Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը

Սեպտեմբեր 06,2026 10:05 Share

Սեպտեմբերի 5-ի երեկոյան ազդադարվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի մեկնարկը Լոռու Դեբեդ գյուղում։

Բացման արարողությանը ներկայացվեց փառատոնային ծրագիրը՝ այն, թե ինչ ֆիլմեր հանդիսատեսը կկարողանա դիտել «Դեբատուն» հյուրատան այգում՝ բաց երկնքի տակ գալիք 7 օրերին։ 31 ֆիլմ՝ 20 երկրից, որոնց մեջ ներառված են ինչպես աշխարհի ամենահեղինակավոր վավերագրական կինոփառատոներում՝ Ամստերդամում, Կոպենհագենում և այլն, պարգևատրված կինոնկարներ, այնպես էլ նոր բացահայտվող տաղանդների աշխատանքներ։

Միջոցառմանը ներկա էին հայ և արտասահմանցի արվեստագետներ։ Ելույթ ունեցան Լոռու զանազան ստեղծագործական համույթներ Վանաձորից և Ալավերդուց, իսկ «Այրոգի» ստվերների թատրոնը միանգամից երեք կարճ ներկայացում կատարեց՝ հիմնված միջնադարյան հայկական սյուժեների վրա։ Ողջույնի խոսքով հանդես եկավ փառատոնի հիմնադիր կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։

Ներկայացվեց նաև փառատոնի ժյուրին, որի կազմում է իրանական վավերագրական կինոյի դասական Ֆարհադ Վարահրամը, նիդերլանդցի մոնտաժող, հետարտադրական աշխատանքների մասնագետ և պրոդյուսեր Բարտ վան դեն Բրուկը և հայ կինոռեժիսոր Արման Երիցյանը։

Արարողությունն ամփոփվեց լատվիացի խորհրդային հանճարեղ կինոռեժիսոր Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» կարճամետրաժ ֆիլմի (1978) ցուցադրությամբ: Փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանի խոսքով․ «Մինչ նրա ժամանակակիցները զանազան փորձարարական ձևերով էին ձգտում զարգացնել կինոյի լեզուն, Հերց Ֆրանկը կինոարվեստը վերադարձրեց իր լյումիերական ակունքներին, երբ պատկերն ինքնին կարող է անսպառ և անսահման իմաստ պարունակել»։

Փառատոնն իրականացնում է «Ֆիլմադարան» ՀԿ-ն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 12-ը։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է և անվճար։ Ֆիլմերը ներկայացվելու են ինչպես «Դեբատուն» հյուրատանը, այնպես էլ Դեբեդի դպրոցում և Թումանյան քաղաքում գտնվող MIJ գործարանում։ Ժամանակացույցը և ֆիլմերի մասին տեղեկատվությունը հասանելի է փառատոնային կայքում՝ festival.filmadaran.org։

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ՄԿՓ-Ի ԹԻՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել