9-ամյա սաղեմահայ Վիլիամը, որի դեմքին սեպտեմբերի 24-ին պղպեղի գազավորված հեղուկ էր փչել (pepper spray) 22-ամյա իսրայելցի մի հրեա ծայրահեղական հուդայականության սուրբ տոնին՝ Յոմ Կիպուրի օրը, տեղական եւ արտերկրի բազմաթիվ լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ուշադրությունը գրավեց:
Սեպտեմբերի 27-ին Իսրայելում քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց, Ադրբեջանում Իսրայելի առաջին դեսպանի պաշտոնակավարումն ավարտած, Իսրայելի առաջին քրիստոնյա արաբ դիվանագետ Ջորջ Դիիքը հետեւյալ գրառումն արեց X-ում.
«Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է իննամյա հայ քրիստոնյա տղայի վրա պղպեղի «սփրեյ»ով հարձակման կասկածյալին: Ահա ինչպես պիտի վերաբերվել նման միջադեպերին՝ լուրջ, անհապաղ, զրո հանդուրժողականությամբ: Ոստիկանությունը հետեւողական է եղել հետաքննության հարցում, ապացույցներ է հավաքել, նույնականացրել, գտել կասկածյալին Իսրայելի հյուսիսում եւ ձերբակալել նրան: Այժմ հարցաքննում է՝ հարձակման հանգամանքները, դրդապատճառները պարզելու նպատակով: Իսրայելը լուրջ է վերաբերվում քրիստոնյաների հանդեպ բռնությանը: Երբ զոհը երեխա է, չի կարող անտեսում, արդարացում լինել: Ատելությունը պետք է դատապարտվի, կատարողները պատասխանատվության ենթարկվեն»:
Դիիքը նաեւ Վիլիամին եւ նրա ընտանիքին է դիմել՝ «Ես մտածում եմ ձեր մասին, հուսով եմ, որ կզգաք Իսրայելում բազմաթիվ մարդկանց աջակցությունը, որ սարսափած են կատարվածից: Դուք լավին եք արժանի»:
Կարդացեք նաև
Այս դեպքն ուրեմն դարձավ առաջին «ազդակը», որ բացեց Ջորջ Դիիքի՝ հայերի հանդեպ բռնությունը չհանդուրժելու քարկապը:
Սույն դիվանագետի մասին խոսակցություն էր պտտվում, թե առաջին՝ սաղեմահայ արմատներ ունի, երկրորդ՝ հայ ընկերներ ունի, հայերին շատ լավ է ճանաչում, ծանոթ է նրանց մշակույթին, սովորույթներին, քանի որ տեւական ջերմ հարաբերություններ է պահպանում հայ ընկերների, նրանց ընտանիքների հետ: Որեւէ դեպք չի փաստել ո՛չ առաջինի, ՛ոչ էլ երկրորդի հավաստիությունը, իսկ Բաքվում դեսպան էր այն ժամանակ, երբ Արցախի հանդեպ ցեղասպանություն էր իրականացնում Ալիեւը՝ շրջափակմամբ, հայ բնակչությանը սովի մատելով, ի վերջո բռնի տեղահանությամբ: Անսպասելի չէր, որ արաբ քրիստոնյա Դիիքը հարցազրույցներում չէր դատապարտում Ալիեւի վարքը, նա միակ քրիստոնյա դիվանագետը չէր, որ Քրիստոսին ուրանում էր բռնակալի երկրում՝ շահը, քաղաքականությունը եւ պաշտոնը գերադասելով: Բայց Բաքվում պաշտոնավարումն ավարտելով, Իսրայել վերադարձած եւ քրիստոնյաների պաշտպանության հարցերով Նեթանյահուի հանձնակատարը հայերի մասին չէր խոսում, ուշադրություն եւ հոգատարություն ցույց չէր տալիս ամիսներ ի վեր, երբ հաճախակի նույն սոցհարթակում գրառումներով, տեսանյութերով պատմում էր Ավետյաց երկրում քրիստոնյաների հաստատման, նրանց հանդեպ Իսրայելի սիրո մասին: Լուռ էր:
Անչափահասի վրա հարձակումը լեզուն «արձակեց»:
Միգուցե իսկապես դառնա պաշտպանը քրիստոնյաների, հայության, նաեւ վկայություն տա, թե ինչ է տեսել Արցախում, ցեղասպանության ողջ ընթացքին հետեւելով ներսից:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում



















































