Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՍԴ դիմողի՝ անկախ հիմքից եւ իրավիճակից, նոր էական հանգամանքների բացակայության պարագայում միջնորդությունը պետք է մերժվի

Նոյեմբեր 09,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Ջանիբեկ Կարոյանի դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հռիփսիմե Գասպարյան) Սահմանադրական դատարան վերստին մուտքագրվել էր 2026 թ. հոկտեմբերի 5 -ին։ Դիմողը խնդրել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածն «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը» այնքանով, որքանով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը «ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հիմքով» մերժելը դատարանների կողմից որպես նոր էական հանգամանքի առաջադրման նախապայման չդիտարկելը ճանաչել Սահմանադրության 27-րդ և 63 -րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Դիմողը հարցնում է՝ թե արդյոք օրենսգրքի 121-րդ հոդվածով ամրագրված՝ կալանքից ազատված անձին առանց նոր էական հանգամանքների հայտնաբերման, կրկին կալանավորելու երաշխիքները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 30.09.2025 թ. թիվ ՍԴՈ -1798 որոշմամբ տրված մեկնաբանությունը տարածվում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հիմքով մերժվելու պայմանների վրա, թե ոչ:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով դատարանները մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ձերբակալման իրավաչափության հիմքով մերժելը, այնուհետև մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալման դեպքում նույն միջնորդությունը քննության առնելը չեն մեկնաբանել որպես «նոր հանգամանքի բացակայության հիմքով կալանքի մերժման հիմք», այլ դիտարկել են, որ առաջնային կալանքի միջնորդության քննության ժամանակ անդրադարձ չի կատարվել կալանքի հիմքերին, ուստի վարույթն իրականացնող մարմինը՝ կալանքից ազատված Ջանիբեկ Կարոյանին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնելով «նոր հանգամանքների» վկայակոչման պարտավորություն չի ունեցել, իսկ դատարանը բավարարելով միջնորդությունը՝ թույլ չի տվել դատական սխալ, հակասում են Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության և Սահմանադրության 63 -րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքներին։

Ըստ դիմողի՝ իր քրեական գործով ստորադաս դատարաններն արտահայտել են այնպիսի իրավական դիրքորոշում, որն ակնհայտորեն հակասում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի  կողմից կայացված համապատասխան որոշումներին: Մասնավորապես, դիմողի պնդմամբ՝ Ստորադաս դատարանները գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է և այդ հիմքով միջնորդությունը մերժելով, Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել կալանքի հիմքերին և դրանով իսկ արդարացնում է երկրորդ անգամ տարված կալանքի միջնորդության բավարարումը, սակայն նման մոտեցումն ու մեկնաբանությունը հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածին և դրա վերաբերյալ արտահայտած Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին, չէ որ ձերբակալման ոչ իրավաչափ լինելը նույնպես կալանքի միջնորդությունը մերժելու հիմք է, ամեն դեպքում կալանքի մերժման հիմք է, իսկ ՍԴ որոշմամբ ընդգծված է «անկախ հիմքից և իրավիճակից» պայմանը: Հիշյալ դեպքում ստորադաս դատարանները «հիմք»  հասկացությունը մեկնաբանել են բացառապես որպես ՀՀ ՔԴՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի»  իմաստով՝ արձանագրելով, որ 11.12.2025թ. կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության առնելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում և կայացված որոշմամբ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի»   առկայության հարցին անդրադարձ չի կատարվել, ուստի պաշտպանության կողմի վկայակոչած փաստարկները առարկայական չեն դիտարկվել։

Սահմանադրական դատարանը գտավ, որ անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ 1/2067/06/25 գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, և մերժեց դիմումն աշխատակարգային որոշմամբ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել