Բագրատ Սրբազանի գործով դատավարությունն այսօր ընդմիջվեց դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Այսօր, երբ հետազոտվում էին գրավոր ապացույցները, Բագրատ սրբազանը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով բացատրություն տալ, թե տեսագրության մեջ ցուցադրված զենքերն ինչ կապ ունեն իրենց հետ։
«Այս հետազոտություններն ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ փաստեցին»,- հարցրեց Բագրատ սրբազանը՝ հիշեցնելով, որ գործի առաջին իսկ օրից այդ հարցն են հնչեցնում, սակայն ամեն անգամ իրենց ասում են, որ պատասխանը կտրվի վերջում։
Կարդացեք նաև
«Ի՞նչ փաստեցին, ի՞նչ վկայություն տվեցին, ինչպե՞ս առնչվեցին այս պատմության հետ, թե՞ էլի եզրափակիչ խոսքում պետք է ասի այդ մասին։ Ասելիք չունեն, դրա համար բան չեն ասում։ Հետազոտություն են ցույց տալիս, արդեն քանի նիստ է՝ չարչարվում են։ Ինչո՞ւ, ինչի՞ մասին վկայեց դա»,- հավելեց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանին արձագանքեց հանրային մեղադրողը.
«Ես նորից եմ ասում, որ չեմ պատրաստվում նույն բանը պարբերաբար կրկնել։ Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, ուրեմն ասելիք ունի, կամ նրա ասելիքի մեջ իմաստ ու բովանդակություն կա։ Կողմ չեմ մերկապարանոց ու պրովոկացիոն հայտարարություններ անել նիստերի դահլիճում»։
Բագրատ սրբազանը զայրացավ դատախազի արձագանքից։
«Սա վիրավորանք չէ՞ր։ Մերկապարանոցը ձեր արածն է ամբողջությամբ»,- ասաց նա։
Դրանից հետո վիճաբանություն սկսվեց։
«Գողակա՞ն ես դու, այ տղա, այ խուժան… Դուք կամ գողական եք, կամ խուժան, որոշեք՝ որ մեկն եք»,- հավելեց Բագրատ սրբազանը։
Վեճին միացան նաև դատավարության մյուս կողմերը, ինչից հետո նիստն ընդմիջվեց։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային



















































