Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավարը երեքշաբթի ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով, հայտնում է Agence France-Presse (AFP)-ը։ Երկրի իշխանությունների համար սա անհարմար իրավիճակ է մի ժամանակահատվածում, երբ Գերմանիան ձգտում է ընդլայնել իր հետախուզական ծառայությունների լիազորությունները։
«Աուգուստ Հանինգը, որը 1998-2005 թվականներին ղեկավարել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը, մեղադրվում է լրտեսության, պետական դավաճանության և օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ», – հայտնել են դաշնային դատախազները։
Նրանք չեն նշել, թե օտարերկրյա որ պետություններն են ներգրավված եղել, սակայն AFP-ն տեղեկացել է, որ խոսքը Ռուսաստանի մասին չէ։
Der Spiegel ամսագիրը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտնել է, թե Հանինգը կապի մեջ է եղել Ադրբեջանի հետախուզության աշխատակցի հետ։
Կարդացեք նաև
Ձերբակալվել է նաև Հանինգի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Մանֆրեդ Դ.-ն, որը մինչև 2026 թվականի մարտը աշխատել է հետախուզական ծառայությունում։
Նա մեղադրվում է Հանինգի իրավահաջորդների մոտ աշխատելու ժամանակ գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու և դրանք իր նախկին ղեկավարին՝ մասնավոր հատվածում որպես խորհրդատու աշխատող Հանինգին, վաճառելու մեջ։
Դատախազների տվյալներով՝ Հանինգը հետագայում այդ տեղեկություններն օգտագործել է իր մասնավոր խորհրդատվական գործունեության ընթացքում, որը ներառել է օտարերկրյա հետախուզության աշխատակցի համար վերլուծական զեկույցի պատրաստում և մեկ այլ օտարերկրյա հետախուզական ծառայության գործակալին տեղեկությունների փոխանցում։
Spiegel-ի տվյալներով՝ վերլուծական տեղեկանքը պատրաստվել էր ադրբեջանցի հետախույզի համար։
«Գերմանիան չի հանդուրժի դավաճանությունը», — AFP-ին ասել է խորհրդարանի հետախուզական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Մարկ Հենրիխմանը։
«Ով էլ որ դաշնակցի մեր լիբերալ ժողովրդավարության թշնամիների հետ, կբացահայտվի», — նշել է նա։
Գերմանիայում պետական դավաճանության համար առավելագույն պատիժ կարող է լինել ցմահ ազատազրկումը։
Լրտեսական այս սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ անցած ամիս Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հետախուզական ծառայությունների լայնածավալ բարեփոխմանը, որը գաղտնի գործողությունների իրականացման ավելի լայն լիազորություններ է նախատեսում։
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND)-ն և Գերմանիայի ներքին հետախուզության ծառայությունը (BfV) ավելի սահմանափակ լիազորություններ ունեին, քան այլ երկրների իրենց գործընկերները, սակայն իշխանությունները ձգտում են ուժեղացնել դրանց հնարավորությունները՝ աճող սպառնալիքներին, հատկապես Ռուսաստանից եկող, դիմակայելու համար։
Ակնկալվում է, որ բարեփոխումները խորհրդարանի կողմից կընդունվեն հաջորդ տարվա սկզբին։
BND-ի ներկայիս ղեկավար Մարտին Յեգերը հայտարարել է, որ նախքան գործը դաշնային դատախազներին փոխանցելը ծառայությունը Հանինգի վերաբերյալ «արագորեն լայնածավալ ներքին հետաքննություններ է իրականացրել»։
«BND-ի և անձամբ ինձ համար ներքին անվտանգության հարցում փոխզիջումների տեղ չկա», — Rheinische Post-ին ասել է Յեգերը:
Դատախազների տվյալներով՝ Մանֆրեդ Դ.-ն Հանինգին մոտ 2000 փաստաթուղթ է տրամադրել, որոնցից շատերը գաղտնի տեղեկություններ են պարունակել։
Հանինգը, որը 2005-2009 թվականներին զբաղեցրել է ՆԳՆ-ի բարձրագույն պետական ծառայողի պաշտոնը, օգտագործել է գաղտնի հետախուզական տվյալներ՝ «օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծություն պատրաստելու նպատակով», թեև պարզ չէ՝ «արդյոք նյութերը հասե՞լ են նախատեսված հասցեատիրոջը»։
Հանինգին նաև մեղադրում են այն բանում, որ «սերտ կապի մեջ է եղել մեկ այլ օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցչի հետ, որին մի քանի տարի շարունակ փոխանցել է քաղաքական տեղեկություններ, որոնք մասամբ հիմնված են եղել Մանֆրեդ Դ.-ի տրամադրած նյութերի վրա»։
ARD հեռուստաընկերության տվյալներով՝ Մանֆրեդ Դ.-ի փոխանցած տեղեկությունների թվում եղել են Իրանի միջուկային ծրագրի և ռուսական բանակի վերաբերյալ նյութեր։
Հեռուստաընկերությունը, վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներին, հայտնել է, թե տեղեկությունների մի մասը ստացվել է արտերկրի գործընկեր հետախուզական ծառայություններից։
Ընդդիմադիր «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Կոնստանտին ֆոն Նոտցը AFP-ին ասել է, որ մեղադրանքները «լուրջ և խորապես մտահոգիչ» են, և կոչ է արել հետաքննել «հնարավոր վնասը»։
Պատգամավորը, որը նաև հետախուզական վերահսկողության հանձնաժողովի անդամ է, նշել է, թե բազմիցս քննադատել է «բարձրաստիճան նախկին պետական ծառայողների կասկածելի և լայնածավալ լոբբիստական գործունեությունը»։
«Նրանք ակնհայտորեն նաև մուտքի կետ են թշնամական հետախուզական ծառայությունների համար», — ասել է պատգամավոր։
Մեղադրանքները հայտնի են դարձել Քրիստինա Բլոկի գործին Հանինգի մասնակցության կապակցությամբ։ Բլոկը սթեյքհաուսների ցանցի ժառանգորդուհի է և կանգնել է դատարանի առաջ՝ իր երկու երեխաների առևանգումը պատվիրելու մեղադրանքով։
Այդ գործի շրջանակում Հանինգին և ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրել են երեխաներին Դանիայից վերադարձնելու դիմաց Բլոկից ավելի քան 100 000 եվրո (112 000 դոլար) վարձատրություն ստանալու մեջ։ Երեխաները Դանիայում բնակվում էին Բլոկի նախկին ամուսնու հետ։
2025 թվականի սեպտեմբերին Հանինգի տանը խուզարկություն է իրականացվել, որն էլ հանգեցրել է ներկայիս հետաքննությանը։



















































