Երևանի Շիրակի փողոցում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը:
Վարորդը անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա՝ տուժածին հնարավորինս արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնության մեքենան ինսուլտով հիվանդի էր տեղափոխում, Armenia Sputnik–ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը:
«Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 23:15-ի սահմաններում Շիրակի փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել մոտ 30-35 տարեկան տղամարդու: Նա փողոցը հատելիս է եղել չթույլատրվող հատվածով, նաև պետք է դիտարկել գիշերային վատ տեսանելի պայմանները, անձրևային եղանակը: Շտապօգնության բրիգադն էլ լուսային ազդանշանը միացրած է եղել, երթևեկության կանոնների խախտում չի կատարել, սահմանված արագության գերազանցում չի եղել»,- նշեց Հարությունյանը։
Կարդացեք նաև
Վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայր անմիջապես մոտեցել է ևս 2 շտապօգնության բրիգադ, որից մեկը վրաերթի ենթարկված բուժառուին է հոսպիտալացրել տարածքային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Մյուս բրիգադը արդեն վթարված բրիգադում գտնվող ինսուլտով բուժառուին է հոսպիտալացրել:
✔️Երկու բուժառուների վիճակն էլ կայուն է:



















































