«Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի»,- խորհրդարանում դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մինչ այդ, իշխող ուժը ներկայացնող Արման Եղոյանն էր վրդովվել իր ելույթում՝ հայտարարելով, որ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին ՀՅԴ-ականը․ «Կուզենայի ուշադրությունը հրավիրել առաջին իսկ ձևակերպման վրա՝ «հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության», և ասել, որ այս նպատակի իրականացման համար ուղղակի անհրաժեշտ է… անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի: Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Արմատախիլ պետք է արվի դաշնակցականությունը: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը: Սա… սա ֆունդամենտալ նախապայման է Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը… երբեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը և հայ ժողովուրդը երբեք իր պատմության մեջ չի առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որը ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը և շարունակում է դա անել մինչև հիմա: Անամոթաբար վեր են կացել և ասում են… անամոթաբար վեր են կացել, տիկին Գալստյանը անամոթաբար, անամոթաբար ասում է՝ «2025 թվականի 10-րդ դասարանցին ունի ֆունկցիոնալ անգրագիտություն»: Տիկի՛ն Գալստյան, 2015 թվականի 10-րդ դասարանցին գրել-կարդալ սովորել է 2015, 16, 17, 18 թվականներին՝ ձեր գրած չափանիշներով, ձեր նշանակած նախարարի օրոք: Ամոթը ձե՛զ է, ամոթը ձե՛զ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս փոխհրաձգությունը տեղի ունեցավ Կառավարության անդամների երդման տեքստի փոփոխության նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին էլ՝ Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Տիկի՛ն Գալյան, ես լավ չեմ հասկանում ու լավ չեմ պատկերացնում ձեր մուննաթը ինչի՞ մասին է: Արդեն երկրորդ օրն է՝ դուք առաջնային մանդատ ունեցող պատգամավորների հետ խոսում եք դասատուի տոնայնությամբ, փորձում եք դասեր տալ ձեզ հարցեր տալու համար և կարևոր հարցի վերաբերյալ քաղաքական տեսակետ հնչեցնելու համար: Ու ձեր ասածների վերաբերյալ, որոնք, էլի եմ կրկնում, ես շարունակում եմ չհասկանալ՝ դուք ոնց եք ՀՀ-ի մեջ տեղավորում ամբողջ հայ ազգը և ամբողջ հայրենիք հասկացությունը, որն ունի այդ ազգը: Այդ հարցին պատասխանեք: Այս երկու օրվա մեջ ամենապաթոսային ելույթը ձերն է եղել: Ձեզնից ավելի պաթոսային ելույթ այս ամբիոնից չի եղել: Ավելի պաթոսային գաղափարախոսություն ու կենացների ժողովածու, քան «Իրական Հայաստանն» է, գոյություն չունի: Դուք կարդացե՞լ եք այդ ծրագիրը: Հայաստանում սեղանի շուրջ շատ ավելի լավ կենացներ են հղում և բաժակ չխկացնում: Հիմա եկել եք ինչի՞ց եք խոսում, ու ես չեմ հասկանում ձեզ։ Իրոք շատ պաթոսային էր, նաև ազդեցիկ կարող է լիներ․ «Ես գործում եմ Հայաստանի Հանրապետության շահից, իմ համար դա է միայն առաջնահերթությունը»․ տիկի՛ն Գալյան, դուք Ալիևի պահանջած Սահմանադրությունը ուղիղ գրող պաշտոնյան եք, դա՞ է Հայաստանի Հանրապետության շահը»:
Իր եզրափակիչ ելույթում հարցի համազեկուցող Արման Եղոյանը հայտարարեց․ «Շնորհակալություն եմ հայտնում պարոն Խաչատրյանին՝ հաստատելու համար, որ Երրորդ Հանրապետության անկախացման շրջանում ՀՀՇ-ում հաղթել է դաշնակցական գաղափարախոսությունը։ ՀՀՇ-ի կողմից ընդունվել է դաշնակցական խմբագրմամբ Անկախության հռչակագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասել էր․ «Պարոն Եղոյանը ՀՀՇ-ական արմատներից, ՀՀՇ-ական ծնված ծառի մի պտուղ է: Իմաստության պտուղ չեմ կարող ասել, բայց բազմալեզվախոսության մի պտուղ, որը չունի նաև տարրական տակտի զգացում՝ մատով խոսել: Եվ ահա ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, որը ոչնչով, իր խոսույթով չի տարբերվում թուրքերից: Ոնց որ թուրքերն էին ասում՝ «պետք է մնա մի հայ, այն էլ թանգարանում», այնպես էլ դուք էիք ասում՝ «պետք է մնա մի հոգի, այն էլ վերջինը»: Այնպես որ կանգնեք հայելու առաջ և փորձեք ձեր ասածների մեջ բանականություն գտնել, որը շատ դժվար է, բայց թուրքերի հետ նմանություն՝ 100-ից 100»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































