ԱԲ տեխնոլոգիան՝ ինչպես ժամանակին բոլոր նորարարական տեխնոլոգիաները, այդ թվում ՏՀՏ-ն, լայնորեն ու համարյա անխոչընդոտ մուտք են գործում քաղաքակրթության կյանք, տնտեսության բոլոր ոլորտներ ու նաև կրթության համակարգ՝ սկսած մանկապարտեզից մինչև համալսարան: Նման նորարարությունների հապճեպ կիրառումը հատկապես կրթության համակարգում, բացի դրականից, ունի նաև ռիսկային բաղադրիչ, որից ցանկացած անհատ, կրթական հաստատություն պետք է հնարավորինս ապահովագրված լինի: Ի վերջո, կրթությունը իր բոլոր աստիճաններով անհատի ու պետության հզորացման և անվտանգային համակարգերի ստեղծման հիմքն է, որի ընթացքն ու բովանդակությունը ոչ մի դեպքում չպետք է խաթարվի կամ աղավաղվի…
Դեռևս Յան Ամոս Կոմենսկու ժամանակներից (17-րդ դար), նրա կողմից ուսուցման դիտողականությունը, համակարգվածությունը և մատչելիությունը դարձան մանկավարժական կարևոր սկզբունքներ: Նրա՝ «Զգայական ընկալվող իրերի աշխարհը՝ պատկերներով» գիրքը հրատարակվել է 1658 թվականին: Այն պատկերների և բառերի միջոցով երեխաներին ծանոթացնում էր առարկաների ու երևույթների հետ:
Նրա մանկավարժական հայացքներում հետևյալ կարևոր գաղափարներն էին.
– Ուսուցման պրոցեսում նկարներ և պատկերազարդ դասագրքեր օգտագործել՝ առարկաներն ու երևույթները տեսանելի դարձնելու համար,
Կարդացեք նաև
– Իրական առարկաներ և բնության դիտարկումներ՝ գիտելիքը անմիջական փորձի և կյանքի հետ կապելու նպատակով,
– Քարտեզներ և երկրագնդի մոդելներ՝ սովորողների մոտ աշխարհագրական պատկերացումներ ձևավորելու համար,
– Գծագրեր, սխեմաներ և աղյուսակներ՝ ուսումնական նյութն ավելի ակնառու և համեմատությունների միջոցով մատուցելու նպատակով,
– Գրքեր, տպագիր նյութեր՝ գիտելիքի համակարգված հաղորդման և ինքնուրույն ուսուցման համար:
Հետագայում (18-19-րդ դարերում) մասնավորապես Պեստալոցցին շեշտադրում էր ուսուցման ընթացքում առարկաների անմիջական դիտարկումը, չափումը, նրանց ձևերի համեմատությունը, 19-րդ դարում դպրոցներում սկսեցին կահավորվել և ուսումնական նպատակներով օգտագործել լաբորատորիաները: Ֆիզիկայի դասավանդման պրոցեսում ավելի մեծ տեղ ունեցան (և ունեն) փորձերը, չափիչ սարքերը, մոդելները, ցուցադրական փորձերը և լաբորատոր աշխատանքները:
20-րդ դարում կրթական հաստատություններ մտան ուսումնական կինոն, ռադիոն, մագնիտոֆոնը, դիաֆիլմերը, հեռուստատեսությունը, ապա նաև համակարգիչները և թվային մոդելավորումը:
21-րդ դարի առաջին քառորդում ականատես եղանք ինտերակտիվ թվային միջոցների, ՏՀՏ-ի ու ԱԲ-ի մուտքը դպրոց ու համալսարան: Ուսուցման պրոցեսում լայնորեն կիրառվում են վիրտուալ լաբորատորիաները, սիմուլյացիաները, անհատականացված ուսուցման համակարգերը և ԱԲ գործիքները:
Ընդհանրացնելով կարող ենք նշել, որ Կոմենսկուց մինչև մեր օրերը ուսուցման միջոցների զարգացման տիրույթում հետևյալ 3 կարևոր ուղղություններն են գերիշխել.
– Տեղեկատվության ներկայացում՝ խոսքից ու գրքից մինչև պատկեր, տեսանյութ և թվային կրթական միջավայր,
– Գիտելիքի ընկալման ապահովում՝ դիտարկումից և իրական ուսումնական փորձից մինչև վիրտուալ փորձարկում ու մոդելավորում,
– Սովորողների ուսումնական գործունեության աջակցություն՝ ուսուցչի ուսումնական ցուցադրությունից մինչև ինտերակտիվ համակարգեր ու ԱԲ-ի գործիքակազմով անհատականացված ուսումնական աշխատանք:
Եթե նախկինում ցուցադրվող նկարը ներկայացնում էր ուսումնասիրվող առարկան կամ երևույթը, ապա այժմ ԱԲ-ն կարող է երկխոսել սովորողի հետ, առաջադրանքներ առաջարկել, վերլուծել պատասխանները և տալ լրացուցիչ մեկնաբանություններ:
ԱԲ-ն արդեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրների դպրոցներում և համալսարաններում: Որոշակի փորձ է կուտակվել ուսուցման անհատականացման, ուսուցչի աշխատանքին աջակցելու, սովորողների գիտելիքների գնահատման և կրթական բովանդակային նյութերի ստեղծման ուղղություններով:
Օրինակ, Էստոնիայում 2025-26 ուստարում ԱԲ գործիքներ է կիրառվել դպրոցի 10-11 –րդ դասարաններում, ուսուցիչների վերապատրաստման համակարգում և սովորողների ինքնուրույն մտածողության զարգացման նպատակով:
Սինգապուրում ԱԲ հնարավորություններով ուսումնական առաջադրանքներ են կազմվում, ստուգվում է սովորողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև վերլուծության է ենթարկվում նրանց գրավոր աշխատանքները, տրամադրելով նաև հետադարձ անհատական ուսումնական կապ:
Չինաստանում ԱԲ-ն լայնորեն ներդրվում է հանրակրթության մեջ՝ անհատականացված ուսուցման, թվային կրթական պաշարի և ԱԲ գրագիտության պարտադիր տարրերը ուսուցանելու նպատակով:
ԱՄՆ-ում ԱԲ չաթբոթերն օգտագործվում են բացատրությունների, սովորողներին հետազոտական աշխատանքներին նախապատրաստելու, գրավոր աշխատանքների մշակման, ինչպես նաև ուսուցիչների դասապլաններ կազմելու պրոցեսում նրանց օգնելու նպատակով:
Հնդկաստանում գործում է հարթակ, որը գնահատում է սովորողների գիտելիքների մակարդակը, բացատրում նրանց կողմից թույլ տված սխալները, նշում բացթողումները, ինչպես նաև առաջարկում անհատական ուսումնական առաջադրանքներ:
Ուսումնասիրելով ԱԲ-ի ուսումնական նպատակներով կիրառման ուղղությամբ առկա միջազգային փորձը, հանգում ենք հետևյալին՝
– ԱԲ-ի օգտագործում, որպես ուսուցման տեխնիկական միջոց՝ նյութերի, պատկերների, մոդելների և բացատրությունների ներկայացման համար,
– ԱԲ-ն, որպես մանկավարժական գործիք՝ անհատական առաջադրանքներ և սովորողների ուսումնական մակարդակին համապատասխան օգնություն տրամադրելու համար,
– ԱԲ-ն ,որպես ուսուցչի օգնական՝ դասապլաններ, թեստեր և ուսումնական բովանդակային նյութեր պատրաստելու ու դրանց պատասխանները վերլուծելու համար,
– ԱԲ-ն, որպես ուսումնառության կազմակերպման միջոց՝ սովորողի ուսումնական առաջընթացը հստակեցնելու և դրան հետևելու ու գիտելիքների ստուգման պրոցեսում բացթողումները բացահայտելու ու լրացնելու համար:
Այս փուլի արդյունքներով միջազգային փորձը ասում է, որ ԱԲ-ի արդյունավետ կիրառումը դպրոցում ոչ մի դեպքում չի նշանակում ուսուցչին փոխարինել ռոբոտ մեքենայով: Խնդիրն այն է, որ ԱԲ-ն օգնի ուսուցչին կազմակերպելու ավելի խորը անհատականացված ուսումնական պրոցես, որը լինի արդյունավետ և որի ընթացքում զարգանա սովորողի ինքնուրույն ու քննադատական մտածողությունը: Երբեք չի կարելի դասապրոցեսում աննպատակ ԱԲ-ի օգտագործման իմիտացիա անել:
Արհեստական բանականությունը կրթության ոլորտում օգտագործելը նոր երևույթ չէ այն իմաստով, որ ուսուցման միջոցների կատարելագործումը, ինչպես տեսանք, նոր չէ: Նոր է այդ միջոցների՝ տվյալ դեպքում ԱԲ-ի գործառույթների քանակը, ծավալը, կատարելու արագությունը և սովորողների հետ փոխազդեցության հնարավորությունը: Այս տեսանկյունից ԱԲ-ն կարելի է համարել ՈՒՏ միջոցների զարգացման հերթական փուլ, որը, ի տարբերություն մնացածների, ձևավորում է ուսուցման նոր մանկավարժական համակարգ:
Այսօր աշխարհի կրթական համակարգերում հավանաբար ավելի շատ պետք է մտածեն, թե ինչպես կարելի է ԱԲ-ն դարձնել իրական մանկավարժական գործիք, այլ ոչ թե պարզապես թվային աշխարհի հերթական նորույթ: Միաժամանակ մշտադիտարկման, ուսումնասիրման առարկա պետք է դառնա այն, թե արդյոք սովորողը ԱԲ օգտագործելով ավելի խորն է հասկանում, ընկալում բովանդակային նյութը, ավելի ինքնուրույն է մտածում, կարողանում է լայնորեն կիրառել ստացած գիտելիքները…
Կամո Աթայան
«Առավոտ» օրաթերթ
04.11.2026



















































