Քննարկե՞լ Սահմանադրության բովանդակությունը, թե՞ ոչ։ Նոր Սահմանադրության նախագծի հանրայնացումից հետո այդ հարցը հաճախ տրվողներից է։ Ընդդիմադիր համախմբմանը միացած ուժերը հայտնել են իրենց դիրքորոշումը, որ չեն մտնի բովանդակային քննարկման մեջ, հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի թելադրանքով։ Այստեղ տրամաբանությունը բավականին հստակ է։ Եթե Հայաստանում ներքին պրոցես է թելադրում մեկ այլ պետություն, այն էլ մի պետություն, որը Հայաստանի հանդեպ ունի ակնառու հավակնություններ, ապա այդ պրոցեսի բովանդակությունն այլեւս դառնում է երկրորդական։
Միեւնույն ժամանակ, թերեւս ակնառու է նաեւ, որ հնարավոր չէ բացարձակապես զերծ պահել հասարակական–քաղաքական միջավայրը այդ նոր Սահմանադրության նախագծի բովանդակային թեմաներից։ Առավել եւս, որ կառավարող ուժն էլ իր հերթին փորձելու է դաշտը լցնել հենց դրանով, որքան հնարավոր է շատ, ինտենսիվ։ Իսկ դրա քարոզչական ռեսուրսային հնարավորություններին տիրապետում են լիուլի։ Այդ պարագայում, հազիվ թե արդյունավետ լինի պարզապես բացառել բովանդակային որեւէ քննարկում, եւ վերջ։ Մեծ է հավանականությունը, որ ինտենսիվ աշխատելով քանակի վրա, իշխանությունը կարող է ստանալ «որակ», այն է՝ հանրային ուշադրության կենտրոն բերել հարցի բովանդակությունը, դրանով ծածկելով առանցքայինը՝ մեկնակետը, որն Ադրբեջանի պահանջն է։
Հետեւաբար, ընդդիմության համար թերեւս կարեւոր է ոչ միայն այդ պահանջի հանգամանքը շեշտադրելը, այլ դա վերածելը «զուգահեռ բովանդակության»։ Ընդդիմադիր համախումբը ձեւակերպել է խնդիրն իր ամբողջ ընդգրկումով՝ այն հայտարարությամբ, որ հանրայնացրել են 2026 թվականի նոյեմբերի 4–ի հավաքին հաջորդած հայտարարությամբ։ Այդ հայտարարությունը պետք է վերածել նախագծի՝ Հայաստանի Հանրապետության հանրային–պետական կենսունակության նախագծի։ Սահմանադրության թեման, որ առաջ է քաշել իշխանությունը՝ Ադրբեջանի պահանջով, պետք է իր մեջ չպարփակի ընդդիմության առանցքային անելիքը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































