ, ակտիվորեն ներգրավված լինեն երկրի հանրային կյանքում, մասնակցեն մեր երկրի համար բոլոր կարևոր հարցերի քննարկմանը։ Կարևոր է արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների հետ։ Շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը։

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է։ Սովորաբար, բարդ փուլերը հաղթահարելու նպատակով, երկրները, հասարակությունները միավորում են իրենց ուժերը, խելք խելքի տալիս, միասնական ջանք գործադրում։ Մի բառով՝ ստեղծում են ներքին համերաշխության մթնոլորտ։

Մենք պարտավոր ենք ստեղծել այդ մթնոլորտը, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը։ Այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ես ակնկալում եմ սա նաև իմ թիմից։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի բոլոր ռեսուրսները՝ այս բարդ փուլը հաղթահարելու համար։

Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ

Կենտրոն ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել