Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի՝ իրական ու կեղծ թեկնածուների թեմա՝ Ամասիայում․ Նազելի Բաղդասարյանի այցից հետո թեժ ընտրապայքարը հասել է գագաթնակետին

Նոյեմբեր 25,2026 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամասիայում, որտեղ ուղիղ չորս օրից՝ նոյեմբերի 29-ին, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ բնակիչները կընտրեն իրենց տեղական իշխանությանը, թեժ ընտրապայքարը հասել է իր գագաթնակետին։

Այստեղ ընտրապայքարի են դուրս եկել երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, և «Բարոյական արժեքներ» նորաստեղծ քաղաքական կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն Սամվել Ղարիբյանն է։

Այստեղ նախորդ ՏԻՄ ընտրություններում էլ ընտրապայքարը Ջեմմա Հարությունյանի ու Սամվել Ղարիբյանի եղբոր՝ Մերգել Ղարիբյանի միջև էր, միայն թե այն ժամանակ Ղարիբյանները ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Ջեմմա Հարությունյանն ընդդիմադիր էր․ նա Շիրակի մարզի միակ կին ու միակ ընդդիմադիր համայնքապետ էր։

Բոլորովին վերջերս տիկին Հարությունյանը դարձել է ՔՊ-ական, իսկ Ղարիբյան եղբայրները, որոնք Ամասիայի ՔՊ-ի կառույցն էին ղեկավարում, լքել են ՔՊ-ի շարքերը։ Այս ամենը տեղի է ունեցել ՏԻՄ ընտրությունների ֆոնին։

Ընտրապայքարը թեժացել է Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի՝ օրերս Ամասիա համայնք կատարած այցից ու հնչեցրած ելույթից հետո։

Տիկին Բաղդասարյանը իր խոսքում շեշտադրեց այն, որ ՔՊ-ի միակ թեկնածուն Ջեմմա Հարությունյանն է, և որևէ մեկը չի կարող հանդես գալ այս կուսակցության անունից։
Բացի այդ, նա ընդգծեց, որ Ջեմմա Հարությունյանը տեղաբնակ է։

Նշենք, որ Ղարիբյանները ծնունդով Ախալքալաքից են, նախորդ ընտրություններում ևս, երբ Սամվել Ղարիբյանի եղբայրն էր գլխավորում ՔՊ-ի ընտրացուցակը, դարձյալ շոշափվում էր բնիկների ու եկվորների թեման։

Նկատելի է, որ ՔՊ-ական պատգամավորի այս երկու շեշտադրումները մեծ զայրույթ են պատճառել «Բարոյական արժեքներ» կուսակցության ներկայացուցիչներին ու համակիրներին։

Նազելի Բաղդասարյանը, որի խոսքը տեղադրված է Ջեմմա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում, ասում է․ «Կուսակցության վարչությունում տիկին Ջեմմա Հարությունյանի թեկնածության հաստատումը գրեթե միաձայն է եղել։ Ես մարզպետ եմ եղել, ես իմ դրական խոսքը կարող էի ասել, էն մյուսն աշխատել է նրա հետ, էն մյուսն էլ է ասել, բայց 20 հոգանոց վարչություն ունենք և կուսակցության ղեկավար, և ասում եմ՝ այդ որոշումը եղել է միաձայն։

Մյուս թեկնածուն, ով այդ ժամանակ մեր կուսակցությունից էր, ասել եմ, հորդորել եմ՝ մի արա էդպիսի բան, դու վարչապետի, կուսակցության որոշմանը դեմ ես գնում, և դա չի բխելու ժողովրդի շահերից, մի պառակտիր ժողովրդին, բայց իրենք չեն լսել, լավ ճանապարհով չեն գնացել, Աստված իրենց հետ, չեմ ուզում շարունակել։

Ես գիտեմ հանուն ինչի ենք անում այս ամենը, անում ենք հանուն նրա, որ Ամասիան իր գյուղերով ունենա ավելի լավ կյանք, ոչ թե ինչ-որ մեկի համար, այսքան մարդ որ նստած են, գիտեմ, որ հավատալով եք այստեղ նստած։ Ձեզ ոչ մեկը չի ասել՝ գիտեք, ձեզ էս գործն են տալու, էն մյուսին էն գործն ենք տալու, մի գործի համար տաս հոգու բան են խոստացել, էդպես էլ բան լինի՞»։

Նա անդրադարձավ նաև Ջեմմա Հարությունյանի բնիկ ամասիացի լինելուն՝ ասելով․ «Համոզմունք ունեմ, եթե մարդու ընտանիքը, ազգը, բարեկամությունը չի ապրում այստեղ, ինքը այս բնակավայրերից հեռու պիտի լինի, դա ճիշտ բան է։ Դու չես կարող Ամասիայի դարդ ու ցավը չիմանալով, հոսգը չիմանալով՝ գաս ու առաջադրվես համայնքի ղեկավար»։

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ Ջեմմա Հարությունյանի ընտանիքը բազում հնարավորություններ է ունեցել Գյումրիում, Երևանում բնակվելու, բայց նրանք այս հողի ու ջրի համար քրտինք են թափել։ Նազելի Բաղդասարյանը նաև վստահություն հայտնեց, որ ՔՊ-ն անբեկանելի հաղթանակ է տանելու Ամասիայում։

Ապա դիմելով Ջեմմա Հարությունյանին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Տիկին Հարությունյան ջան, որևէ մեկին չթողնեք կուսակցության, կուսակցության առաջնորդի անունից անպատասխանատու հայտարարություն անել, և եթե հանկարծ որևէ մեկը փորձի ժողովրդի վրա ճնշում գործադրել, իրենցով կզբաղվեն հատուկ իրավապահ մարմինները։

Հերիք եղավ ժողովրդին խաբեն, հերիք եղավ երկրի ղեկավարի, մարզպետի, նախարարի անունից խոստումներ տան»։

«Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներն ու համակիրներն անպատասխան չեն թողել Նազելի Բաղդասարյանին, նրանք մի քանի օր է՝ անընդմեջ անդրադառնում են նրա այս ելույթին՝ ֆեյսբուքյան գրառումներ կատարելով, մեկնաբանություններ թողնելով, որտեղ քննադատում են ինչպես Նազելի Բաղդասարյանին, այնպես էլ Ջեմմա Հարությունյանին։

Ի դեպ, բուռն քննադատություններ կան նաև Ջեմմա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում՝ Նազելի Բաղդասարյանի տեսանյութի տակ։

«Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանը, արձագանքելով Նազելի Բաղդասարյանին, գրել է․

«Ի պատասխան Նազելի Բաղդասարյանի՝ Ամասիայում հնչեցրած հայտարարությունների

Ամասիա համայնքում Ձեր ելույթի ընթացքում հնչեցրած մի շարք հայտարարություններ առնվազն պարզաբանման կարիք ունեն։ Ես և իմ թիմը վստահ ենք, որ հանրության առջև խոսելիս կարևոր է հիմնվել իրական փաստերի վրա, հարգել մարդկանց անցած ճանապարհը և չներկայացնել քաղաքական անհամաձայնությունը որպես պառակտման փորձ։

Անդրադառնալով իմ և Ձեր հանդիպմանը՝ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այդ հանդիպումը նախաձեռնել եմ հենց ինքս։ Դրանով իսկ ցանկացել եմ բարձրաձայնել առկա անհամաձայնությունները և ներկայացնել բնակիչների դիրքորոշումը։

Կան մարդկային արժեքներ, սկզբունքներ և կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել նույնիսկ քաղաքական նպատակահարմարության համար։ Ազնվությունը, խիղճը, փոխադարձ հարգանքն ու սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը մեզ համար ավելի բարձր են, քան որևէ պաշտոն կամ կուսակցական որոշում։

Առավել զարմանալի է Ձեր այն խոսույթը, թե համայնքից դուրս բնակվող մարդը չի կարող լիարժեք ճանաչել համայնքի բնակիչների հոգսերն ու խնդիրները և, հետևաբար, չպետք է հավակնի համայնքի ղեկավարի պաշտոնին։

Տիկի՛ն Բաղդասարյան, Դուք չեք տիրապետում իրականությանն ու փաստերին։

Ես՝ Սամվել Ղարիբյանս, դեռևս 1995 թվականից իմ ընտանիքի հետ բնակություն եմ հաստատել Ամասիա համայնքի Արդենիս գյուղում։ Ավելի քան երեք տասնամյակ իմ կյանքն ու գործունեությունը կապել եմ այս տարածաշրջանի հետ՝ ապրելով ու զբաղվելով գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ծավալելով գործունեություն՝ առնչվելով հենց այն խնդիրներին, որոնց ամեն օր բախվում են համայնքի բազմաթիվ բնակիչներ։

Ամասիա համայնքի բնակչի դժվարություններին չեմ ծանոթացել միայն պաշտոնական զեկույցներից կամ նախընտրական հանդիպումներից։ Այդ իրականության մեջ ապրելով, աշխատելով, դժվարություններ հաղթահարելով և սեփական փորձով զգացել եմ այդ խնդիրները, որոնք այսօր ծառացած են համայնքի բնակիչների առջև։

Պառակտման վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ անհամաձայնությունը ներկայացվում է որպես թշնամանք, իսկ այլընտրանքային կարծիքը՝ որպես սպառնալիք։

Ժողովրդի շահը և կուսակցական շահը նույն հասկացությունները չեն։

Համայնքի բնակիչների խնդիրները, ակնկալիքներն ու պահանջները չեն կարող պայմանավորվել նրանով, թե ով է տվյալ պահին ղեկավարում կուսակցությունը կամ ինչ որոշում է կայացրել վարչությունը։

Մեզ համար քաղաքական մրցակցությունը մարդկանց բաժանելու միջոց չէ, այլ տարբեր մոտեցումներ ներկայացնելու, խնդիրները բացահայտելու և հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է։

Ազնիվ խոսքն ու գործը չի կարող պառակտման պատճառ համարվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկին անհարմար է լսել այն։

Իսկ մեր սկզբունքները չեն փոխվում՝ կախված նրանից, թե ում համար են դրանք ընդունելի և ում համար՝ ոչ։

Որովհետև մարդկային արժեքներն ու ազնվությունը սկսվում են հենց այնտեղ, որտեղ մարդը չի հրաժարվում իր խղճից ու համոզմունքներից՝ հանուն քաղաքական հարմարավետության։

Անկեղծ խոսքը ուժ ունի, երբ չի վախենում ճշմարտությունից։ Ուժ ունի, երբ հիմնված է խղճի ու համոզմունքի վրա։ Եվ առավել մեծ ուժ է ստանում, երբ նրան հետևում է ազնիվ գործն ու բարոյականությունը»։

Սիմոն Պետրոսյանն էլ, պատասխանելով Նազելի Բաղդասարյանին, տեղեկացնում է, որ միայն Ամասիայից 36 հոգի հեռացել են ՔՊ-ի շարքերից՝ հանուն իրենց արժեքների։

«Լսեցի ՔՊ պատգամավոր տիկին Նազելի Բաղդասարյանի ելույթը Ամասիայի ՔՊ-ի նախընտրական ակտիվի հետ հանդիպման ժամանակ, և ինձ մոտ մի շարք հարցեր առաջացան, որոնցով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։

Ես այդպես էլ չհասկացա, թե ո՞վ ում է ահաբեկում, ո՞ր կուսակցության ղեկավարի մասին է խոսքը, ո՞վ է սպառնում ընտրողներին, և ինչի՞ մասին է խոսում պատգամավորը։

Ես կարծում եմ, որ տիկին Բաղդասարյանը մտահոգված է սպասվող ընտրությունների արդյունքներից, քանի որ տիկին Ջեմման իր «սրտի» թեկնածուն է, և նա է պատասխանատվություն կրելու անհաջողության դեպքում։

Ընդհանրապես, Շիրակի մարզի բախտը չի բերել կադրերի հարցում։ Միայն այն փաստը, որ ութ տարվա ընթացքում նշանակվել և ազատվել են 5-6 մարզպետներ, արդեն խոսուն ապացույցն է մարզի և Գյումրի քաղաքի այսօրվա իրավիճակի։

Տիկին Բաղդասարյանին պետք է անհանգստացներ այն փաստը, թե ինչու 36 ՔՊ կուսակցության անդամներ Ամասիայում և 80 անկուսակցական և նախկին ՔՊ-ականներ Սպիտակում միացան առողջ ընդդիմությանը։ Եվ ընդհանրապես, պետք չէ մեզ հետ խոսել վիրավորական արտահայտություններով, մենք Ձեր սադրանքներին չենք տրվելու։

Հարգելի՛ ՔՊ ընկերներ և պաշտոնյաներ, մի՛ մոռացեք, որ մենք հեղափոխական գաղափարները կրողներն ենք, և, այո՛, շատ հարցերում Ձեզ հետ ունենք անհամաձայնություններ, ինչը ժողովրդավարական երկրներում բնական և ընդունված երևույթ է»։

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Ջեմմա Հարությունյանն ու նրա ամուսինը՝ «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի ղեկավար, գործարար Մարսել Կարապետյանը, ևս հայտնվել են քննադատության թիրախում։

Նրա մրցակիցները մասնավորապես շեշտադրում են անբարեկարգ ճանապարհները՝ որպես ապացույց՝ տեսանյութեր ցուցադրում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30