Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է թվային զբաղվածությունը ստեղծում աշխատանքային շահագործման նոր ռիսկեր

Հոկտեմբեր 06,2026 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Թվային դարաշրջանի աշխատանքային շահագործման նոր ռիսկերը։

Թվային ոլորտի աշխատանքը կատարված է, արդյունքը՝ գործատուի մոտ, իսկ մասնագետը աշխատավարձը ստանալու փոխարեն ստանում է հավելյալ հանձնարարություններ՝ առանց վարձատրման:Այսպես թվային զբաղվածությունը, որ պետք է ճկունություն և նոր հնարավորություններ առաջարկի, առաջ է բերում թվային ոլորտի մասնագետների աշխատանքային հնարավոր շահագործման նոր ռիսկեր:

Աշխատանքն արված է, բայց աշխատավարձի «փող չկա»

Անահիտը*(անձնական տվյալները, որոնցով հնարավոր է նույնականացնել հերոսին կոնֆիդենցիալ են, հոդվածում ներկայացված են փոփոխված) Content Creator և SMM մասնագետ է Երևանից: Ինստագրամում տեսնելով թափուր հաստիքի մասին հայտարարություն՝ որոշում է դիմել: Հաջորդ իսկ օրն անցնում է աշխատանքի:

«Աշխատել եմ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00-ից 18:00-ը: Գործատուի հետ համաձայնեցված աշխատավարձը՝ 200.000-ից 250.000 դրամ: Աշխատել եմ լիարժեք, մեծ պատասխանատվությամբ վարել ինստագրամյան, ֆեյսբուքյան և տիկ-տոկյան էջերը: Միշտ լսել եմ գոհունակության խոսքեր: Մեկ ամիս աշխատելուց հետո՝ գործատուն ասաց, որ աշխատավարձի փող չկա, պիտի սպասենք»,- պատմում է Անահիտը:

Երբ եկել է աշխատավարձ ստանալու ժամանակը՝ գործատուն հորդորել է Անահիտին մի փոքր սպասել: Միևնույն ժամանակ, նա դիմել է Անահիտին՝ նշելով, որ կազմակերպությունը գտնվում է ծանր աշխատանքային շրջանում և անհրաժեշտ է նրա աջակցությունը. պետք է կատարել հավելյալ մասնագիտական աշխատանք՝ գործատուի մեկ այլ, նորաբաց բիզնեսի համար: Անահիտը համաձայնում է և, առանց լրացուցիչ վարձատրության, սկսում է վարել սոցիալական տարբեր հարթակներում հավելյալ երեք էջ:

Մեր այն հարցին, թե ինչն է այդ պահին դրդում Անահիտին համաձայնել, նա պատասխանում է. «Զուտ հավատացի և մտածեցի, որ հեռանկար կա, կանենք ինչպես ասում է, կանցնի այս փուլը և ամեն բան լավ կլինի: Ես նրան ամեն անգամ հանդիպելիս ասում էի, անընդհատ գրում էի, զանգում, բայց ապարդյուն: Ամիսուկես աշխատելուց հետո միայն նոր պատրաստվում էր ինձ գրանցել՝ որպես աշխատակից, բայց այդպես էլ չեղավ: Շատ չէր էլ խոսում էդ մասով. ես էի անընդհատ հիշեցնում, ասում, ստիպում, որ անպայման գրանցի: Էս իրավիճակն ինձ համար շոկային էր, և, բնականաբար, ես առաջինը դուրս եկա աշխատանքից: Իմ դուրս գալուց երկու օր հետո իմացա, որ իմ միացրած գովազդներով բավական գումար է կորզել մարդկանցից:

Որոշ ժամանակ անց, տեղեկացա նաև, որ ինձ պես ընդունված բոլոր աշխատակիցները դուրս են եկել ֆիրմայից և դիմել ոստիկանություն: Ստացվեց այնպես, որ մինչև այսօր այդ գործատուն պարտք է ինձ 50.000 դրամ, մեկ այլ աշխատակցի՝ 120.000, մյուսին՝ 300.000, և այսպես շարունակ: Միակ բանը, որ որպես պատասխան ես կարող էի անել այս զեղծարարությանը, դա սոցիալական ցանցերում իմ կողմից վարվող էջերը ջնջելն էր. այդպես էլ արեցի: Հիմա զեղծարարության և խաբեբաության այս դեպքը քննվում է Ոստիկանությունում, բայց ինչպես ես, այնպես էլ մյուս աշխատակիցները անցել և բաց ենք թողել այս պատմությունը, քանի որ շարունակելու համար ամենաքիչը քարից նյարդեր են անհրաժեշտ»,- նշում է Անահիտը:

Որտե՞ղ է ավարտվում գործատուի կողմից «աշխատավարձի ուշացումը» և սկսվում աշխատանքային շահագործումը

Քննելով թվային ոլորտի մասնագետների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը՝ կարևոր է տարանջատել, թե ինչ իրավական հարաբերություններ կան գործատուի և մասնագետի միջև:

Աշխատանքային օրենսգիրքն ինքնին տրամադրում է աշխատողի իրավունքների պաշտպանման նվազագույն երաշխիքներ: Օրինակ, Աշխատանքային օրենսգրքի Հոդված 192-ը սահմանում է աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը: Ըստ այդմ՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է նաև աշխատավարձը չվճարելու, վճարման ժամկետը խախտելու դեպքերի համար տույժեր և տուգանք:

«Եթե, այնուամենայնիվ, անցնում է օրենսգրքով սահմանված ժամկետը, իսկ գործատուն շարունակում է չվճարել աշխատավարձը, այդ դեպքերի համար ունենք հիմնական երկու տարբերակ: Առաջինը՝ դիմել դատարան, սակայն դատական պաշտպանությունը երկարատև գործընթաց է: Երկրորդ տարբերակը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին դիմելն է։ Տեսչական մարմինը աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն և, խախտում հայտնաբերելու դեպքում, իր լիազորությունների շրջանակում կարող է կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, այդ թվում՝ տալ խախտումը վերացնելու վերաբերյալ պարտադիր կատարման հանձնարարական»,- պարզաբանում է փաստաբան, աշխատանքային իրավահարաբերությունների, այդ թվում՝ հեռահաղորակցության և IT ոլորտի սպասարկման մասնագետ Արման Աբրահամյանը:

Սակայն, եթե գործատուի և մասնագետի միջև կնքված է քաղաքացիաիրավական՝ ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչը հաճախ է հանդիպում թվային մասնագետների պարագայում, այստեղ գործում է այլ կարգ, և աշխատողների պաշտպանությունը շատ ավելի խոցելի է: Այս պարագայում ոչ թե գործատու և աշխատող հարաբերությոններ են, այլ արդեն պատվիրատու և ծառայություն մատուցող հարաբերություններ:

«Եթե խոսքը զուտ քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին է, ապա Աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատողի պաշտպանության հատուկ մեխանիզմները չեն կիրառվում։ Վճարման վերաբերյալ վեճը լուծվում է քաղաքացիաիրավական կարգով, իսկ հարկադիր պաշտպանության հիմնական միջոցը դատարան դիմելն է, եթե պայմանագրով վեճերի լուծման այլ կարգ նախատեսված չէ։ Սակայն, լինում են նաև որոշակի դեպքեր, երբ ապացուցվում է, որ իրականում կողմերի միջև ծագել են աշխատանքային հարաբերություններ: Այսինքն, երբեմն որոշ գործատուներ փորձում են իրականում աշխատանքային հարաբերությունները ձևակերպել ծառայությունների մատուցման պայմանագրի տեսքով: Այս դեպքում դատարանի կողմից կարող է ճանաչվել կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայություն»,- նշում է իրավաբանը:

Այսպիսով, իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար՝ անհրաժեշտ է լինել իրազեկված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին և կողմերի միջև կնքվող պայմանագրում հստակ արձանագրել, թե մասնագետը ինչ աշխատանք է կատարելու, դրա համար որքան է վարձատրվելու, երբ է վարձատրվելու, ինչպես նաև ուշադրություն դարձնել սահմանված ժամկետներին, տուգանքներին և տույժերին:

Թվային դարաշրջանի աշխատանքային շահագործման նոր ռիսկերը

Թվային մասնագիտությունների աճով պայմանավորված՝ առաջ են գալիս աշխատանքային իրավունքների խոցելիության և աշխատանքային շահագործման նոր ռիսկեր: Այս հանգամանքը պայմանավորված է թվային աշխատանքի մի շարք առանձնահատկություններով, որոնք առավել խոցելի են դարձնում թվային ոլորտի մասնագետներին:

Այս խնդիրը հատկապես երևան է գալիս այն դեպքում, երբ կատարված աշխատանքի արդյունքը մասնագետն ուղղարկում է պատվիրատուին թվային տարբերակով: Այս տեսանկյունից, թիրախային գոտում են հայտնվում այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ Content Creator-ները, SMM մասնագետները, դիզայներները (այդ թվում՝ 3D, UX/UI), քոփիրայթերները, ծրագրավորողները, ինչպես նաև վիրտուալ տիրույթ մուտք գործած դասական մասնագիտությունները, օրինակ՝ թարգմանիչները: Ի տարբերություն աշխատանքի այլ տեսակների՝ վերանշյալ մասնագետների աշխատանքի արդյունքը հաճախ լինում է միայն թվային ձևաչափով, դրանք են՝ տեքստեր, վիզուալ նյութեր, դիզայն, կոնտենտ պլան, մշակված ռազմավարություն, կոդեր, տվյալների բազա և մտավոր այլ արտադրանք: Թվային աշխատանքի նմանօրինակ արտադրանքը գործնականում հնարավոր է փոխանցել պատվիրատուին ակնթարթորեն և հեռավար: Արդյունքում, անկախ այն հանգամանքից, կշարունակվի՞ համագործակցությունը տվյալ մասնագետի հետ, թե՞ ոչ, կամ կվճարվի՞ մասնագետը կատարված աշխատանքի դիմաց, թե՞ ոչ, գործատուն ցանկացած պահի կարող է օգտագործել այդ արտադրանքը՝ անկախ մասնագետի համաձայնությունից:

Թվային մարքեթինգի մասնագետ Վարսիկ Ավանեսյանը, ով մասնագիտացված է SEO,SEM,PPC և SMM ոլորտներում, նշում է. «Մասնագիտական էթիկայի տեսանկյունից նման մոտեցումը միանշանակ անընդունելի է։ Եթե մասնագետը փորձաշրջանի կամ թեստային առաջադրանքի շրջանակում ստեղծել է ռազմավարություն, կոնտենտ պլան, գովազդային գաղափարներ կամ որևէ այլ աշխատանքային նյութ, դա նրա մասնագիտական աշխատանքի արդյունքն է։ Հատկապես խնդրահարույց է այն իրավիճակը, երբ համագործակցության ընթացքում մասնագետը դրական արձագանք է ստանում, հետո համագործակցությունը դադարեցվում է առանց վարձատրության, իսկ որոշ ժամանակ անց նրա մշակած նյութերն օգտագործվում են ընկերության կողմից։ Սա պարզապես «չստացված համագործակցություն» չէ, այլ մասնագետի աշխատանքի և ժամանակի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք»,-նշում է փորձագետը:

Թվային մասնագիտություն ունեցող անձի համար սա նշանակում է ավելին, քան պարզապես կորցրած ժամանակ և եկամուտ։ Նրա ստեղծած արտադրանքը կարող է շարունակել տարածվել և նպաստել բիզնեսի աճին՝ հրապարակված լինելով, օրինակ, սոցիալական հարթակներում։ Նման դեպքերից խուսափելու համար՝ թվային մարքեթինգի մասնագետ Վ. Ավանեսյանը խորհուրդ է տալիս նախապես հստակ պայմանավորվել թեստային աշխատանքի ծավալի և դրա օգտագործման պայմանների մասին. «Եթե առաջադրանքը պահանջում է իրական ռազմավարություն կամ այնպիսի նյութ, որը գործատուն հետագայում կարող է կիրառել իր բիզնեսում, ապա այն, իմ կարծիքով, արդեն պետք է լինի վճարովի: Կարևոր է նաև պահպանել ամբողջ աշխատանքային հաղորդակցությունը՝ նամակագրությունները, ուղարկված ֆայլերը, ամսաթվերը և պայմանավորվածությունները։ Իսկ մեծածավալ ռազմավարություններ կամ ամբողջական կոնտենտ պլաններ անվճար թեստային աշխատանքի շրջանակում ընդհանրապես խորհուրդ չեմ տա տրամադրել»,- նշում է Ավանեսյանը։

Աշխատանքային շահագործման ռիսկերը՝ սոցիալական մեդիայի մարքեթինգում (SMM)

Մշտադիտարկման և փորձագիտական կարծիքի համադրման արդյունքում՝ ի հայտ է գալիս մեկ այլ հանգամանք. թվային ոլորտում աշխատանքային շահագործման դեպքերն ավելի հաճախ և ցայտուն հանդիպում են SMM մասնագետների դեպքում: Թեև այս մասնագիտությունը ճանաչված և պահանջված է հայաստանյան աշխատաշուկայում, այնուամենայնիվ գործատուների կողմից հաճախ վերագրվում են այս հաստիքին աշխատանքային այնպիսի պարտականություններ, որոնք SMM մասնագետների գործառույթների մեջ չեն մտնում:

«Սա մեր շուկայում բավական տարածված խնդիր է։ Շատ դեպքերում «SMM մասնագետ» անվան տակ գործատուն իրականում փնտրում է մի մարդու, ով միաժամանակ պետք է լինի կոնտենտ մենեջեր, քոփիրայթեր, դիզայներ, լուսանկարիչ, վիդեոգրաֆ, reels maker, թարգեթոլոգ, երբեմն նաև SEO կամ նույնիսկ վաճառքի մասնագետ։ Իհարկե, SMM կամ թվային մարքեթինգի մասնագետը կարող է ունենալ մի քանի հմտություն, և դա միայն առավելություն է։ Բայց այստեղ կարևոր է տարբերակել բազմաֆունկցիոնալ մասնագետ լինելը և մի ամբողջ թիմի աշխատանքը մեկ մարդու վրա դնելը՝ մեկ հաստիքի և մեկ աշխատավարձի շրջանակում։ Սրա հետևանքով տուժում է ոչ մի այն մասնագետը՝ գնալով մասնագիտական այրման, այլ նաև հենց բիզնեսը։ Երբ մեկ մարդուց պահանջվում է միաժամանակ հինգ կամ վեց տարբեր մասնագետների աշխատանք, բնականաբար բոլոր ուղղություններով նույն բարձր որակն ապահովելը շատ դժվար է»,- նշում է փորձագետը:

Անդրադառնալով խնդրի լուծման հնարավոր տարբերակներին՝ փորձագետը ընդգծում է. «Կարծում եմ՝ մասնագիտական համայնքն այստեղ մեծ դեր ունի։ Պետք է ավելի շատ խոսել մասնագիտությունների իրական սահմանների, պարտականությունների և աշխատանքի արժեքի մասին։ Եթե մասնագետները սկսեն դեռ հարցազրույցների ժամանակ հստակեցնել՝ կոնկրետ ինչ է մտնում իրենց աշխատանքի մեջ, իսկ ինչը լրացուցիչ ծառայություն է, աստիճանաբար նաև գործատուների մոտեցումը կփոխվի։ Խնդիրը մասամբ ստեղծվում է նաև այն ժամանակ, երբ մասնագետներն իրենք համաձայնվում են չափազանց շատ պարտականությունների՝ պարզապես աշխատանքը չկորցնելու համար։ Բայց երկարաժամկետ այդ մոդելը վնասում է ամբողջ ոլորտին: Թվային մարքեթինգի մյուս ուղղությունների (SEO-ի, PPC-ի, Email Marketing-ի և այլն) դեպքում աշխատանքային գործառույթներն ավելի հստակ են տարանջատված և համակարգված։ SMM-ի դեպքում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է։ Եվ սա դեռ այն պայմաններում, երբ Հայաստանում բիզնեսների մեծ մասը կենտրոնացած է հիմնականում Meta-ի հարթակների վրա, իսկ մյուս սոցիալական ցանցերում առաջխաղացումը համեմատաբար անտեսված է։ Եթե բիզնեսները սկսեն ակտիվ աշխատել նաև այլ հարթակներում, մեկ SMM մասնագետի վրա դրվող ծանրաբեռնվածության հարցն առավել ակնհայտ կդառնա»:

«Զուտ հավատացի և մտածեցի, որ հեռանկար կա». խնդրի հոգեբանական կողմը

Ուսումնասիրելով իրավիճակի հոգեբանական տեսանկյունը՝ դիմեցինք հոգեբանի՝ մասնագիտական կարծիք ստանալու և պարզելու համար, թե ինչն է դրդում անհատին շարունակել աշխատանքը աշխատանքային շահագործում իրականացնող գործատուի հետ՝ կրկնակի ծանրաբեռնվածությամբ և առանց վարձավճարի, անգամ այն դեպքում, երբ անհատը գիտակցում է, որ գործատուն ազնիվ չէ և բազմիցս խախտել է իր իսկ կողմից խոստացված ժամկետները:

«Այս դեպքում մենք գործ ունենք աշխատանքային միջավայրում մանիպուլյացիաների հետ: Ցանկացած տեսակի մանիպուլյացիա կարող է համարվել հոգեբանական սահմանների խախտում: Հոգեբանական մանիպուլյացիաները շատ տարբեր կարող են լինել: Սովորաբար մանիպուլյացիան տեղի է ունենում մարդու արժեքների վրա. այսինքն, եթե մարդու համար դիմացինին օգնելը կարևոր արժեք է, ու եթե այս դեպքում լինում է դիմացինի կողմից մանիպուլյացիա՝ գործելու և ներազդելու մեղքի զգացման վրա, սա կարող է իրականում ազդել մարդու վրա: Հաճախ գործատուներն ասում են. «Մենք թիմ ենք» կամ «մենք ընտանիք ենք», այստեղ առաջանում է դիսֆունկցիոնալ խնդիր, որովհետև աշխատանքային հարաբերությունները չեն կարող լինել ընտանեկան հարաբերություններ: Այս դեպքերում ևս գործ ունենք մանիպուլյացիայի հետ»,- նշում է հոգեբան Լենա Մանուկյանը:

Հոգեբանական տեսանկյունից նման իրավիճակում առաջ է գալիս մեկ այլ խնդիր ևս՝ ինչ-որ բան կորցնելու զգացումը. «Մեր հոգեկանի և ուղեղի ամար շատ դժվար է գիտակցել, որ մենք ինչ-որ բան կորցնում ենք: Մարդը մտածում է. այո, գործատուն իր պարտականությունները չի կատարել, բայց եթե շարունակեմ աշխատել նրա հետ, կունենամ հնարավորություն ավելի շատ գումար աշխատելու, իսկ եթե դադարեցնեմ աշխատանքը, սահման դնեմ և գնամ, կստացվի, որ այն ջանքերը, իմ ունեցած պատկերացումները, որ ես ներդրել եմ՝ որպես մասնագետ, այստեղ ընկնում են ջուրը: Իսկ սա շատ ցավոտ կարող է լինել մեր ուղեղի համար»,- հավելում է հոգեբանը:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ խախտվում են անձնական սահմանները: Ինչպես նշում է հոգեբանը, առաջին նշանը դա բարկության զգացողությունն է. «Երբ խախտվում են մեր սահմանները, այդ թվում՝ հոգեբանական սահմանները, մենք զգում ենք բարկություն: Բայց երբեմն ստեղծվում է միջավայր, որտեղ ինչ-ինչ պատճառով մենք չենք կարողանում արտահայտել մեր բարկությունը (ինչն առողջ երևույթ է տվյալ իրավիճակում, որովհետև մեր իրավունքները խախտվել են): Բարկությունը շատ հետաքրքիր հույզ է, եթե այն կա և չի ուղղվում իր հասցեատիրոջը, այն ուղղվում է ներս՝ ինքներս մեզ: Հոգեբանության մեջ մենք սա անվանում ենք «աուտոագրեսիա». շատ հաճախ դա կարող է դրսևորվել ինքնամեղադրանքներով՝ «ուրեմն իմ մեջ էր խնդիրը», «ես ինչ-որ բան այնպես չարեցի», «իմ անհաջողությունն էր»: Անարդարությունը տարբեր զգացողություններ կարող է առաջացնել, մեկի մոտ կարող է առաջացնել բարկություն, մյուս մոտ անզորության զգացում և այլն»:

Այսպիսով, նման իրավիճակները կանխելու և դադարեցնելու համար՝ նախ կարևոր է անձնական սահմանների պահպանումը: Կարևոր է գիտակցել նաև, որ նորմալ է բարկություն զգալը, եթե խախտվում են ձեր սահմանները: Այն մարդկանց, ովքեր որ հայտնվել են նմանատիպ իրավիճակներում, հոգեբանը խորհուրդ է տալիս վերլուծել և հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ այն մանիպուլյացիաները, որոնք առաջացրել են մեղքի զգացում, ազդել են վարքի վրա: Անձնական սահմանները պահպանելու, «ոչ» ասելու հմտությունները զարգացնել հնարավոր է մի քանի գործոնների ժամանակ՝ երբ կա ժամանակ, կրկնություն, ամրապնդում. այս հաջորդականության պայմաններում հնարավոր է դրական փոփոխություններ գրանցել:

Պետությունն ընդդեմ թվային միջավայրում աշխատանքային շահագործման. քայլեր՝ միտված կանխարգելմանը

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2025 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից թրաֆիքինգի կամ շահագործման զոհ է ճանաչվել 34 անձ, որոնցից 29-ը՝ աշխատանքային շահագործման (չեն առնչվել համացանցի միջոցով իրականացված շահագործման հետ)։

ՀՀ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2026–2028 թվականների գործողությունների ազգային ծրագրի» շրջանակում նախատեսվում են մի շարք գործողություններ թվային ոլորտում թրաֆիքինգի կանխարգելման նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների կրթական հաստատություններում պարբերաբար կազմակերպում և անցկացնում են հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվում են մարդկանց շահագործման և թրաֆիքինգի վտանգները և դրանցից խուսափելու ուղիները:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում գործում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով շուրջօրյա «թեժ գիծ»՝ 0800-505-50 հեռախոսահամարով: Բացի այդ՝ խնդրի վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվական նյութեր հասանելի են Antitrafficking.am կայքէջում:

Թվային մասնագետների աշխատանքային շահագործումը աշխարհում

Միջազգային մակարդակում թվային զբաղվածությունն արդեն համարվում է առանձին ոլորտ, որը պահանջում է հատուկ պաշտպանություն: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO) առցանց հարթակներում զբաղվածությունը համարում է աշխատանքային քաղաքականության առանձին ոլորտ: Ավելին՝ 2026 թվականի հունիսին ԱՄԿ-ն ընդունել է հարթակային տնտեսությունում արժանապատիվ աշխատանքի մասին առաջին միջազգային կոնվենցիան։ «Convention concerning decent work in the platform economy» թիվ 193 կոնվենցիան հարթակային աշխատանքին նվիրված առաջին միջազգային աշխատանքային չափորոշիչն է: Փաստաթուղթը վերաբերում է թվային աշխատանքային հարթակներին և այդպիսի հարթակների միջոցով վարձատրվող աշխատանք կատարող անձանց, անկախ նրանից՝ նրանք աշխատում են առցանց, թե որոշակի ֆիզիկական վայրում:

Հատկանշական է միջազգային մեկ այլ ցուցանիշ ևս: «Fairwork»-ի հետազոտության շրջանակում՝ 2025 թվականին հետազոտողները գնահատել են 16 համաշխարհային առցանց աշխատանքային հարթակներ՝ հետևյալ հինգ չափանիշների համաձայն՝ արդար վարձատրություն, աշխատանքային պայմաններ, պայմանագրեր, կառավարում և աշխատողների ներկայացուցչություն: Պարզվել է, որ նույնիսկ խոշոր հարթակների շրջանում կան բացթողումներ թափանցիկ պայմանագրերի, արժանապատիվ վարձատրության և աշխատողների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում:

«Fairwork»-ը ընդգծում է նաև արդեն ավարտված աշխատանքի համար չվճարման ռիսկը: Առցանց զբաղվածության սկզբունքների համաձայն՝ աշխատողները պետք է վստահ լինեն, որ կստանան վճարում համաձայնեցված ժամկետում ավարտված աշխատանքի համար, և վեճի դեպքում պետք է լինի հստակ ընթացակարգ՝ պահանջների լուծման համար:

Այսպիսով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն հարցը, թե ինչ է պատահում անձի հետ աշխատանքը պատվիրատուին հանձնելուց հետո, այլևս չի դիտարկվում միայն որպես երկու կողմերի միջև անձնական վեճ: Վճարումը, պայմանագրի պայմանները, մասնագիտական և աշխատանքային պարտականությունների համապատասխան, հստակ սահմանումը, հարաբերությունների թափանցիկությունը և սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունը դառնում են թվային տնտեսությունում արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ ավելի լայն քննարկման առարկա:

Չեկ լիսթ՝ թվային միջավայրում աշխատող մասնագետների համար

Ի՞նչ պետք է իմանա թվային ոլորտում աշխատող մասնագետը՝ իր իրավունքները պաշտպանելու և աշխատանքային շահագործման ռիսկերը նվազեցնելու համար:

Թվային մասնագետների աշխատանքային շահագործման հնարավոր ռիսկերի հետազոտումը բազմակողմ խնդիր է: Կարևոր ենք համարում՝ ամփոփելով վերոնշյալ հոդվածը և համադրելով պետական, մասնագիտական, իրավական, փորձագիտական և հոգեբանական դիրքորոշումները, ներկայացնել չեկ լիսթ՝ ինչպես ինքնապաշտպանվել թվային աշխատաշուկայում: Այն կարող է նպաստել թվային ոլորտում աշխատանքային հնարավոր շահագործման ռիսկերի նվազմանը: Այսպիսով՝

  • նախքան աշխատանքը սկսելը՝ պայմանագրում հստակ ամրագրել մասնագետի պարտականությունները, կատարվող աշխատանքը, հանձնարարությունների շրջանակը,
  • թեստային աշխատանքը չվերածել ամբողջական աշխատանքի. թեստային աշխատանքը պետք է ցույց տա մասնագետի մտածելակերպն ու մասնագիտական մակարդակը, ոչ թե անվճար լուծի ընկերության խնդիրը (չպետք է լինի օր.՝ պատրաստի կոնտենտ պլան, ռազմավարություն),
  • աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ կարևոր մանրամասները սահմանել պայմանագրով՝ աշխատանքի ծավալը, վճարման պայմանները, ժամկետները, պատրաստված նյութերի հանձման-ընդունման կարգը, նյութերի օգտագործման պայմանները,
  • ճանաչել անձնական և մասնագիտական սահմանները, կարողանալ ասել «ոչ» և չտրվել մանիպուլացիոն քայլերի:

Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031