Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ գլխավորում է անկուսակցական Հովհաննես Հակոբյանը։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է և Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։
Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքը ղեկավարել է երկար տարիներ, բայց՝ ընդմիջումներով։ Նա 1999թ․-ից Մասիսի քաղաքապետն էր, այնուհետև ընտրվել է 2005թ․-ին՝ որպես ՀՀԿ թեկնածու, 2008թ․-ին պարտվել է ընտրություններում, 2012թ․-ին կրկին առաջադրվել է և հաղթել, պաշտոնավարել է մինչև 2016թ․-ը։
Մասիսի նախկին քաղաքապետի իրականացրած հողերի աճուրդների վերաբերյալ երկու հոդված ենք հրապարակել՝ 2014թ․-ին՝ «Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ»և 2015թ․-ին՝ «Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը»։ Խոսքը ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասին է։
«Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել: Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը»,- գրել ենք հոդվածում:
Կարդացեք նաև
Նշենք, որ քաղաքապետը 2014թ. միայն մայիսի 15-ի աճուրդում հողերը վաճառքի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով:
Իշխանափոխությունից հետո՝ 2019թ. դեկտեմբերին, Սաշա Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնավարման շրջանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ 2023թ. մայիսից քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում և դեռևս դատավճիռ չի կայացվել։
Ըստ մեղադրանքի՝ 2007 թ. դեկտեմբերի 27-ին Սաշա Հակոբյանը ավագանու քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599,7 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ–ի վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանին նվիրատվությամբ հատկացնելու համար: Ավագանու նիստի ժամանակ Արմեն Բաղդասարյանին ներկայացրել է որպես սոցիալապես անապահով և ավագանու նույն օրվա որոշումներով շենքերը նվիրատվությամբ հատկացրել են Արմեն Բաղդասարյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



















































